«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Կենացդ, ի՛մ Թաղլար․ Աննա Հակոբյան

28/08/2020

Արցախի գողտրիկ վայրերից ամենագեղեցիկը իմ Մեծ Թաղերն է։ Ամեն օր արթնանալով՝ գյուղը շնչում է և ապրում մարդու նման. երկուշաբթի աշխատանքի է շտապում, երեքշաբթի ջղայնանում է, որ դեռ մի քանի օր կա աշխատանքի գնալու, այդպես մինչև շաբաթ, այդ օրը քնում է երկա՜ր, իսկ կիրակի մատուռ է շտապում, կամ էլ պառավի նման տնքտնքալով՝ փորձում է դիքը բարձրանալ, որ հասնի Սուրբ Լուսավորիչն ու այնտեղից լուսավորի իր հոգին և բոլոր բոլորին։

Իմ հինավուրց գյուղերի չխամրող գույնն է Մեծ Թաղերը (Թաղլար): Դրախտային մի փոքրիկ վայր, որտեղ առանց արտաքին աշխարհի հետ շփվելու' մարդը կարող է ապրել' շնորհիվ անտառի հարուստ բարիքների, շնորհիվ թարմ ու մաքուր օդի:Անվանումն առաջացել է "թաղեր" բառից: Տեղանքի խորդուբորդ, բլրածածկ լինելու պատճառով' տները կառուցվել են մեկը մյուսից կտրված' առանձին թաղերով, որոնք հետագայում միավորվել են և մեկ ընդհանուր անունով կոչվել են Մեծ Թաղլար: Գտնվում է Հադրութ ավանից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Իշխանագետի ձախափնյա լեռնային գոգավորություններից մեկում: Դիրքը լեռնային է.. այն շրջապատված է գեղատեսիլ անտառներով: Բարձրությունը ծովի մակերևույթից 1200 մ է: Օդը մաքուր է, ջրերը' զուլալ: Գեղեցիկ են Քիրս և Դիզափայտ լեռները:Այժմյան գյուղի պատմությունն սկսվում է 10-րդ դարից: Բազմիցս ենթարկվել է թաթար-մոնղոլների, թուրք-սելջուկների, իսկ ավելի վաղ' պարսիկների, արաբների հարձակումներին, բայց միշտ դիմադրրել է ամրակուռ է մնացել: Նրա հյուսիս-արևելյան մասում գտնվող բլրի լանջին է Մրխաթուն (Մայր Խաթուն) մատուռը, որից ոչ հեռու համանուն պատմական աղբյուրն է: Ի դեպ, այս մատուռն այժմ էլ կանգուն է, սակայն անխնամ է:Գյուղի շրջակայքում հայտնի են Իշխանեցեք, Հանգած եխծեն, Մըրընջուղ հնությունները, Օխչ բնակատեղին: Խիստ ուշադրության կարիք ունի գյուղի Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, որը կառուցվել է 1846թ.:Այս գյուղի ծնունդ են ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը (Խուդյակով), հեղափոխական գործիչ Կոլյա Դանիելյանը:Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 620 մարդ, որոնցից 297-ը զոհվել է: Նրանց հիշատակին կառուցվել է հուշարձան: Գյուղը հայաբնակ է:

Յուրահատուկ է իմ Թաղլարը, բարիքների օջախն է, կենացների՝ սիրահարը. օղին, մածունն ու կաթը անպակաս են, իսկ թթու դրածներն էլ՝ side dish. կենացդ Թաղլա՛ր։

Ցավոք, Մեծ Թաղերում եղել եմ ընդամենը 5 անգամ: Դատում եմ ինձ, որ ինքս հնարավորություն չեմ ստեղծել լինել այնտեղ շատ անգամներ: ՈՒրախ եմ միայն, որ ոտք եմ դրել աստվածային այդ պարտեզում և հույս ունեմ, որ կյանքս կուղղորդի այնտեղ ևս շատ անգամներ:

Հ․Գ․ Հադրութի մասին չեմ կարողանում գրել, գրիչս կեսից կանգնում է: