«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-Չինաստան լարվածությունը Օլիմպիական խաղերին ընդառաջ

30/01/2022

     Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակում է աճել։ 

     Դեռ անցյալ ամիս Սպիտակ տունը հայտարարեց օլիմպիական խաղերին դիվանագիտական ​​բոյկոտի մասին՝ ի նշան բողոքի Չինաստանի արևմտյան Սինցզյան շրջանում մարդու իրավունքների խախտումների դեմ:

      2021 թվականի սկզբին հույսեր կային, որ կնկատվի լարվածության թուլացում կապված Ջո Բայդենի նախագահ դառնալու հետ։ Թրամփի Չինաստանի դեմ առևտրային պատերազմի ընթացքում հարաբերությունները անկում էին ապրել։ Թվում էր թե ԱՄՆ քաղաքականությունը կմեղմվի Բայդենի գալով, սակայն նա պահպանեց նախորդի քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ։

     Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ մրցակցությունը կշարունակի գերիշխել Չինաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մեջ: Վաշինգտոնը շարունակեց  քննադատել Չինաստանի պահվածքը Հոնկոնգի, Սինցզյանի, Թայվանի, Հարավչինական ծովի խնդիրների և մարդու իրավունքների շուրջ:

     Այսպիսով Չինաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը ոչ միայն չմեղմացավ, այլև ԱՄՆ-ն այժմ ձգտում է ստեղծել միջազգային հակաչինական ճակատ: Սրա վկայությունն է Օլիմպիական խաղերում Միացյալ Թագավորության, Ավստրալիայի և Կանադայի ԱՄՆ դիվանագիտական բոյկոտին միանալը։

     ԱՄՆ-Չինաստան լարվածություն դիտվում է բոլոր ոլորտներում։

     Նախորդ շաբաթ ԱՄՆ-ը սահմանափակումներ է սահմանել Air China Ltd.-ի, China Eastern Airlines Corp.-ի, China Southern Airlines Co.-ի և Xiamen Airlines Co.-ի նկատմամբ, ինչի հետևանքով այդ ավիաընկերությունների կողմից դադարեցվել է 44 չվերթ: Իր հերթին, Չինաստանը վերջին ամիսներին դադարեցրել է ԱՄՆ-ի խոշոր ավիաընկերությունների թռիչքները՝ վկայակոչելով Covid-19-ի զսպման ջանքերը:

    Իսկ հարաբերություններում ամենասուր կողմը դարձել է Թայվանի խնդիրը։

    Չինաստանը և Միացյալ Նահանգները կարող են հայտնվել ռազմական հակամարտության մեջ, եթե Միացյալ Նահանգները խրախուսի Թայվանի անկախությունը։ Այս շաբաթ հայտարարել է Վաշինգտոնում Պեկինի դեսպան Ցին Գանգը։

     Իր պաշտոնավարման սկզբում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չէր խրախուսում Թայվանի անկախությունը, սակայն հոկտեմբերին մեծ աղմուկ բարձրացավ, երբ ասաց, որ Չինաստանի հարձակվելու դեպքում կպաշտպանի կղզին:

    Թեև ԱՄՆ-ը պաշտոնական կապեր չունի Թայվանի հետ, այն հանդիսանում է նրա գլխավոր աջակիցն ու զենք մատակարարողը: Մեկ այլ կարևոր հանգամանք է ԱՄՆ տնտեսական կախվածության փաստը Թայվանի կիսահաղորդիչների արտադրությունից։ Համեմատության կարգով ԱՄՆ-ի համար դրանց կարևորությունը գրեթե համազոր է Մերձավոր արևելքում նավթի գործոնին։

     Մի շարք հետազոտողների կարծիքով Թայվանից ամերիկյան կախվածությունը կիսահաղորդիչների պատճառով կարող է խթանել Չինաստանի հետ ճգնաժամային հակամարտության խորացմանը համաշխարհային շուկայում չիպերի պակասի պայմաններում։ Չինաստանը նույնքան հավանական է, որ կօգտագործի ոչ ավանդական տնտեսական և տեղեկատվական պատերազմի միջոցներ Թայվանի վրա վերահսկողություն իրականացնելու համար։

    Նշենք, որ Պեկինի և Թայբեյի միջև լարվածությունը սրվել է վերջին ամիսներին, երբ Չինաստանի զինված ուժերը բազմիցս օդային առաքելություններ են իրականացրել Թայվանի նեղուցի վրայով։

    Այսպիսով Թայվանը, ունենալով աշխարհաքաղաքական մեծ նշանակություն, Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև տեխնոլոգիական, քաղաքական և ռազմական մրցակցության  գոտի է, և հարաբերությունների սրման դեպքում ռազմական բախման մեծ վտանգ կարող է լինել։ Հարաբերությունների սրման ֆոնին երկու կողմերի մոտ էլ վախ կա, քանի որ նրանց համար կարևոր է երկկողմ հարաբերությունների պահպանումը, իսկ նման առճակատման հետևանքով հարաբերությունները կարող են մշտական խզման վտանգի տակ հայտնվել։

Հեղինակ՝  Աննա Ղազարյան