«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ-Վրաստան փոխհարաբերությունները  ԽՍՀՄ փլուզումից հետո

08/04/2022

Մինչ անդրադառնալը ՌԴ-Վրաստան հարաբերությունների էությանն ու բովանդակությանը՝ նախ հակիրճ ներկայացնենք ԽՍՀՄ-ից Վրաստանի անկախացման գործընթացը: Սկսած 1989 թ.՝ Վրաստանում սկսվում է ԽՍՀՄ կազմից դուրս գալու շարժում, որն ուժգնանում է վրաց-աբխազական և վրաց-օսեթական հակամարտությունների խորացմանը զուգահեռ: 1989 թ. ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի է ունենում բախում զորքի հետ, ինչի արդյունքում զոհվում է 16 մարդ: Ապրիլի 9-ի իրադարձությունից սկսվեց վրաց ժողովրդի՝ ազգային անկախություն ձեռք բերելու գաղափարի շուրջ միավորումը, որը պետք է հանգեցներ վրացական անկախ պետականության վերականգնմանը: Նույն թվականի նոյեմբերի 17-18-ին Վրացական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը պաշտոնապես քննադատել էր Խորհրդային Ռուսաստանին՝ 1920 թ. մայիսի 7-ի վրաց-ռուսական համաձայնագիրը խախտելու համար, ինչի արդյունքում 1921 թ. փետրվարին Վրաստանը խորհրդայնաացվել էր:
1990 թ. նոյեմբերի 28-ին ընտրությունների արդյունքում ձևավորվեց Վրաստանի Գերագույն Խորհուրդը՝ արմատական ազգայնական Զվիադ Գամսախուրդիայի գլխավորությամբ, որն ավելի ուշ՝ 1991 թ. մայիսի 26-ին, ընտրվել էր Վրաստանի նախագահ: 1990 թ. նոյեմբերի 15-ին Գերագույն Խորհուրդը ընդունեց ակտ՝ Վրացական ԽՍՀ Վրաստանի Հանրապետություն անվանակոչելու մասին: 1991 թ. մարտի 31-ին  Վրացական ԽՍՀ-ում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս Վրաստանի անկախության մասին և ընտրողների ճնշող մեծամասնությունը՝ 98,93 % -ը կողմ քվեարկեց Վրաստանի անկախությանը: Ապրիլի 9-ին ընդունվեց Վրաստանի անկախության հռչակագիրը: Վրաստանը դարձավ խորհրդային հանրապետություններից երկրորդը, որը հայտարարեց իր անկախության մասին և այն երկու երկրներից մեկը, որն անկախացավ մինչ օգոստոսյան խռովությունը:
Շուտով, սակայն, Վրաստանի կազմի մեջ մտնող Աբխազիան և Հարավային Օսեթիան հայտարարեցին, որ չեն ճանաչում Վրաստանի անկախությունը և ցանկություն հայտնեցին մնալ Միության կազմում, ավելի ուշ նրանք ձևավորեցին չճանաչված հանրապետություններ:
Խոսելով հետխորհրդային շրջանի ռուս-վրացական հարաբերությունների մասին՝ նշենք, որ դրանք բարդ են և հակասական: Այդ հարաբերություններում կարելի է առանձնացնել միմյանցից բխող մի քանի փուլ: Նրանց իմաստավորումը կօգնի ավելի լավ հասկանալ երկկողմանի հարաբերությունների և տեղի ունեցող իրադարձությունների բնույթը: Այդ գործընթացների էությունը նրանում է, որ Ռուսաստանը փորձում է պահպանել ազդեցությունը Վրաստանի վրա, իսկ Թբիլիսին փորձում է գտնել Մոսկվայի հետ քաղաքակիրթ հարաբերությունների մոդելը կամ, ինչպես հայտնում են վրացական իշխանությունների ներկայացուցիչները, ձևավորել այնպիսի կապեր, որոնց դեպքում մի կողմից նախատեսված կլինեն տարածաշրջանում ՌԴ «օրինական շահերը», մյուս կողմից պաշտպանված կլինեն Վրաստանի ազգային և պետական շահերը:
Գորբաչովյան վերակառուցման ժամանակ, երբ ապահովված էր խորհրդային ռեժիմի ազատականացումը, Վրաստանում սկսեցին ակտիվորեն հիշել Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը (1918-1921 թթ․): Ոչ պաշտոնական հրատարակությունները լի էին այդ ժամանակաշրջանի մասին հրապարակումներով: Դրա պատճառով հասարակության մեջ ուժեղանում էր անկախությունը վերականգնելու ձգտումը: Այս կոնցեպցիան գործնական քաղաքական ձև ընդունեց նրանից հետո, երբ 1990 թ. հոկտեմբերի 28-ի պառլամենտական ընտրությունների ժամանակ հաղթանակ տարավ Զվիադ Գամսախուրդիայի “Կլոր սեղան` ազատ Վրաստան” դաշինքը: 
Անկախության վերականգնմանը Վրաստանում հաջորդեց Ռուսաստանի հետ առճակատումը (1991–1993 թթ.), որը ռուս-վրացական հարաբերությունների առանձին փուլ կարող է դիտվել: Վրաստանը բոյկոտում էր 1991 թ. մարտի 17-ի համամիութենական հանրաքվեն և մարտի 31-ի համար ինքնիշխանության վերականգնման կապակցությամբ հանրաքվե է նշանակում: Հանրապետության քաղաքացիները պետք է պատասխանեին հետևյալ հարցին. <<Ցանկանու˚մ եք դուք արդյոք  1918 թ. մայիսի 26-ի անկախության Ակտի հիման վրա ներկայացված անկախության վերականգնումը>>: 1991 թ. ապրիլի 9 – ի հանրաքվեի արդյունքների հիման վրա հայտարարվեց Վրաստանի ինքնիշխանության վերականգնման մասին:
Իրավական առումով Վրաստանն իրեն անկախ էր համարում, բայց փաստացի մնում էր Խորհրդային Միության կազմի մեջ: ԽՍՀՄ, իսկ այնուհետև Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը ակտիվ պահպանում էին աբխազական և օսական սեպարատիզմը: Տապալվեց Զվիադ Գամսախուրդիայի իշխանությունը, ինչը համընկավ Խորհրդային Միության փլուզման հետ: Վրաստանում սկսվեց քաղաքացիական պատերազմ, դրան ավելացավ պատերազմը Աբխազիայում: Զ. Գամսախուրդիայի տապալումից հետո իշխանության եկած Է. Շևարնաձեն համակերպվեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողական ռեժիմների գոյության հետ, համաձայնվեց Ռուսաստանի կողմից այդ տարածքի փաստացի բռնակցման հետ և, անտեսելով ընդդիմության դիմադրությունը, Վրաստանը մտցրեց ԱՊՀ կազմի մեջ: Ըստ Է. Շևարնաձեի, 1993 թ. դեկտեմբերին Մոսկվա նրա այցի ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարար Պ. Գրաչովը բացեց նրա առջև քարտեզը, համաձայն որի Արևմտյան Վրաստանում հաստատվում էր Զ. Գամսախուրդիայի իշխանությունը, իսկ Արևելյան Վրաստանում` Է. Շևարնաձեի: Վրաստանի այն ժամանակվա առաջնորդի խոսքերով` նրան հաջողվեց խուսափել այդ պլանի իրագործումից Ուկրաինայի նախագահ Լ. Կրավչուկի օգնությամբ:
Ռուսաստանի միջոցով երկրի տարածքային ամբողջականության վերականգնման փորձը (1994–1998թթ.) Վրաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն էր: Վրաստանի՝ ԱՊՀ մտնելուց և Ռուսաստանի հետ այսպես կոչված <<շրջանակային պայմանագրի>> ստորագրելուց հետո սկսվեց երկկողմանի հարաբերությունների նոր շրջան: Պատմական զուգահեռներ անցկացնելու դեպքում ակնհայտ է, որ Վրաստանը ձևակերպում էր Ռուսաստանի հետ Գեորգիևյան տրակտատի նոր տարբերակը, համաձայնվելով իր տարածքում ռուսական ռազմական բազաների ներկայությանը և որպես հատուցում պահանջելով, որ Մոսկվան օգնի ձևավորել ռազմական ուժերը և վերականգնել հանրապետության տարածքային ամբողջականությունը: 
Վրաստանում կային ինչպես Ռուսաստանի օգնությամբ խնդիրները լուծելու կողմնակիցներ, այնպես էլ նրանք, ով դեմ էր դրան: Առաջիններին հակառակվող գլխավոր փաստարկ դարձավ իրադարձությունների հետագա զարգացումը: Վրաստանի ռուսական կողմնորոշմանը խանգարում էր ինքը` Ռուսաստանը, իր դիրքորոշմամբ, որով անտեսվում էին հանրապետության ազգային և պետական շահերը: «Կրեմլի բարեհաճության» որոնումը ապարդյուն էր: Ռուսաստանը չօգնեց ռազմական շինարարության գործում, Ռուսաստանի միջնորդությամբ անջատողականների հետ բանակցությունները նույնպես չհանգեցրեցին ցանկալի արդյունքի: Ռուսական Դուման չվավերացրեց Թբիլիսիում ստորագրված «շրջանակային պայմանագիրը»: 
Ռուսաստանի օգնությամբ կոնֆլիկտների կարգավորման ուղիների որոնման տապալում հանդիսացան 1998 թ. մայիսին Գալսկի շրջանում տեղի ունեցող իրադարձությունները: Է. Շևարնաձեի կառավարությունը շարունակում էր նաև Գալսկի իրադարձություններից հետո կոնֆլիկտը կարգավորելու ուղիներ որոնել Մոսկվայում, սակայն այդ որոնումների հաջող ավարտը արդեն քիչ էր հավանական: 1999 թ․ սկսած՝ նկատելի է դառնում ռուս-վրացական հարաբերությունների վատացում: Ռուսաստանի և Արևմուտքի միջև խուսավարման քաղաքականությունը 1998–2003 թթ. կանխորոշելու էր ավելի ուշ Վրաստանի արտաքին քաղաքականության օրիենտացիայի փոփոխությունը: Թբիլիսին ձգտում էր ավելի ակտիվ ներգրավել Արևմուտքը կոնֆլիկտների կարգավորման և Մոսկվայի հետ հարաբերությունների կանոնավարման հարցում, մասնակցում էր ՎՈւԱՄ-ի գործունեությանը, իսկ 2002 թ. նոյեմբերին Է. Շևարնաձեն հայտարարեց ՆԱՏՕ մտնելու մտադրության մասին: Բայց փաստացի դեպի Արևմուտք բոլոր քայլերը «հավասարակշռվում էին» Կրեմլին որևվիցե զիջումով: Միաժամանակ Է. Շևարնաձեի խուսավարման քաղաքականությունը բացատրվում էր կայունության պահպանման և տարածաշրջանում մեծ պետությունների շահերի միջև հավասարակշռության որոնման անհրաժեշտությամբ: Այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Ա. Չիքվաիձեի կարծիքով`«քաղաքականությունից Շևարնաձեի խայտառակ արտաքսումը»  պայմանավորված էր նրանով, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը վերջին մի քանի տարիներին «ծանրակշիռ չէր, անսկզբունք էր և բոլորովին աննպատակասլաց»: Հայտնի է, որ ռուս-վրացական հետագա հարաբերությունների լարումը հանգեցրեց 2008 թ․ օգոստոսյան պատերազմին, որի արդյունքում Ռուսաստանը Վրաստանին <<պատժեց>> արևմտամետ կողմնորոշման համար՝ նրանից անջատելով և անկախ ճանաչելով Աբխազիան և Հարավային Օսեթիան։

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյան       

Generalnews.am