«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիգերի ուրանն ու Լաչինի միջանցքը. Արայիկ Մկրտումյան

04/09/2023

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորությամբ հումանիտար օգնության ուղարկումը Արցախի հայերին շատ ավելի լուրջ դրդապատճառներ ունի, քան պարզապես մարդասիրությունը: Հայաստանում քաղաքական լայն շրջանակները, ինչպես միշտ, անլրջացրին այցի նշանակությունը և սկսեցին մեկնաբանել «պատվիրված» տրամաբանությամբ: Ռուսամետների կարծիքով Ֆրանսիան թքած ունի հայերի վրա և դա անում է հանուն իր շահերի, արևմտամետների կարծիքով՝ Ֆրանսիան Հայաստանը փրկելու է: Մինչ Անն Իդալգոյի այցին անդրադառնալը, փորձենք հասկանալ, թե ինչն է իրար դեմ հանել Ֆրանսիային ու Ռուսաստանին, և թե ինչն է պատճառ դարձել, որպեսզի Փարիզը նման կտրուկ միջոցառումների դիմի:

Նախ նշենք, որ Եվրոպայում միասնական հակառուսական կոնսեսուսը վերջանական ձևակերպում է ստացել 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, երբ ռուս-թուրքական նախաձեռնությամբ Մինսկի խմբի նշանակությունը չեզոքացվեց ու ռուս-թուրքական պայմանավորվածությունները փորձ արին փոխարինել դրանց: Եվրոպայում ընդունեցին ռուս-թուրքական մարտահրավերն այդ ուղղությամբ և ահա մի քանի օր առաջ Ֆրանսիան կարևոր դեմք է ուղարկում Հայաստան, նախագահ Մակրոնը հայտարարում է, որ Ադրբեջանի հետ դիվանագիտություն խաղալու ժամանակն անցել է, Գերմանիան նշում է, որ «Լաչինի» միջանցքը պիտի բացվի, նաև խոսք է գնում, որ մոտ ժամանակներս Արցախ հումանիտար բեռ պիտի հասցվի օդային ճանապարհով և դա բերողները լինելու են մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչներ՝ Լիխտեյնշտեյնի արքայազնի գլխավորությամբ:

Բայց մենք վերադառնանք Փարիզ-Մոսկվա շահերին: Դրանք հատվում են ոչ միայն ուկրաինական ճակատում, այլև Աֆրիկայում: Աֆրիկայի Սահարա անապատի անմիջապես հարավային շարունակություն հանդիսացող գոտում, որը հայտնի է Սահել անունով, համարվում է Ֆրանսիայի ավանդական ազդեցության գոտին: Ավելին, Ֆրանսիան ոչ միայն բազմաթիվ բիզնես կորպորացիաներ ունի աֆրիկյան մայր ցամաքում, այլև նրա համար կարևոր է հատկապես Նիգերը: Ֆրանսիան այնտեղից ստանում է իր ատոմակայանների համար կենսական նշանակություն ունեցող ուրանի մոտ երեսուն տոկոսը: Հուլիսի 26-27-ին Նիգերում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որն իրար խառնեց Փարիզի հաշվարկները և նրա համար լուրջ էներգետիկ խնդիրներ առաջացրեց: Եթե հավատանք բամբասանքներին, ապա Նիգերի հեղաշրջման գործիքը ռուսական Վագներն է:

Ընդհանրապես Աֆրիկան աչքի է ընկել պետությունների անկայունությամբ և հեղաշրջումների առատությամբ: Աֆրիկայում վերջին չորս տարում ինը հեղաշրջում է տեղի ունեցել: 2020 թ. Մալիում, 2021 թ. Չադում, կրկին Մալիում, Գվինեայում, Սուդանում, Նիգերում: 2022 թ. աֆրիկյան երկրներում հեղաշրջման հինգ փորձ է տեղի ունեցել, որոնցից երկուսը՝ Բուրկինա-Ֆասո պետությունում հաջողվել են: Ինչպես արդեն նշեցինք, հուլիսի 26-27-ին նոր հեղափոխություն տեղի ունեցավ Նիգերում: Բազմաթիվ լուրեր են շրջանառվում առ այն, որ աֆրիկյան երկրների ապստամբներին օգնում են «ռուսական դրոշով մարդիկ»: Խոսքը հավանաբար գնում է հենց Վագների մասին, որը ռուսական պետության անօրինական հատուկ դիվերսիոն հանձնարարություններն է կատարում այնպես, ինչպես նույն բանը աշխարհի տարբեր հատվածներում անում են նաև ամերիկյան, ֆրանսիական, բրիտանական և այլ երկրների հատուկ ջոկատներն ու վարձու խմբերը:

Էներգետիկ խնդիրների առաջ կանգնած Մակրոնը հայտարարում է, որ Ֆրանսիան իր լիազորությունների շրջանակում ՄԱԿ անվտանգության խորհրդում բանաձև է առաջ քաշելու Արցախի համար: Մակրոնը հիանալի գիտի, որ Արցախը և Հայաստանը Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեն: Մոսկվան ըստ արժանվույն չգնահատեց ֆրանսիական դեմարշը, ավելին Արցախում ռուս խաղաղապահների անգործությունը, ադրբեջանցիների հետ անթաքույց աշխատանքները Փարիզի համար հրաշալի առիթ դարձան Նիգերի կորուստը հավասարակշռել Արցախում:

Ֆրանսիայի հայտարարությունների և Փարիզի քաղաքապետի այցի ֆոնին Արցախում տեղի է ունենում անաղմուկ հեղաշրջում, որով գլխատվում է Արցախի պետական ապարատը: Ծածկադմփոց արվող նախագահական հրաժարականը փորձ է արվում սքողել նախագահի անկարողությամբ: Դրանից ընդամենը մեկ օր առաջ Արցախի ԱԺ նախագահ է դառնում արմատական ընդդիմադիր ՀՅԴ անդամը: Արցախի նախագահի հրաժարականից հետո այնտեղ իշխանությունն ըստ էության վերահսկում են այն ուժերը, որոնք խորը հակասություններ ունեն ՀՀ իշխանությունների հետ: Միաժամանակ ադրբեջանցիների կողմից Աղդամի ճանապարհը ռուսների օգնությամբ բացելու անհաջող փորձից հետո բորբոքված արցախյան տրամադրությունների ֆոնին, սեպտեմբերի մեկին հարձակում է կատարվում ՀՀ սահմանների վրա՝ առայժմ կարճատև մարտական գործողություններով և հայկական կողմի համար ցավալի զոհերով: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայերին է մեղադրում այս իրավիճակի համար, որին ՀՀ ԱԳՆ-ը բավական կոշտ պատասխան է տալիս:

Մոտակա օրերին Արցախում, իշխանության եկած պրոռուսական ուժերը հավանաբար կփորձեն ռուսների միջոցով լուծել հումանիտար ճգնաժամի հարցերը: Դա գուցե լինի Լաչինի ու Աղդամի ճանապարհների միաժամանակ բացումով: Ֆրանսիան ձգտում է չուշանալ և թույլ չտալ Աղդամով չեզոքացնել Լաչինը և անիմաստ դարձնել իր օգնությունը: Միաժամանակ Փարիզը Մոսկվային հասկացնում է, որ Նիգերում իրեն նետված ձեռնոցը ինքը վերադարձնելու է Արցախում, եթե ռուսները շարունակեն հարվածել ֆրանսիական շահերին աֆրիկյան տարածաշրջանում:

Հաշվի առնելով Անդրկովկասի կարևորությունը, հարց է առաջանում, թե Մոսկվան ի՞նչ գին կուզի Նիգերի համար: Արդյո՞ք ռուսները պատրաստ են թուլացնել իրենց ներկայությունը Աֆրիկայում և դրա դիմաց պահանջեն Փարիզից հետ քաշվել Անդրկովկասում: Հավանաբար: Առայժմ ուկրաինական ճակատում խոշոր ու տեսանելի փոփոխություններ չկան, այնպես, որ այնտեղ դեռևս խաղադրույքները էական փոփոխություններ չեն կրի:

Ռուս-ֆրանսիական առևտրի վրա նաև կարևոր ազդեցություն կարող են ունենալ ներիշխանական զարգացումները Հայաստանում: Արցախում օր օրի սրվող դրությունը, Հայաստանի սահմաններին կատարվող ոտնձգությունները զուգակցվում են Հայաստանում ընդդիմադիրների ակտիվացմանը, որոնց պահանջը մեկն է՝ իշխանափոխություն: Ընդդիմադիրների իշխանություն դառնալու դեպքում, ինչը գրեթե անհավանական է, Մոսկվան ազատվում է հայկական դիմադրությունից, իսկ Արևմուտքը այլևս անելիք չի ունենա, քանի որ չի լինի նաև Արցախի հումանիտար խնդիրը, որը խաղարկում է Արևմուտքը: Մոսկվան հայերին «կկերակրի նաև ադրբեջանական հացով»: Արևմուտքը ամեն ինչ կանի, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենա, ամեն դեպքում քանի դեռ իր հարցերը բավականաչափ լուծված չեն ուրիշ ճակատներում:

Ռուսները կարող էին խուսափել այս սրացումներից, եթե հայերի նկատմամբ ճնշումները այսքան ծանր չլինեին: Փոքր ինչ լավ վերաբերմունքը հայերի նկատմամբ ուղղակի կզրկեր Եվրոպային այստեղ որևէ հարց լուծելու հնարավորությունից, բայց ռուսներից հիասթափված հայերը պատրաստ են իրենց քաղաքական շահը համադրել ցանկացածի հետ, ով կկանգնեցնի ռուս-ադրբեջանական տանդեմը: Միայն հարց է առաջանում, թե դա անողը ի՞նչ գնով կանի: Կոնկրետ այս դեպքում արդյո՞ք Արևմուտքի համար ավելի կարևոր կլինի Անդրկովկասը խլել ռուսներից ու նրանց զրկել նաև «Սև էքսպորտից», թե՞ վերադարձնել Նիգերի ուրանի հանքավայրերը և Աֆրիկյան Սահելն ընդհանուր առմամբ: Հարց է նաև այն, թե Անդրկովկա՞սն է ավելի կարևոր ռուսների համար, թե Նիգերը՝ Ֆրանսիայի:

Չմոռանանք, որ Նիգերը Փարիզի էներգետիկ աղբյուրներից մեկն է, իսկ Անդրկովկասը և մասնավորապես Հայաստանը ռուսներին օգնում է շրջանցել արևմտյան պատժամիջոցները, հսկել տարածաշրջանը:

Ի հավելումն այս ամենի Էրդողանը, որի ցուցումով է շնչում Ալիևը, ի՞նչ գին է ուզելու ռուսներից այս միջմայրցամաքային շահարկումների համար: Հիշեցնենք, որ Աֆրիկայում Թուրքիան արդեն իսկ դարձել է աֆրիկյան երկրների ռազմավարական-տնտեսական գործընկեր: Ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում:

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող՝ Արայիկ Մկրտումյան։