«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Անձնական օգտագործման նպատակով դեղեր ներմուծելու այլընտրանքային ճանապարհ քաղաքացիների համար. ՊԵԿ

09/02/2021

Քաղաքացիներն արդեն շուրջ 6 ամիս կարողանում են անձնական օգտագործման նպատակով դեղ ներմուծել միջազգային փոստային փոխադրումներով և փոխադրողի միջոցով:

2020 թ. օգոստոսի 17-ից ուժի մեջ մտած ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ` տեղափոխման համար թույլատրող փաստաթուղթ անհրաժեշտ չէ:

 

Օգոստոսից մինչև տարեվերջ այս հնարավորությունից օգտվել է շուրջ 1500 քաղաքացի: Միայն 2021 թ. հունվարին դեղ պարունակող 150 ծանրոց է ստացվել՝ հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից: Նախկինում դեղերի ներմուծումը փոստային առաքանիներով առհասարակ արգելված էր: Ֆիզիկական անձինք կարող էին դեղ տեղափոխել միայն ուղեկցող ուղեբեռով:

 

Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Գարիկ Մինասյանի գնահատմամբ` նոր հնարավորությունը մի քանի խնդիր լուծեց. «Փոփոխությունը ճիշտ ժամանակին կատարվեց, քանի որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակ էր, ճանապարհները փակ էին, և ֆիզիկական անձինք հնարավորություն ունեցան այլընտրանքային ճանապարհով ստանալու դեղորայք` սահմանված չափաքանակներով։ Բացի այդ, հնարավոր դարձավ ձեռք բերել Հայաստանում դեռ չգրանցված դեղերը»:

Օրացուցային տարվա ընթացքում թույլատրվում է ներմուծել մինչև 5 անվանում դեղ, յուրաքանչյուրից՝ 3 սպառողական փաթեթ: Արտոնությունից կրկին օգտվելու համար կամ սահմանված քանակը գերազանցելու դեպքում քաղաքացիները պետք է դիմեն առողջապահության նախարարություն: Քաղաքացու և ներմուծված դեղորայքի վերաբերյալ տվյալներն արտացոլվում են էլեկտրոնային համակարգում, ինչը թույլ է տալիս կանխել անձնական օգտագործման փոխարեն առևտրային նպատակով դեղերի ներմուծումը։

Քաղաքացին նաև ծանուցում է ստանում, որ տվյալ օրացուցային տարվա ընթացքում այլևս չի կարող օգտվել արտոնությունից։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ փոստային առաքանիով հոգեմետ նյութեր պարունակող դեղեր ներմուծելն արգելված է:

Նախորդ տարի օրենքի պահանջը խախտելու և փոստային առաքանիներով Հայաստան թմրամիջոց ու հոգեմետ նյութ տեղափոխելու 240 դեպք է բացահայտվել, ինչը թմրամիջոցների տեղափոխման ընդհանուր դեպքերի 82%-ն է: