«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

<<ԱՌԱՆՑ ՀԱՑԻ ՄՆԱՑԵՔ, ԱՌԱՆՑ ԶեՆՔԻ ՄԻ ՄՆԱՑԵՔ>>․ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

17/11/2021

Երեկ, նոյեմբերի 16 – ին նորից ծանր հոգեվիճակի մեջ հայտնվեց մեր ժողովուրդը, ադրբեջանցիները զինադադարի մասին հայտարարությյան ստորագրումից մեկ տարի հետո, բավական ընդարձակ մարտական գործողություններ սկսեցին, որի նպատակը թերևս  Գորիս — Երևան մայրուղու վրա վերահսկողության հաստատումն  էր կամ,  ավելի լայն իմաստով Սյունիքը Վայոց ձորից  անջատելը։ Ինչու՞ դա տեղի ունեցավ։ Բնականաբար,  հետևյալ  ծանրակշիռ պատճառներով․

Առաջին․ Հայ  պետական -  քաղաքական միտքը մեկ տարի է սավառնում է ռոմանտիզմի գրկում, համոզված, որ զենքի չդիմելով և խաղաղության հաստատմանը անվերապահորեն կողմ լինելով,  կհասնի   բաղձալի պահին։ Եթե մայիսի 12 – ից հետո  մեր կողմն ունենար այն քաղաքական քաջությունը, որը պահանջում էր պահը և շրջափակման մեջ առնելով ազերիներին՝ գերի վերցնել, որն հնարավոր էր և  վերադառնալ  հին բնագծերը, ապա դա հաստատ տեղի չէր ունենա։ Չհասկացվեց այն պարզ ճշմարտությունը, որ քանի դեռ չես ստորագրել պայմանագիրը, ապա միևնույն է, նրանք կփորձեն ավելի ամրապնդել  իրենց դիրքերը, որին ոչնչով չի հակադրվի Ռուսաստանը։ Եթե մեր կողմը հարձակում սկսի, նա կմիջամտի իր համար անհրաժեշտ պահին և հակառակը։

Երկրորդ․ Մի կողմից մեր պետական -  քաղաքական միտքը գնում էր  այն ուղղությամբ, որ պետք է լինի Ռուսաստանի կողքին, բայց մյուս կողմից, արտաքին գործոց նախկին և ներկա նախարաները միջազգային ատյաններում շարունակում  են  պնդել Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններին վերադարձի անհրաժեշտության մասին, որն ամենևին հաճո չէ Ռուսաստանի քիմքին, թեպետ հրապարակավ նա ընդունում է դրա անհրաժեշտությունը։ Ռուսաստանն իր ազդեցության շրջանակները ավելի է փորձում ամրապնդել  այս տարածաշրջանում, այդ առումով թերևս ունենալով պայմանավորվածություն Թուրքիայի հետ, բայց հայկական շատ ընդդիմադիր ուժեր ամենավերջին  քննադատությունն են հնչեցնում  նրա հասցեին, կոչ անելով թեքվել դեպի Արևմուտքը։ Հարց է առաջանում, դո՞ւք եք որոշում Արևմուտքի անելիքները, թե՞ հակառակը։ Բավական չէ ցնորքներով կերակրեք մեր ժողովրդին։ Բավական չէ՝ արժանանանք աշխարհի ծաղր ու ծանակին։ Հասկանալ  է պետք, որ Արևմուտքն այս շրջանը համարում է ռուսական ազդեցության գոտի։

Երրորդ․ Անտեսվեց այն դիվանագիտական ճշգրիտ քայլը, որ պահանջվում էր կատարել մեր հարևան Իրանի հետ։ Վերջինս բազմիցս հայտարարեց, որ թույլ չի տալու պետությունների ընդունված սահմանները խախտել, բայց հայկական կողմն ինքը կամովին տալիս է իր սահմաններից, ավելին՝ հայտարարելով, թե դրանք ադրբեջանական տարածքներ են։ Պատկերացնել հնարավոր չէ, թե հիմա ներքուստ ինչ են մտածում մեր մասին Իրանի քաղաքական շրջանակները, մի երկիր, որը կարող էր անել մի քայլ, որը լիովին տեղում կմեխեր ազերիներին։ Հասկացող կհասկանա, թե ի՞նչ նկատի ունենք։ Բայց Իրանը սպասողական կեցվածքի մեջ է։ Նրա հետ փայլուն աշխատում է մեր հակառակորդ կողմը, որը նշանակում է, որ կարող ենք կորցնել  անհրաժեշտ պահը։

Չորրորդ․Միշտ հեռու լինելով <<հակա>> նախածանցն ինչ - որ պետության կպցնելու հիվանդագին հակումներից,որը վերաբերվում է նաև<< լիարժեք բարեկամ>> եզրույթին,պետք է ընդունել այն պարզ ճշմարտությունը, որ Ռուսատանն է այսօր պահում Արցախից մնացածը և այս պահին, ինչպես բազմիցս նշել ենք, նրան հակադրվելը ոչինչ չի տալու։ Եթե նրան համարում ես քո ռազմավարական դաշնակիցը, ապա դա չի նշանակում, որ եթե ադրբեջանական կողմից մի սև կատու հատի մեր սահմանը, ապա պետք է նրան դիմես։ Նրան ապավինելով, մեկ տարում ոչինչ չձեռնարկելն և անընդհատ զիջումներով խաղաղության սպասելը  գլխավոր պատճառն էր, որ երեկ  ազերիներն արդեն շատ երես առած առաջ եկան։

Հինգերորդ․ Այլ  առիթով տեսակետ ենք հայտնել, որ եթե շատ խորանանք հակառուսականության մեջ, Ռուսաստանը կարող է  թեթև շշնջալ Ադրբեջանի ականջին, թե առաջ գնա, որի դեպքում էլի կընկնեն ոտքերս։ Ոչ մեկը չի կարող լիարժեքորեն հերքել  նաև այս տարբերակի հնարավորությունը։

Երկիրը ծվատվում է, իսկ մենք ոգևորվում ենք Մեծ Բրիտանիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության կամ  նման այլ  անպտուղ և անհեռատես գործողություններով։ Եթե դրան ավելացնենք ՀՀ աննկուն նախագահի և մյուսների  փայլուն  ճառերն էլ միջազգային ատյաններում, ապա այլևս  ասելու բան չի մնա։ Ակամայից հիշում ենք Սասունի 1894թ․ հնչակյանների հրահրած ապստամբությունը, որին դեմ էր Հրայր Դժոխքը և որին հասավ Համբարձում Պոյաճյան – Մեծ Մուրադը՝ Եվրոպայի միջամտության հույսով  տոգորված։ Կոտորվեց 15 հազ․ սասունցի։ Երբ ձերբակալված Մուրադին Գևորգ Չավուշն առաջարկեց իր հետ փախչել  Մշո բանտից, վերջինս մերժեց, պատասխանելով, որ ինքը պետք է մնա և Կ․ Պոլսում  իր դատի ժամանակ մերկացնի Օսմանյան կայսրության հակահայ  քաղաքականությունը  իր ճառով։ Այնպես մերկացրեց, որ ստացավ 101 տարվա կալանք, ազատվեց 1908թ․ Հուլիսյան սահմանադրությունից հետո, կախվեց 1915թ․ սուլթան Բայազիտի հրպարակում։ Այժմ մեր հերթն է․  մերկացնենք պարոնայք, մերկացնենք մեր թշնամիներին, մեծ տերություններին մատնանշենք իրենց անելիքները, նրանք մի օր դա կհասկանան և մեզ կփրկեն։

Եզրակացությունը մեկն է․ երեկվա իրադարձությունները և հայ քաջերի փայլուն գործողությունները վկայում են այն մասին, որ ամեն մի ներխուժման փորձին պետք է դիմակայել։ Պատերազմը մերժելի երևույթ է, բայց աղերսանքներն այն չեն կանգնեցնում։ Աղբյուր Սերոբն ասում էր․<<Առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնացեք>>։ Ուրեմն, արագորեն խորհենք, թե որ երկրներից ենք զենքեր գնելու։