«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԿՈՐԾԱՆՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՎ ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆՆԵՐ ՃՇՏԵՆՔ. ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

03/11/2021

Հայաստանի Խորհրդային Հանրապետությունն ուներ հիմնականում հստակ սահմաններ իր հարևանների հետ։ Այդ սահմաններից դուրս էր ԼՂԻՄ –ը։ ԽՍՀՄ փլուզումից առաջ սկզբնավորվեց արցախյան շարժումը, իսկ փլուզումից հետո Խորհրդային Հայաստանի սահմանների վրա հռչակվեց  3 – րդ անկախ հանրապետությունը։ Երրորդ հանրապետության ստեղծումից շատ չանցած սկսվեց պատերազմն Ադրբեջանի հետ, որը նույնպես անկախ էր հռչակվել։ Այդ պատերազմի ընթացքում  հայկական անկախ պետությունը հաղթանակ տարավ  և ինքը գծեց իր սահմանները։ Այդ սահմաններով  ՀՀ – ը մինչև վերջերս ճանաչվել է  մեծ տերությունների և ՄԱԿ –ի Անվտանգության խորհրդի կողմից , նրա տարածքային ամբողջականությունը  չի վիճարկվել  և վիճարկվում։ Սստեղծվեց նաև դե ֆակտո անկախ  ԼՂ  հանրապետությունը, որը Հայաստանի մաս չէր։ Բանակցություններ են գնացել միայն ԼՂԻՄ – ին միացած, այսպես կոչված <<գրավյալ >>, իրականում մեր կողմից ազատագրված տարածքների  և ԼՂ կարգավիճակի շուրջը։ ՀՀ սահմանների փոփոխության հարցը քննարկման առարկա չի հանդիսացել։

 Հիմա Ռուսաստանի Դաշնության ղեկավարը արցախյան երկրորդ պատերազմից հետո խոսում է նոր սահմանազատման և սահմանագծման մասին, որի հիմք պետք է հանդիսանան ԽՍՀՄ –ի շրջանում, մասնավորապես 1926 – 28թթ․, գծված  քարտեզները։ Հարց է առաջանում՝ ի՞նչ տրամաբանությամբ կործանված պետության քարտեզների հիմքով ՀՀ –ն պետք է կատարի սահմանազատում կամ սահմանագծում, երբ մենք անկախ պետություն ենք և աշխարհի կողմից  մեր տարածքային ամբողջականությունը  ճանաչված։  Եթե անցյալ  տարի պատերազմ է գնացել  Արցախի համար և Ադրբեջանը գրավել է նրա մեծ մասը, զինադադար է կնքվել Ռուսաստանի միջնորդությամբ, ապա՝ դա պետք է վերաբերվի Արցախին և Նոյեմբերյան համաձայնության կետերին, որոնցով  չի նախատեսվում  ՀՀ – ից հավելյալ տարածքներ զիջել Ադրբեջանին/։ Եթե ծրագրվում են  ստեղծել  նոր տնտեսական կապուղիներ, ապաշրջափակված երկաթգծեր կամ ճանապարհներ, ապա դրանք ոչ մի կերպ չպետք է իրականացվեն ՀՀ –ից տարածքներ նվիրաբերելու պայմանով։

Եթե մեր անվտանգության խնդիրը կապում ենք տարածքներ հանձնելու և Ռուսաստանի այստեղ գտնվելու հանգամանքի հետ, ապա դա ժամանակավոր է և խաբուսիկ։ Արցախի պարագայում  այսօր Ռուսաստանին հակադրվելը  մեզ համար արդյունավետ քաղաքական գիծ չէ, որովհետև նա Թուրքիայի հետ  գործընկերային  հարաբերությունների մեջ է, բայց ՀՀ սահմանների հարցով պետք է դիմակայել, որվհետև Ռուսաստանն այս պարագայում  չի կարող մեզ  անպայման հակադրվել՝  մենակ թողնելով թուրքերի հետ, քանի որ դրանով    իր ազդեցության այս շրջանը լրիվ պետք է լքի, որը հազիվ թե բխում է նրա քաղաքական շահերից։ Բացի այդ՝ այս դեպքում բացահայտ ի վնաս  նրա  կխաղան Իրանն ու Արևմուտքը։

Սակայն ընդհանուր համոզմունք այն է, որ մենք վարում ենք մի քաղաքականություն, որը ենթադրում է համաձայնվել  ամեն ինչի հետ, ինչ մեզ ասում են։ Լավ, այսօր լսենք ռուսներին և շարժվենք նրանց կամքով, իսկ եթե վաղը նրանք գնա՞ն։ Այ ս դեպքում ինչպես ենք դիմակայելու մեր ռազմավարական գլխավոր կետերում առոք -  փառոք բազմած  ադրբեջանցիներին։

Եզրակացություն։ ՀՀ սահմանների հարցում ռուսների պարտադրանքներին դիմակայելը անհրաժեշտություն է թե՛ մեր անվտանգության և թե՛ մեր միջազգային վարկի տեսանկյունից։ Թե չէ՝ մեր քաղաքական կշիռը գետնին է հավասարվում, մենք դառնում ենք արհամարելի պետություն։ Խարխուլ  հիմքերով քաղաքական լուծումներով տնտեսական հաղթանակներ ձեռք բերելու հույսերը երբեք իրականանալի չեն։