«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շվեյցարացի ժամագործները պայքարում են Ռուսաստանում ճգնաժամի հետեւանքների դեմ

01/04/2022

Շվեյցարացի ժամագործներն այս շաբաթ կհավաքվեն Ժնեւում՝ երեք տարվա ընթացքում առաջին խոշոր արդյունաբերական միջոցառման համար՝ կենտրոնանալու Ուկրաինայում պատերազմի պատճառով հարուստ ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցների ազդեցության վրա, հաղորդում է Reuters-ը։

Ռուսաստանը շվեյցարական ժամացույցների արտահանման 17-րդ խոշոր շուկան է։ Միջոցառման մասնակիցները մտադիր են քննարկել, թե ինչպես կառավարել բիզնեսը եւ հաճախորդների հետ հարաբերությունները նման դժվարին պահին։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւ շքեղ ապրանքների արտահանման արգելքը նշանակում են, որ բրենդներն այլեւս չեն կարող ժամացույցներ առաքել Ռուսաստան, եւ բոլոր խոշոր լեյբլները փակել են իրենց խանութները երկրում:

Ո՛չ Richemont-ը, ո՛չ Ulysse Nardin-ը չեն ցանկացել մեկնաբանել այն տեղեկությունները, թե ռուսական իշխանությունները միլիոնավոր դոլարների ժամացույցներ են առգրավել մրցակից Audemars Piguet բրենդի ռուսական ստորաբաժանումից։

Ulysse Nardin-ից Պատրիկ Պրյունոն ասել է, որ բրենդը նախկինի պես ունի մոտ 20 վաճառակետ, սակայն այժմ  ավելի քիչ կախում ունի Ռուսաստանից, քան նախկինում:

Bain խորհրդատվական ընկերության նորաձեւության եւ շքեղության բաժնի ղեկավար Քլաուդիա Դ՛Արպիցիոյի խոսքով՝ ռուսաստանիցներին բաժին է հասնում շքեղության համաշխարհային ծախսերի 2-3 տոկոսը կամ մոտ 7 միլիարդ եվրո, ինչը պակաս է ԱՄՆ-ից եւ Չինաստանից:

«Նրանք հավատարիմ հաճախորդներ են, որոնք գնում են ամեն տարի, եւ ես կարծում եմ, որ նրանք ամուր հարաբերություններ ունեն այս ապրանքանիշերից որոշների հետ անձնական մակարդակով»,- ասել է նա:   

Richemont-ը հայտարարել է, որ դադարեցրել է ռուսական ադամանդներ գնելը, սակայն վստահ է, որ կարող է դրանք գտնել այլ վայրում։

Oris-ը` մեկ այլ անկախ բրենդ, հայտարարել է, որ դադարեցրել է ընդլայնման ծրագրերը Ռուսաստանում նոր մանրածախ գործընկերոջ հետ: «Բայց մենք չպետք է մոռանանք, որ կան նաեւ մարդիկ, ընտանիքներ, որոնց գոյությանը վտանգ է սպառնում»,- ասել է համահիմնադիր տնօրեն Ռոլֆ Շտուդերը՝ նշելով, որ շատ բրենդներ երկարամյա հարաբերություններ ունեն ռուս գործընկերների հետ։

Անկախ H.Moser-ից Էդուարդ Մեյլանն ասել է, որ իր ապրանքանիշը հարցումներ է ստացել ռուսաստանցիներից՝ պատժամիջոցների կիրառումից անմիջապես առաջ, որոնք ցանկանում էին արագ ծախսել իրենց գումարները ժամացույցների վրա՝ նախքան դրանք շվեյցարական իշխանությունների կողմից բռնագրավվելը: «Իհարկե, մենք մերժեցինք»,- ասել է նա։