«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ․ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

13/03/2021

Ցավով պետք է արձանագրել, որ հայ քաղաքական ուժերը, կլինեն դրանք թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական ապագայի առումով չեն մատնանշում այն անհրաժեշտ ճանապարհը, որն իրոք կբերի մեր վթարված պետականության ամրապնդմանը: Այդ քաղաքական դիրքորոշումները փորձենք մատուցել սեղմ և հայեցակարգերի տեսքով.
1. ՀՀ քաղաքական ապագան իշխանությունների ընկալումներում: Իշխանությունները համաձայն քաղաքագիտական տեսությունների, նրանք են, որոնք ինչ որ ժամանակ, կախված պետության կառավարման ձևից կամ հիմնական օրենքներից, տիրում են իշխանական լծականերին: «Իմ քայլը» խորհրդարանական մեծամասնություն է, որն հիմնականում իր քաղաքական դիրքորոշումներն արտահայտում է մի քանի անձանց միջոցով, բայց դեռևս հստակորեն չի լուսաբանում, կամ ամենայն հավանականությամբ չունի բյուրեղացված մի հայեցակարգ, որով առաջնորդվում է: Հիմնականում իշխում են Նիկոլ Փաշինայնի քաղաքական դիրքորոշումները, որոնք նախկինում էլ էին որոշ չափով հակասական, քանի որ Արցախի հարցում նրա հայտարարություններն երբեմն իրար չէին համընկնում և դրանցով չէր հստակեցվում քաղաքական դիրքորոշումը: Իսկ պատերազմից հետո ավելի շատ գնում է պայքար՝ ապացուցելու, թե ո՞վ է մեղավոր դրանում մեր ձախողումների մեջ, որն ինքնին նպաստում է արտաքին քաղաքականության մեջ որդեգրած ուղղությունների մասին թերի պատկերացման ձևավորմանը: Եթե խնդիրը տանում է նրան, որ պետք է իրականացնել այն ցանկությունները, որոնք բերելու են նոր հարաբերություններ մեր հարևանների հետ, և որոնց տնտեսական և քաղաքական օգուտի կամ վնասի մասին վերլուծությունների, /և հաճախ ոչ մասնագիտական, այլ զգացմունքների վրա հենված/, առատությունից պայթում են մեր սոցիալական ցանցերը, լրատվական միջոցները, ապա՝ Փաշինյանի համար այսօր դժվար է արտահայտվել այս ծրագրերի մասին, որն երբեմն անում է էկոնոմիկայի նախարարը, և դժվար է այն պատճառով, որ պատերազմում թուրք - ադրբեջանական դաշինքի առկայությունը չի կարող չծնել ներքին լսարանի համար հակաթուրքական կեցվածք և դատապարտում, որովհետև հոգեբանական պահի հասունացումը հայոց մեջ, որ պետք է մեր անմիջական հարևանների հետ հարաբերությունները դարձնել բարիդրացիական, դրա անհրաժաժեշտության հիմնավորումները մատուցողներին կարող է դարձնել թուրքական գործակալ, դավաճան և այլն: Այսինք՝ զգացմունքայնությունը շարունակում է իշխել մեր պետական քաղաքական մտքի վրա, կամ առնվազն հակաթուրքական կեցվածքը, որն օրինաչափ է այս օրերի համար, բայց ոչ հեռանկարային: Այն նպաստում է ժողովրդայնության աճին կամ համարժեք է հայրենասեր լինելուն, մի բան, որը շատ կարևոր է իշխող վարչակարգի համար, որին նոյեմբերյան զինադադարից հետո որակում են դավաճան: Բայց դժվարանում ենք պնդել՝ այս պատճառով, թե հետպատերազմյան հայ քաղաքական մտքի նախկին սխալների նկատմամբ անընկալությամբ պետք է պայմանավորել ՀՀ արտգործնախարարի հակաթուրքական արտահայտությունները, միջազգային հանրության մոտ նրա նկատմամբ քննադատական խոսքերը, որոնցից տվյալ իրավիճակում շահելու ոչինչ չունենք: Պարզապես այս պահին ամենաարդյունավետ քայլը դեմ դիմաց նստելն ու խոսելն է քո նախկինում պարտված և այսօր էլ լիարժեքորեն չհաղթած թշնամու հետ, որը միայն հարգանքի զգացմունք կարող է ծնել մեր նկատմամբ: Թե չէ՝ նման կեցվածք որդեգրելը և ասենք սփյուռքի մոտ հայրենասեր երևալը, քաղաքական առումով չի կարող արգասաբեր լինել: Սա վերաբերում է պետական բոլոր այն գործիչներին, որոնք որդեգրել են այս մարտավարությունը, թեկուզ և ծիսականորեն:
2. ՀՀ նախագահի քաղաքական ընկալումներում: ՀՀ նախագահը, որի գործունեությանը քանիցս անդրադարձել ենք, բավական հետաքրքիր, բայց ոչ արդյունավետ դիրքորոշում ունի ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակի առումով: Նա միշտ տանում է մի քաղաքականություն, որն, ըստ մեզ, միտված է ցանկացած քաղաքական ուժին այժմ իշխանավոր կամ ընդդիմադիր, իսկ վաղը հակառակը, ցույց տալ, որ ինքը նրանց աջակիցն է: Նոյեմբերի 10 – ից հետո, երբ ծնվեց Փաշինյանի հրաժարականի պահանջը, նա միացավ դրա կողմնակից ուժերին, հետո մանևրեց, ապա՝ հրաժարվեց դրանից: Նա ԳՇ պետի հայտարարության և դրա նկատմամբ վարչապետի դիրքորոշումների հետ կապված այնպիսի մարտավարություն որդեգրեց, որն ավելի շատ նպաստեց վարչապետի հաղթական լինելուն: Նա, և սա պնդում ենք առանց սահմանադրագետ լինելու, ինչը վերջին օրերին փորձեցին դառնալ շատերը, տարավ այնպիսի գիծ, որ անմիջապես չստորագրելով, որի իրավունքը չուներ, իրականում հաստատեց վարչապետի որոշումն իրավական ուժով, որը գործելու է նաև նոր ԳՇ պետի պարագայում: Արդյո՞ք ճիշտ մարտավարություն է սա: Կարծում ենք, որ ոչ: Սեփական ժողովրդի առաջ պետք չէ դիվանագիտություն խաղալ: Այն անհրաժեշտ է արտաքին թշնամու նկատմամբ: Բայց դատելով Ա. Սարգսյանի հայտարարություններից, նա նույնպես արտաքին քաղաքականության մեջ «հայրենասեր» է, սիրում է խոսել մեր կորցրած տարածքների հետ վերադարձից, որը նույնքան ամպագոռգոռ է, որքան ներքին լսարանում նրա համերաշխության կոչերը: Վերջիններս շատ կարևոր են, բայց ոչ իրականանալի, որովհետև, նա կորցրել է վստահությունը:
3. Ընդդիմադիրների քաղաքական ընկալումներում: Այսօր ՀՀ – ում հիմնական ընդդիմադիրներ են համարվում ՀՅԴ, ԲՀԿ, « Հայրենիք» և այլ կուսակցությունները, որոնք ընհանուր առմամբ, ինչպես ընդունված է ասել, 17 –ն են: Մենք չգիտենք, և ոչ էլ խորը ցանկությամբ ենք համակված իմանալու մյուսների անունները: Պարզապես նրանց արտաքին և ներքին քաղաքական հայեցակետերը ոչնչով չեն տարբերվում իշխող ուժի հայացքներից: Մի բան է ակնհայտ, որ նրանք դնում են վարչապետի հրաժարականի հարց, բայց չեն հասնում հաջողության: Իսկ չհասնելու պատճառը հետևյալն է՝ հրաժարականի հարցը միաժամանակ չի բերում այն քաղաքական կեցվածքի այլընտրանքը, որն ունեն իշխանությունները: Նրանք հայդատական են, թեպետ իրենց արտահայտություններում այս առոմով ավելի անզուսպ, քան իշխանական ուժերը: Նրանց հիմնական կռվանը հետևյալն է՝ պարտված վարչապետը պետք է հեռանա: Բայց աբսուրդային է. օրինակ հետևյալը, պարտված զորահրամանատարը պետք է մնա:: Ի՛նչ է սա նշանակում. հետևյալը՝ մեկ անձ է եղել պարտության պատճառը: Անշուշտ, երկրի թիվ մեկ ղեկավարը գլխավոր պատասխան տվողն է, բայց մյուսներն ի՞նչ են արել: Եթե զորահրամանատարները գտնում էին, որ պատերազմի հենց առաջին օրերին վարչապետը դավաճանում էր, ինչու՞ չէին կազմակերպում ընդդիմադիրների ուզած հեղաշրջումը հենց նոյեմբերի 11 – ին: Հակառակը, նրանք վարչապետին ի նպաստ էին արտահայտվում: Իսկ արտաքին քաղաքականության մեջ նրանց հակաթուրքական դրսևորումների գնալու անհրաժեշտությունը անմիջապես Ռուսատանին և իր դեռևս ռազմաքաղաքական դաշնակից Թուրքիային ստիպում է ամեն ինչ անել ՀՀ ում իշխանափոխության կանխելու համար: Սա է ճշմարտությունը: Այլ ուժերի քաղաքական ընկալումներում /խորհրդարանական և արտախորհրդարանական/ նույնպես չկան այն արտաքին քաղաքական հիմնական հայեցակետերը, որոնք բխում են մեր պետականության պահպանման և աստիճանական ամրապնդման շահերից: Հակաթուրքականությունը բոլոր հայեցակետերի հիմքում է, աշխարհի հզորներին քաղաքական վերաբերմունք սովորեցնելը՝ նույնպես: Այլ հարց է, որ այն ուժերի որոշ ներկայացուցիչների /այսինք՝ ոչ ամբողջ քաղաքական ուժի/ մոտ կրում են անկեղծ բնույթ,իսկ որոշ ուժերի լղոզված: ՀՀ քաղաքական ապագայի մասին հայեցակետերում թերևս իր անմիջականությունը և անկեղծությունը նույնությամբ պահում է ՀԱԿ-ը՝ հիմնված առաջին նախագահի քաղաքական դիրքորոշումների վրա, բայց ցավոք, քաղաքական այն լաբիրինթոսը, որն առկա է Հայաստանում, որն, ինչպես մի առիթով գրել ենք, ապրում է իր «իմաստության դարաշրջանը», խեղդում է ամեն մի իրատեսական խոսք: Խելոք երևալու համատարած ցանկության մեջ միջազգայնորեն խայտառակվում և ոչ շատ հեռավոր անցյալում մեզանից պարտված և վերջին պատերազմում մենակ եղած լինելու դեպքում հաստատ պարտվող Իլհամ Ալիևին մղում է մեր մասին արտահայտվել քմծիծաղով և հոխորտանքով: Ժողովրդական մի խոսք կա՝ «Ցավոք արևը գեշ տեղ է մայր մտել»: Եզրկացություն: Հայ արտաքին քաղաքական մտքի հիմքը հակաթուրքականություն է կամ ոչ մի թիզ հողը, իսկ ներքաղաքական մտքինը՝ իշխանության հասնելը և այն պահելը: Երբ այս ամենը վերջ գտնի, կսկսվի մեր պատմության իրոք իմաստության դարաշրջանը:
Աշոտ Ներսիսյան Պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, «Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոն» ՀԿ նախագահ։