«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ի տնտեսությունում ռեցեսիայի հավանականությունը 30% է

28/03/2022

Առաջիկա 12 ամիսների ընթացքում ԱՄՆ-ի տնտեսության ռեցեսիայի մեջ ընկնելու հավանականությունը առնվազն մեկը երեքի է, CNN-ին ասել է Moody's Analytics-ի գլխավոր տնտեսագետ Մարկ Զանդին: «Ռեցեսիայի ռիսկերը տհաճ բարձր են եւ շարունակում են աճել»,- ասել է նա:

Մինչ ուկրաինական ճգնաժամը տնտեսագետները հույս ունեին, որ այս գարնանը եւ ամռանը էներգակիրների գները եւ ընդհանուր ինֆլյացիան կնվազեն: Այժմ ինֆլյացիայի հեռանկարները վատացել են, բենզինի, սննդամթերքի, մետաղների եւ այլ հումքի գները կտրուկ աճել են։

Այս ամսվա սկզբին Goldman Sachs-ի տնտեսագետները հայտնել էին, որ հաջորդ տարի ԱՄՆ-ում ռեցեսիայի հավանականությունը հասել է 35 տոկոսի:

Ինֆլյացիայի վատթարացող պատկերը կարող է ստիպել Դաշնային պահուստային համակարգին (ԴՊՀ) ավելին անել՝ ինֆլյացիան առողջ մակարդակի իջեցնելու համար:

Փետրվարին սպառողական գներն աճել են 7,9 տոկոսով, ինչը վերջին 40 տարվա ընթացքում ամենամեծ 12-ամսյա թռիչքն է։ Բայց ինֆլյացիայի մասին այս զեկույցում ուկրաինական ճգնաժամի հետեւանքներն արտացոլված չեն։

Զանդին ասել է, թե ակնհայտ է, որ Ուկրաինայում պատերազմը բարձրացնում է ինֆլյացիոն սպասելիքները, ինչը չարագուշակ իրադարձություն է ԴՊՀ-ի պաշտոնյաների համար, որոնք հույս ունեին մեղմացնել ինֆլյացիոն վախերը: «Սա գիծ է, որը չի կարելի հատել։ Սա նշանակում է, որ ԴՊՀ-ն պետք է շատ ագրեսիվ լինի»,- ասել է Զանդին:

Morgan Stanley-ն, միանալով Ուոլ Սթրիթի մի շարք այլ բանկերին, հայտարարել է, որ ակնկալում է, թե ԴՊՀ-ն հաջորդ երկու յուրաքանչյուր ամսվա ընթացքում կբարձրացնի տոկոսադրույքները կես տոկոսային կետով: ԴՊՀ-ն դա չի արել 1994-ից:

«Որքան շատ է ԴՊՀ-ն սեղմում արգելակներին, այնքան ավելի հավանական է, որ մեքենան կանգնի, եւ տնտեսությունը ռեցեսիայի մեջ ընկնի»,- ասել է Զանդին: «Այստեղ մեզ պարզապես մի փոքր հաջողություն է պետք: Համավարակը եւ Ուկրաինան չեն կարող գնալ ինչ-որ մութ ճանապարհով»,- հավելել է նա։

ԴՊՀ-ի նախագահ Ջերոմ Փաուելը այս շաբաթվա սկզբին իր ելույթում նշել է, որ ԱՄՆ կենտրոնական բանկը նախկինում կարողացել է կրճատել ինֆլյացիան՝ առանց տնտեսությունը քայքայելու: Որպես օրինակ նա նշել է 1965, 1984 եւ 1994 թվականները։

ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Լարի Սամերսը թերահավատորեն է տրամադրված։ Անցյալ շաբաթ Washington Post-ի համար հոդվածում Սամերսը ԴՊՀ-ին «ցանկալին իրականության տեղ ընդունելու ու զառանցական մտքերի» մեջ է մեղադրել եւ «անհեթեթ» է անվանել կենտրոնական բանկի այն կանխատեսումը, թե ինֆլյացիան արագ կսառչի աշխատաշուկայում:

Ավելի վաղ Սամերսը զգուշացրել էր, որ ԴՊՀ-ի քաղաքականությունը ԱՄՆ-ի տնտեսությունը դրել է մեծ ռեցեսիայի եւ ստագֆլյացիայի ճանապարհին, որը թույլ աճի եւ բարձր ինֆլյացիայի թունավոր խառնուրդ է, եւ որը մռայլ պատկեր է ստեղծել ԱՄՆ տնտեսությունում 1970-ականների վերջին եւ 1980-ականների սկզբին:

Իր հերթին Զանդին ասել է, որ ստագֆլյացիան «ցածր հավանականության» իրադարձություն է, քանի որ ԴՊՀ-ն հնարավոր ամեն ինչ կանի դրանից խուսափելու համար: «Եթե դա նման լինի ստագֆլյացիայի, ԴՊՀ-ն մեզ դեպի ռեցեսիա կմղի»,- ասել է Զանդին։