«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Սողացող ագրեսիա». Իրավիճակը մոտենում է անշրջելի կետին

02/06/2021

Հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, և Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, այս կարգավիճակում անցկացնում է իր վերջին օրերը: «Կաղ բադիկի» դերը երկար տարիների սխալները շտկելու հնարավորություն է, բայց, ըստ ամենայնի, Փաշինյանը նախընտրում է Թրամփի պայմանական դերը:

Դոնալդ Թրամփը իր նախագահության վերջին ամիսներին հետաձգում էր կարևոր որոշումները, որպեսզի որոշ միջազգային գործընթացներ հասցնի անշրջելի կետի: Այսպես եղավ նաև 2020 թվականի աշնանը Արցախյան պատերազմի դեպքում, երբ Թրամփը իր անգործությամբ կանաչ լույս վառեց Ռուսաստանի և Թուրքիայի առաջ:

Հիմա Փաշինյանը վարվում է նույն կերպ: Առողջ դատողությունը հուշում է մի շարք լեգիտիմ քայլեր, որոնք կարող են փրկել Հայաստանը, և միգուցե նաև Փաշինյանին. եռակողմ համաձայնության սպառված ճանաչելը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերադարձը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելը, միջազգային կոնտինգենտ մտցնելը, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ ընդունելն ու Արցախի ճանաչումը Հայաստանի խորհրդարանում:

Համաշխարհային քաղաքական գործիչները, ովքեր շահագրգիռ են Հայաստանի հարցով, չեն հասկանում, թե ինչու ՀՀ կառավարությունը չի ձեռնարկում այս պարզ քայլերը: Փոխարենը, Փաշինյանը մեղադրում է նախկիններին, կամ արտաքին դերակատարներին, չնայած հիմա գնդակն իր մոտ է, եւ բոլորը գոռում են՝ «դե խփիր, էլի», իսկ նա չի ուզում խփել, բայց և փոխանցում չի կատարում: Արդյոք նա դա միտումնավոր է անում, որպեսզի ձգձգի ժամանակը, մինչև Հայաստանի դեմ ռուս-թուրքական ծրագրերն անշրջելի դառնան:

Նիկոլ Փաշինյանը Փարիզում ասաց. «Այն թուղթը, որով մենք դադարեցրել ենք պատերազմը, իրականում չի լուծել խնդիրը, քանի որ սողացող գործընթացը շարունակվում է»: Ըստ նրա, ժամանակը ցույց տվեց, որ ոչ զիջումները, ոչ էլ ճկունությունը չեն նվազեցնում ագրեսիան հայերի նկատմամբ, և Փաշինյանը համարում է, որ հիմնական մարտահրավերը «Հայաստանի շուրջ ձևավորված ագրեսիայի կառավարումն է»:

Նա նաև ասաց, որ Հայաստանն իր սահմաններն է համարում սովետական քարտեզներում ամրագրված սովետական սահմանները: Փաշինյանը, ով երեկ կրկին խոսել է Պուտինի հետ, Ռուսաստանից սպասում է այս փաստի հաստատմանը, և եթե դրանից հետո Ադրբեջանը խաղաղ ճանապարհով չհեռացնի իր զորքերը, ապա ուժի մեջ պետք է մտնի անդամ պետության դեմ ագրեսիայի մասին ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ կետը, ասել է նա։

Փաշինյանը նաև ասել է, որ Մակրոնի հետ զրույցում նա տեսել է Ֆրանսիայի պատրաստակամությունը ՝ ակտիվացնելու ջանքերը ինչպես որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այնպես էլ տարածաշրջանում կայունությունը վերականգնելու հարցում շահագրգիռ երկիր:

Դատելով այս հայտարարություններից՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Փաշինյանը սպասելու է ՀԱՊԿ-ին, Ֆրանսիային, ում ասես: Արդյոք գործող կառավարությունն ի վիճակի է գոնե քաղաքական գնահատական տալ կատարվածին: Եվրախորհրդարանը, օրինակ, քաղաքական գնահատական տվեց 2020-ի աշնանը Հայաստանի դեմ ագրեսիային։ Եվրոպացի պատգամավորներն իրենց ելույթներում ասացին, որ դա ահաբեկչական պատերազմ էր, եռակողմ հայտարարությունը միայն հրադադարի ակտ է, Թուրքիան և Ադրբեջանը պատերազմական հանցագործներ են, Հայաստանին բռնի ուժով պարտադրել են «խաղաղություն», ռուս խաղաղապահներն անօրինական են, իսկ խնդիրները պետք է լուծվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Ռուսաստանն ու Ադրբեջանը ընդունում են այս ամենը, ուստի թույլ չեն տալիս գործընթացը տեղափոխել ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հարթակ, որոնց անդամ են հանդիսանում և որոնց նկատմամբ ունեն պարտավորություններ: Նրանք նաև հասկանում են, որ Արցախի ճանաչումը վերջ կդնի ինչպես եռակողմ ձևաչափին, այնպես էլ ռուս-թուրքական հանցավոր համաձայնությանը:

Փաշինյանն ասում է, որ կցանկանար հասկանալ, թե կոնկրետ ինչ դավաճանության մեջ են իրեն մեղադրում: Հանցավոր անգործությունը և իրավիճակը անշրջելի դարձնելու նպատակով ողջամիտ քայլեր չձեռնարկելը՝ սա է դավաճանությունը։
https://www.lragir.am/