«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պրոֆեսոր Խաչատուր Բադալյանը լյարդի բարդ վիրահատություն է կատարել

11/12/2021

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում օրերս լյարդի բարդ վիրահատություն է կատարվել Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական հիվանդություններ և ժամանակակից վիրաբուժական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» ԲԿ վիրաբույժ, օնկոլոգ, բ․գ․դ․, պրոֆեսոր Խաչատուր Բադալյանի գլխավորությամբ։

Իրավաբան․net-ի հետ զրույցում պրոֆեսոր Խաչատուր Բադալյանը նշեց, որ խոսքը լյարդի հատվածում ուռուցքային օջախի մասին է, որը ծավալային առումով մեծ էր և ընդգրկում էր լյարդային երակներն ու երակի ճյուղերը։ Պացիենտը մի քանի տեղ դիմել էր, մերժել էին, ասել՝ հնարավոր չէ հեռացնել։

«Կար նաև անատոմիական առանձնահատկությունը, այսինքն ոչ թե պաթոլոգիա էր, այլ անոթային անատոմիայի առանձնահատկություն, երբ ծանր վիճակում, մեծ ուռուցքի պարագայում տեխնիկապես վիրահատությունը կատարելու համար ավելի բարդ է դարձնում։ Տեղային տարածված ուռուցք էր, ներաճած դիաֆրագմայի մեջ։ Շատ դժվար էր, այդ մեծ չափով՝ մոտավորապես 20-25 սմ չափով գոյացությունը տեղակայված էր դիաֆրագմայի տակ, տեղակայված էր կողերի աջ թուլակողի ուղղությամբ ու ներհված էր դեպի կրծքավանդակի խոռոչ։ Այսինքն դիաֆրագման ներհրում էր դեպի կրծքավանդակի խոռոչ ու տեխնիկապես նման ուռուցքները հեռացնելը մեծ մասամբ շատ պրոբլեմային է լինում, որովհետև կա որոշակի տեխնիկական ապահովվածություն, որ ներվիրահատական արնահոսությունը կանգնեցվի, կամ գոնե հնարավոր դեպքում քչացվի՝ վիրահատությունը ռեալ դարձնելու համար։


Խնդիրներ կան ապահովվածության տեսակետից, որը, ցավոք սրտի, Հայաստանում, գործնականում, որևէ կլինիկայում չկա։ Ի նկատի ունենալով կյանքի փորձն ու տեխնիկակակն մեթոդոլոգիայի մոտեցումները՝ այսինքն թե ինչ ձևով է պետք մոտենալ այդ հարցին․ գիտես, որ պետք է հեռացնես, բայց թե ինչպես մոտենալ դրան, որ ներվիրահատական արնահոսությունը մեծ չափաքանակով չլինի, որ մարդուն ամենաբարդ վիճակում դա մահվան չհանգեցնի, եթե մեծ քանակի արյուն կորցնի։ Այսինքն տեխնիկապես պետք է այնպես պլանավորել այդ գործունեությունը, որ ներվիրահատական արնահոսության քանակը մաքսիմում քչացվի»,-մանրամասնում է բժիշկը։

Խաչատուր Բադալյանը նշում է, որ վիրահատության առանձնահատկություններից մեկն էլ հենց վիրահատության ընթացքի պլանավորում էր, թե որ քայլից հետո ինչ է պետք անել, ինչ բարդություններ կարող են լինել, ինչպես անել, որ այդ բարդությունները չառաջանան և այլն։

Բժշկի խոսքով՝ կարևոր է այն փաստը, որ ամեն գործունեություն պետք է լիցենզավորվի և մասնավորեցվի, այսինքն ոչ թե պետք է լինի ընդհանուր օնկոլոգիայի լիցենզավորում, այլ առանձին՝ լյարդի օնկոլոգիայի լիցենզավորում։

«Եթե մարդը դիմում է որևէ կլինիկա ու իրեն ասում են՝ չէ, հնարավոր չէ անել, գնում է տուն ու ասում՝ հնարավոր չէ անել, վերջ։ Բայց եթե լյարդի բուժման լիցենզիա ունեցող կլինիկա է մարդը դիմում, պետք է մասնագիտական առումով ակնկալի լիարժեք մոտեցում։ Ու այդ իրավիճակում, եթե հնարավոր է որևէ բան անել՝ պետք է առավելագույնն անել։ Եթե մարդն ի վիճակի չէ արտասահման գնալու, որտեղ ունեն այդ սարքավորումների կամ մասնագետների ապահովվածությունը, կարող են վիրահատությունն իրականացնել, մեծ մասամբ կլինիկաները մերժում են, վախենում մարդուն կորցնել ու վերջ»,-նշում է պրոֆեսորը։

Այս վիրահատությունը տևել է 9 ժամ, հեռացվել է լյարդի 60 տոկոսը, քանի որ պացիենտի մոտ ուռուցքը կրկնակի ավելացրել էր լյարդի չափը։

«Այդ 9 ժամվա ընթացքում շատ լարված վիճակ էր ու ֆիզիկապես էլ շատ դժվար էր այդ վիրահատությունը կատարել։ Փոխարինող ոչ ոք չի եղել։ Մասնագետները պետք է փոխարինող ունենան, արտասահմանում, երբ մի խումբը մի քանի ժամ աշխատում է, նրանց մեկ այլ բրիգադ է փոխարինում։ Լավ, ես թողնեմ, դուրս գամ, հիվանդին ոչինչ չանե՞ն։ Բայց ես էլ մարդ եմ, կարող է հիավանդանում եմ, կարող է ինձ վատ եմ զգում․․․ այդ դեպքում չես կարող մարդուն անհրաժեշտ առավելագույն բուժօգնությունը ցույց տալ։

Բժշկական կրթության թերության մասին հիմա չի խոսվում, մեծ մասամբ բժիշկները վախենում են սովորեցնել, իրենց մրցակիցներ չդարձնեն իրենց համար։ Սա ցավալի է։ Դրա համար ես ուզում եմ ու իմ երազանքն է դա անել, այս մասնագետների սովորեցնել, որ ես էլ հպարտանամ իրենցով, մարդկանց կյանքեր փրկեն։ Պետք է ոչ թե մտածել մրցակից մասնագետներ ունենալու՝ այլ ժողովրդի ապագայի մասին, թե ինչ կարելի է անել, որ այդ գործը շարունակվի։ Իմ օդինատուրները վերջին մի տարում երևի ավելի շատ բան են տեսել, քան շատ փորձված բժիշկներ»,-ասաց Խաչատուր Բադալյանը։

Պրոֆեսորը նշեց, որ ներվիրահատական արյան կորուստը մոտ մեկ լիտր է եղել, իսկ նման վիրահատությունների համար 2-3 լիտրը ժամանակին, երբ Մոսկվայում արվել է՝ ստանդարտ քանակ է համարվել․ «Դա այնքան դժվար արվող վիրահատություն է, որ դա նորմա էր ու մեթոդ ենք մշակել, թե ոնց անել, որ արյան կորուստը կրճատենք»։

Պացիենտն իրեն լավ է զգում և հիմա ընդհանուր բուժում է անցնում։