«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

15 տարի առաջ սեպտեմբերի 6-ին մեկնարկեց ֆուտբոլային դիվանագիտությունը․ պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյան

07/09/2023

Ժամանակին <<Ֆուտբոլային դիվանագիտություն>> արտահայտությունը լսելիս շատերը հայտնվում էին լավատեսական սպասումների ու դիվանագիտական ձախողման զգացման հակոտնյա հորձանուտում․ այսօր 15 տարիների հեռավորությունից արդեն պարզ է, որ հայ-թուրքական հարաբերությունների տվյալ փուլը  դիվանագիտական ձախողում էր, որի պատճառները, սակայն, պետք է փնտրել ոչ միայն այն ժամանակվա Հայաստանում, այլև թուրք-ադրբեջանական տանդեմի էության մեջ, որի հետևանքները մենք զգացել ենք նաև 2020 թ․ պատերազմում։

21-րդ դարասկզբին Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, այնուամենայնիվ, հանդիպումներ և շփումներ ժամանակ առ ժամանակ տեղի էին ունենում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, հատկապես միջազգային կառույցների (ԵԱՀԿ, ՍԾՏՀ) և այլ շրջանակներում։

Թուրքիայի և Հայաստանի միջև քաղաքական հարաբերությունների և դիվանագիտական շփումների համատեքստում որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաև <<ֆուտբոլային դիվանագիտությունը>>։

 Տարիներ առաջ՝ 2008 թ․ սեպտեմբերի 6-ին, Սերժ Սարգսյանի նախագահության օրերին հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման գործընթացի շրջանակներում Երևան հրավիրվեց Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը։ Նա ներկա գտնվեց Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը։ Հաջորդ տարի՝ 2009 թ․ հոկտեմբերին, Սերժ Սարգսյանը հրավիրվեց Թուրքիա՝ ներկա գտնվելու և դիտելու պատասխան հանդիպումը։ Հատկանշական է, որ մինչ այդ Ս․ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը Թուրքիա կմեկնի բաց սահմանների պայմաններում, սակայն փաստն այն է, որ 2009 թ․ հոկտեմբերի 14-ին նրա այցը Թուրքիա կայացավ փակ սահմաններով։

Հայ-թուրքական հարաբերությունների 2008-2011 թթ․ շրջափուլը պատմության և միջազգային հարաբերությունների մեջ բնութագրվեց որպես <<ֆուտբոլային դիվանագիտություն>>։

Անդրադառնալով <<ֆուտբոլային դիվանագիտության>> հաջորդ իրադարձություններին՝ նշենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ի երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի եռանախագահող պետությունների արտգործնախարարների ու եվրոպացի բարձրաստիճան այլ դիվանագետների ներկայությամբ  Ցյուրիխում ստորագրեցին <<Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և զարգացման մասին>>հայ-թուրքական արձանագրությունները:

2009 թ. Ցյուրիխում ստորագրված արձանագրություններն արտահայտում էին առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հայ-թուրքական սահմանը վերաբացելու մասին կողմերի հանձնառությունը, այսուհանդերձ դրանք հայտնվեցին սուր քննադատության թիրախում: Մեկ տարի տևած բանակցությունների արդյունքում ծնված այդ արձանագրությունները նախատեսում էին հայ – թուրքական սահմանի փոխադարձ ճանաչում, սահմանի վերաբացում ու հաղորդակցության միջոցների վերագործարկում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և դեսպանատների բացում: Այդ արձանագրությունների բովանդակությունը թե՛ թուրքական, թե՛ հայկական իրականության մեջ քաղաքական տեսակետների բախման պատճառ դարձավ, սակայն երկու երկրների քաղաքական իշխանություններն արձանագրությունները վավերացման ուղարկեցին խորհրդարաններ` այնտեղ էլ ավելի ուշ դրանք սառեցնելով:

Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը չի սահմանափակվում միայն հայ-թուրքական հարաբերություններով, այլ ֆուտբոլային դիվանագիտությունն ուղեկցվում է Ադրբեջանի անթաքույց մասնակցությամբ․ գաղտնիք չէ, որ Թուրքիան հաշտեցման գործընթացը կապում էր հօգուտ Ադրբեջանի Ղարաբաղյան հակամարտության լուծման հետ։

Կարճ ժամանակ անց արդեն պարզ էր, որ Թուրքիան չի վավերացնելու արձանագրությունները, ուստի Սարգսյանը 2010թ. ապրիլի 22-ին սառեցրեց գործընթացը, հայտարարելով, որ ողջամիտ ժամկետները ավարտվել են, հետևաբար` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը սպառված է: Թուրքիայի վարչապետ Էրդողանն անմիջապես հայտարարեց, որ Թուրքիան հավատարիմ է մնում ստորագրված արձանագրություններին: Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն ավելացրեց, որ արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելը Հայաստանի միակողմանի որոշումն է, Թուրքիան պատրաստ է առաջ շարժվել, երբ առկա կլինեն համապատասխան պայմանները: Հետագա ամիսներին և տարիներին կողմերը միմյանց հասցեին հնչեցնում էին քննադատական հայտարարություններ։

2012 և հաջորդ տարիներին Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որևէ զարգացում տեղի չունեցավ։ 2014թ. սեպտեմբերին, ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը «գրողի ծոցն» ուղարկեց հայ-թուրքական արձանագրությունները։

2018 թ․ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ որոշակի փոփոխություններ կատարվեցին նաև արտաքին քաղաքականության սկզբունքներում և հայեցակարգերում։ Կրկին աշխուժացան հայ-թուրքական հարաբերությունների բարելավման շուրջ ծավալվող քննարկումները, սակայն կյանքը ցույց տվեց, որ Թուրքիան տարածաշրջանում այլ պլաններ ունի։

2020 թ․ պատերազմում Թուրքիայի կողմից Ադրբեջանին անթաքույց օժանդակելը, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելը, հայկական կողմի պարտությունը պատերազմում, ինչպես նաև շատ այլ գործոններ ձևավորեցին աշխարհաքաղաքական նոր իրադրություն։ Այդքանից հետո նույնիսկ, 2023 թ․ փետրվարի 6-ին Թուրքիայում ավերիչ երկրաշարժի օրերին Հայաստանն այդ երկիր ուղարկեց հումանիտար օգնություն (հիշեցենք, նման նախադեպ եղել էր արդեն 2011 թ․ հոկտեմբերի 23-ին, երբ Թուրքիայում հերթական երկրաշարժի ժամանակ Հայաստանն ուղարկել էր 40 տոննա մարդասիրական օգնություն)։ Դա, իհարկե, որևէ կերպ չնպաստեց հայ-թուրքական հարաբերություններում <<սառույցի հալեցմանը>>, իսկ ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա արդի պայմաններում էլ այն իր հնչեցրած հայտարարություններում շարունակում է աջակցել առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ինչևէ, նշենք, որ այսօր՝ ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկից 15 տարի անց էլ,  այդ հարցը ընդհանրապես դուրս չի բերվել երկու երկրների քաղաքական օրակարգից, ուստի խնդիրը չի կարելի համարել վերջնականապես փակված կամ ձախողված:

<<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ՝ Մարինե Գևորգյան