«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կոչ ենք անում նոյեմբերի 9-ի հայտարարությունները ստորագրած կողմերին՝ իրականացնել ստանձնած հանձնառությունները. ՀՀ ԱԳՆ

22/06/2023

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Հակարի կամրջի մոտ հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից հունիսի 21-ին տրված հայտարարություններին։

Մարիա Զախարովան հայտարարել էր, թե «Լաչինի միջանցքի միջադեպը հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատման հետևանք է»։

«Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության, հարկ եմ համարում նշել հետևյալը.

Հունիսի 15-ի միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Հակարի կամրջի հայկական կողմում։

Ռուսական կողմի մեկնաբանության մեջ կա բացահայտ հակասություն: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման բացակայության պատճառով հնարավոր չէ հստակ ասել, թե որտեղով է անցնում սահմանագիծը, և դա է շարունակական խնդիրների պատճառը, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ հիմքով և սկզբունքով էր հունիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կոնկրետ այդ հատվածում՝ կամրջի այս կողմում տեղադրվում ադրբեջանական դրոշ։ Ի դեպ, արձանագրենք, որ այս նույն թեզը պարբերաբար բառացիորեն կրկնում է ադրբեջանական կողմը` Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելիս և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելիս:

Պարզ չէ, թե ինչու էին Ադրբեջանի այդ գործողությանը մասնակցում ՌԴ խաղաղապահները, երբ գործողության թե՛ նպատակը, թե՛ անգամ վայրն ակնհայտորեն դուրս էին խաղաղապահների գործառույթների շրջանակից և պատասխանատվության գոտուց։ Հիշեցնում ենք, որ այդ հատվածում ռուս խաղաղապահների միակ վերաբերելի գործառույթը Լաչինի 5կմ լայնությամբ միջանցքը վերահսկողության տակ պահելն էր։

Ի դեպ, հունիսի 15-ի միջադեպից հետո ադրբեջանական կողմն ամբողջապես արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղ չեն տեղափոխվում նույնիսկ մարդասիրական նպատակով անհրաժեշտ պարագաներ, ներառյալ՝ սնունդ և դեղորայք, այդ թվում՝ անգամ ԿԽՄԿ կողմից, ԼՂ-ից ՀՀ բժշկական հաստատություններ չեն տեղափոխվում համապատասխան բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդները, շարունակում է խափանված մնալ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Եզրափակելով` ցանկանում ենք կոչ անել 2020թ. նոյեմբերի 9-ի և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարությունները ստորագրած կողմերին արդարացումներ փնտրելու փոխարեն անշեղորեն իրականացնել ստանձնած հանձնառությունները»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։