Թուրքիան կանգնեցրել է բանակցությունները Հայաստանի հետ, քանի որ սպասում է պահանջների կատարմանը. Ռուբեն Սաֆրաստյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը
– Պարո՛ն Սաֆրաստյան, սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյանը որակեց արդյունավետ ու կարևոր: Ո՞րն էր այդ հեռախոսազրույցի կարևորությունը, ու թուրքական կողմն ինչպե՞ս է արձագանքում այդ հեռախոսազանգին:
– Չեմ կարող գնահատել, որովհետև ուրիշ տվյալներ չունեմ՝ բացի վարչապետի ասածներից, իսկ թուրքական կողմն առանձնապես մեծ հետաքրքրություն չունի այդ հեռախոսազրույցի նկատմամբ: Ուղղակի մեկ հանգամանք նշեմ. երբ տեղի էր ունենում Լավրովի ու Ֆիդանի հանդիպումը, Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը կողջունի, որ Թուրքիան Հարավային Կովկասում դիվանագիտական առումով ավելի ակտիվ դերակատարում ունենա:
Ես կարծում եմ՝ դա ռուսական դիվանագիտության շրջանակներում է, որ փորձում են Թուրքիայի ակտիվությունը մեր տարածաշրջանում որոշ չափով սահմանափակել՝ նաև համագործակցելով Թուրքիայի հետ: Բացի նրանից, որ Թուրքիան ուզում է մեր տարածաշրջանում ակտիվանալ, նաև դիվանագիտական առումով, ոչ միայն Ադրբեջանի սադրանքներին աջակցելով ու ղեկավարելով, Էրդողանը փորձում է նաև որտեղ հնարավոր է հանդես գալ իբրև միջնորդ:
– Ձեր գնահատմամբ՝ Թուրքիան ուզո՞ւմ է ակտիվանալ, թե՞ արդեն որոշ չափով ակտիվացել է մեր տարածաշրջանում:
– Իհարկե ակտիվացել է ու հիմա ուզում ավելի է ակտիվանալ, դա ակնհայտ է, որովհետև Թուրքիայի վերջնական նպատակն անփոփոխ է՝ դա տարածաշրջանն իր աշխարհաքաղաքական ազդեցության ներքո վերցնելն է, ու նրա բոլոր քայլերը ես դիտարկում եմ այդ շրջանակներում:
Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ Վրաստանի հետ անվտանգային ոլորտում համագործակցության մասին հատուկ համաձայնագիր ստորագրեցին: Թուրքիան նաև, դեռևս 2007-ից, մի ծրագիր է առաջ տանում, որի էությունը հետևյալն է. տարածաշրջանում փորձել ստեղծել Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան տնտեսական համագործակցության մի առանցք, բայց այդ առանցքի ստեղծումը նաև ռազմական բաղադրիչ ունի: Այս ամենը վկայում է, որ Թուրքիան նաև քաղաքական առումով է Վրաստանում ակտիվ ու ուզում է ավելի ակտիվանալ: Ադրբեջանի հետ Թուրքիայի ինտեգրումը, ակնհայտ է, որ շատ արագ է առաջ գնում ու նաև ռազմական ոլորտում:
Մյուս կողմից՝ վերջին շրջանում Թուրքիան, տեսանելի է, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցային գործընթացը, որ կար, ըստ էության, կանգնեցրել է, որովհետև ներկայացրել է իր պահանջները Հայաստանին ու սպասում է. մեկը՝ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցմամբ պայմանագրի կնքումն է, մյուսը՝ «Զանգեզուրի միջանցքը»:
Քանի դեռ Հայաստանը չի կատարել այս պահանջները, բանակցային գործընթացը կանգնած է մնալու: Բայց Թուրքիան օգտվում է առիթից, որ նաև Հայաստանի ուղղությամբ իր դիվանագիտությունն ակտիվացնի՝ միջնորդական դերակատարությամբ, չնայած չեմ կարծում, թե Թուրքիայի միջնորդությունը կլինի այն մակարդակի, ինչպիսին ներկայումս Ռուսաստանինն ու Արևմուտքինն է:
– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի ակտիվությանը մեր տարածաշրջանում դեմ է նաև Իրա՞նը:
– Համոզված եմ, որ Թուրքիայի ակտիվությունն առանձնապես դուր չի գալիս Իրանին, որովհետև այդ երկու երկրները, այդ մասին բազմիցս ենք խոսել, դարավոր հակառակորդներ են ու ներկայումս էլ մրցակից են՝ տարածաշրջանային առումով, և մեկը մյուսի գործողություններին խանդով են վերաբերվում մեր տարածաշրջանում:
Ես չեմ կարող ասել, թե ի՛նչ են մտածում Իրանում Թուրքիայի այս գործողությունների մասին, բայց կարող եմ ենթադրել՝ չլինելով իրանագետ: Բայց, կարծում եմ, դեռ այդքան սուր չեն ընկալվում Թուրքիայի դիվանագիտական ակտիվության փորձերը, որովհետև առայժմ ռեալ բան չկա:
– Քաջատեղյակ լինելով Թուրքիայի քաղաքականությանը՝ կարծում եք, որ Ադրբեջանը կհամաձայնի՞ բացել Լաչինի միջանցքը, ինչպես խոստացել են:
– Կարծում եմ՝ ո՛չ, ամեն ինչ կանի, որ փակ մնա, եթե անգամ հայտարարի, որ բաց է՝ պարզ է, որ թույլ չի տա առանց իր թույլտվության ինչ-որ բան մտնի Արցախ: Եթե անգամ թույլ էլ տա, դա լինելու է շատ սահմանափակ թույլտվություն՝ Կարմիր խաչի ու ռուսների հետ համատեղ: Ադրբեջանը թույլ չի տա, որ Լաչինի միջանցքը ստանա այն կարգավիճակը, որ ունի եռակողմ հայտարարությամբ, դա ակնհայտ է:
– Թուրք-ադրբեջանական տանդեմը կգնա՞ սահմանային լայնածավալ ռազմական գործողությունների:
– Սահմանային լարվածությունը կա, Հայաստանի ու Արցախի վրա այդ ճնշումը կշարունակվի: Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ այդ զորքերի կուտակումը, որ տեղի է ունենում և ճնշման միջոց է, բայց նաև չի բացառվում, որ պայմանների փոփոխության դեպքում, իհարկե ոչ ներկա պայմաններում, Ադրբեջանն արդեն կդիմի լայնածավալ ագրեսիայի Թուրքիայի օժանդակությամբ ու առաջնորդությամբ:
Դրա համար պետք է նոր իրավիճակ ստեղծվի, հիմա դեռևս Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ ու ղեկավարությամբ, գնալով ավելացնում է Հայաստանի վրա ճնշման մակարդակը, նպատակը դա է, ու, ինչքան հասկանում եմ, ուզում են, որ մինչև տարեվերջ Հայաստանը ստորագրի խաղաղության պայմանագիրը:
– Իրավիճակի փոփոխություն ասելով՝ աշխարհաքաղաքական ինչ-ինչ փոփոխություննե՞ր նկատի ունեք, պարո՛ն Սաֆրաստյան:
– Չեմ կարծում, որ մինչև տարեվերջ աշխարհում իրադրությունը փոխվի: Իրավիճակի փոփոխությունը կարող է կապված լինել Արցախում իրադրության հետ:
Քրիստինե Աղաբեկյան