Lragir.am- ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը

Պարոն Պապիկյան, ինչ ակնկալիքներ ունեք իրավապահ համակարգից, հնարավոր համարո՞ւմ եք, որ ձեր պաշտպանյալ Վահան Բադասյանն ազատ կարձակվի:

Ակնկալում եմ, որ վաղը պետք է որոշումներ լինեն բազմաթիվ հարցերի շուրջ, տարբեր միջնորդություններ կան, կա Հասմիկ Պապյանի, Զարուհի Մուրադյանի երաշխավորությունը, երեկ ևս մեկ միջնորդություն ես եմ ներկայացրել: Ակնկալիքներ կան, սպասում ենք:

Իսկ ի՞նչ ակնկալիքներ կան՝ հաշվի առնելով, որ Վահան Բադասյանի ձերբակալությունը, ապա կալանավորումը բուռն արձագանքներ ունեցավ: Նշվեց, որ իրական հանցագործներին չեն պատժում, բայց Բադասյանի նկատմամբ այսպիսի վերաբերմունք է դրսևորվում:

Ակնհայտ է, որ Բադասյանի նկատմամբ վերաբերմունքը իրավաբանության հետ ոչ մի աղերս չունի, այլապես եթե իրավաբանների տված որակումը սահմանադրական կարգի տապալման, իշխանությունը զավթելու հետ կապված ճիշտ է, ապա երեկ Օպերայի դահլիճում տեղի ունեցած հավաքը ոչ թե ինքնիշխանությանն ուղղված սպառնալիք էր, այլ ինքնիշխանության տապալման, սահմանադրական կարգի տապալման միջոցառում էր, և մեր «փառապանծ» ԱԱԾ-ն քնած էր: Իսկ Վահան Բադասյանի՝ նման մտքեր չասելը այդպիսի նման որակում ստացավ, և նա հիմա բանտում է գտնվում:

Նկատի ունեք այն հավաքը, որտեղ կոչ են անում միանալ Ռուսաստանին, ինչը հակասահմանադրական է, և ԱԱԾ-ն դրանով պետք է զբաղվե՞ր:

Այո, միանշանակ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության տապալման և զավթման հրապարակային միջոցառում էին անցկացնում և նրանց նույնիսկ ուղեկցում էին կարգը պահելով մինչև կառավարության շենք: Նրանք մեր մայրաքաղաքի կենտրոնը պղծելով անցնում էին: Իսկ Վահան Բադասյանն իշխանությունը զավթելու մասին բան չի ասել, էսօր բանտում է գտնվում: Սա լավագույն ցուցիչն է, թե ինչպես են վարվում, և եթե այսօր դատարանում լուծումներ չեն լինելու, ընդ որում մենք Վահան Բադասյանի ազատ արձակվելու խնդիր չենք ուզում լուծել, արդարություն հաստատելու խնդիր ենք լուծում: Ի վերջո, մեր երկրում պետք է յուրաքանչյուր ոք իմանա, որ իրավաբանները ոչ թե պատվերով աշխատանք են կատարում, այլ օրենքից բխող իրենց պարտականությունները: Վահան Բադասյանի դեպքում մենք դա չունենք: Հույս ունեմ, որ այսօր լուծումներ կունենանք, որոնք կլինեն օրինական, օբյեկտիվ և արդարացի: Եթե այդպես լիներ, ապա Վահան Բադասյանը վաղուց պետք է լիներ ազատության մեջ, իսկ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը այս որակումով ենթակա է դադարեցման: Այդպիսի որակմամբ չի կարող լինել մեղադրանք:

Ինչու իշխանությունների, ԱԱԾ-ի կողմից չկա արձագանք Սահմանադրությունն այսպես ոտնահարելու հայտարարություններին, կոչերին ու պահանջներին:

Չգիտեմ: Առնվազն այն հանգամանքը, որ որոշակի պատվերներ, որոշակի քաղաքական նպատակներ են հետապնդում այդ կոչերը, և քանի դեռ այդ քաղաքական պատվերները մնում են ուժի մեջ, իրավապահները շարունակում են օրենքից դուրս իրենց գործելաոճը: Հայաստանում դա տարիներ շարունակ ընդունված ձեռագիր և գործելաոճ է: Զարմանալի չէ, որ այդպես է լինում: Հիմա քաղաքական լծակներ ունեցող անձինք, պաշտոնյաները կգան, կքննարկեն, կորոշեն՝ ինչպես վարվել Վահան Բադասյանի հետ: Պարզ է, որ շաբաթ-կիրակի մարդիկ հանգստանում էին, վայելում իրենց պարգևավճարները, տարբեր խնջույքների էին հավանաբար մասնակցում և չէին կարող կիրակի օրով գալ աշխատանքի և քննարկել օրինակ երաշխավորությունների հարցը: Այսինքն մարդը բանտում պետք է սպասի, մինչև աշխտանքային օրով որոշում կայացնեն: Այստեղ խոսքը նաև մարդու կյանքի իրավունքի մասին է, երբ նա առողջական խնդիրներ ունի: Այսինքն մեր երկիրն այնքան լավ վիճակում է, այնքան լավ հասարակարգ ու տնտեսություն ունի, որ շաբաթ-կիրակի պետք է հանգստանան: Իսկ Բադասյանը և այլ անձինք, որոնք կլինեն այս իրավիճակում, նման առողջական վիճակի պայմաններում, ուղղակի պետք է սպասեն: Իրավապահ կառույցների վերաբերմունքն այդպիսին է, բայց եթե պետք լիներ մեկին կալանավորել, կիրակի գիշերը ժամը 1-ին էլ կտանեին, կկալանավորեին: Իսկ եթե ազատության հարց է, ապա այն աշխատանքային օրը կքննարկեն:

Դուք ակնկալիք ունե՞ք, որ Օպերայի շենքում կայացած հավաքին կլինի իրավական կամ քաղաքական գնահատական:

Բացառված է, որ երեկվա միջոցառմանը ԱԱԾ-ն կտա գնահատական: Որովհետև Վահան Բադասյանի կողմից հրապարակային խոսք հնչեցնելուց 1-2 ժամ հետո նա արդեն ԱԱԾ քննչական դեպարտամենտում էր: Շատ օպերատիվ, շատ արագ մարդը հայտնվեց անազատության մեջ: Շաբաթ օրվա այդ միջոցառումը տևել է մի քանի ժամ, այնուհետև ոստիկանության և տարբեր ծառայությունների ուղեկցությամբ Օպերայից երթով գնացել են Հանրապետության հրապարակ, հնչել են Հայաստանի ինքնիշխանությանն սպառնացող ելույթներ, ժողովրդի իշխանությունը տապալելու մասով ելույթներ: Դժվա՞ր էր այդ ժամանակ ինչ-որ միջոցառում ձեռնարկել: Այդքանից հետո մտածել, որ երկուշաբթի կորոշեն ինչ-որ բան անել, անհեթեթություն է: Որևէ բան չեն անելու, բացառված է, որ որևէ քայլ անեն, որովհետև այսօրվա քաղաքական իշխանությունն այդքան համարձակություն և ինքնուրույնություն չունի նման հարց լուծելու համար:

facebook sharing button

Cele