«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը գրանցեց իր հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում

13/12/2021

Այսօր Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը գրանցեց իր հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում: Այս անգամ հայ դոնորի օգնության կարիքն ուներ լեյկեմիայով տառապող կանադացի մի հիվանդ, որի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։

Յուրաքանչյուր փոխպատվաստում փորձություն է: Մասնագետների շղթայի յուրաքանչյուր օղակ, որոնք ձեռքից ձեռք, երկրից երկիր են փոխանցում կյանքի հույսը, պետք է անխափան աշխատի: Այս ժամանակ բացվում են բոլոր սահմանները, մարդիկ մոռանում են ազգային պատկանելություն և ունեն միայն մեկ նպատակ՝ ժամ առաջ տեղ հասցնել կենսաբեր բջիջները և օգնել հիվանդին հաղթահարելու մահաբեր հիվանդությունը:

Ասօրվա մեր դոնորը Գայանե Այվազյանն է։ Գայանեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից է, ունի 2 դուստր։ Գայանեն առաջին իսկ օրվանից, երբ իմացավ որ համատեղելի է հիվանդի հետ, մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ համաձայնվեց օգնության ձեռք մեկնել նրան: Քաջ գիտակցելով դոնոր դառնալու նախապատրաստման փուլի և ցողունային բջիջների հավաքման ողջ գործընթացը՝ իր հերթին նպաստեց լավագույնս կազմակերպելու այն:

Այսօր հաջողությամբ ավարտվեց դոնորի ցողունային բջիջների հավաքագրման փուլը: Գայանեն շատ երջանիկ և հպարտ է, քանի որ իր շնորհիվ Կանադայում գտնվող հիվանդը հնարավորություն կունենա ապաքինվելու և ապրելու:

Շնորհակալություն Գայանե, որ հույսի մի շող պարգևեցիր մահաբեր հիվանդության ճիրաններում գտնվող հիվանդին: Այդպիսի պատրաստակամությամբ նվիրաբերված բջիջները չեն կարող չփրկել, ուղղակի չեն կարող: Իսկ դու կապրես այն գիտակցությամբ, որ այս աշխարհում կա մեկը, որ վայելում է արևի լույսը հենց քո շնորհիվ: