«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի ճանաչում. Եռակողմ հայտարարության ռուս-թուրքական խախտումները առիթ են

01/06/2021

Նիկոլ Փաշինյանն արդեն ժամանել է Ֆրանսիա, որտեղ հանդիպելու է Ֆրանսիայի նախագահին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ հետո ուղեւորվելու է Բրյուսել, որտեղ հանդիպումներ են լինելու Եվրամիության ղեկավարության հետ։
Հիշեցնենք, որ այցի մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ Փաշինյանն ընդունեց «Ռուսաստանի առաջարկը» սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին, բայց հայտնի դեպքերից հետո իր բանաձեւն առաջարկեց՝ սահմանից զորքերի համաժամանակյա հետքաշում եւ ռուս կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիտորդների տեղակայում։ Այս ձեւակերպումը ենթադրում է, որ Փաշինյանը դիտարկում է Հայաստանի սահմանին ԱՄՆ-ից կամ Ֆրանսիայից դիտորդների տեղակայման հնարավորությունը։
Այդ առաջարկը համաձայնեցվե՞լ է Փարիզի հետ։ Բանաձեւի հրապարակումից հետո ԵՄ-ն եւ ՄԽ համանախագահները ողջունեցին այն, բայց գործնական քայլեր կարծես թե միայն Մոսկվան է ձեռնարկել։ Ինչպես նշվում է Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ, նրանք քննարկել են «վերջին պայմանավորվածությունների իրականացման ուղիների» հարցը։
Վաղարշակ Հարությունյանի Մոսկվա այցից հետո Արա Այվազյանը հրաժարական տվեց ԱԳ նախարարի պաշտոնից։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում երկու արտաքին քաղաքականություն է իրականացվում՝ մեկը Վաղարշակ Հարությունյանի գծով, որը հանգում է Հայաստանը Ռուսաստանի «պատասխանատվության գոտիների» մասնատելուն եւ Արցախյան խնդիրը փակելուն, իսկ մյուսը՝ ԱԳՆ գծով, որը փորձում է դիվերսիֆիկացնել արտաքին գործընկերներին ու առաջ տանել արցախյան օրակարգը։
Եվրոպա այցով Փաշինյանը մտադի՞ր է պայմանավորվել Արցախի հարցի քննարկման շուրջ։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները բանաձեւեր են ընդունել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն, սակայն, նշել է, որ անգամ Հայաստանը չի ճանաչել Արցախը։
Հայաստանի գործող խորհրդարանն իր գոյության վերջին օրերին հնարավորություն ունի ուղղել սխալը եւ ճանաչել Արցախը, ինչը կարեւոր ռազմավարական քայլ կլինի։ Դրա առիթը Եռակողմի դրույթների ռուս-թուրքական խախտումներն են:
ԵԱՀԿ Մինսկի խումբն այդպես էլ չի վերսկսել աշխատանքը, քանի որ Ռուսաստանը Բաքվի հետ միասին տորպեդահարում է գործընթացը, իսկ Հայաստանը չի հրաժարվում եռակողմ ձեւաչափից։ Այդ պատճառով միջազգային կազմակերպությունները չեն կարողանում այցելել Արցախ ու մոնիտորինգ իրականացնել։ Նույն ճակատագիրն է սպասում Փաշինյանի հրավիրած «դիտորդներին». Բաքուն մինչ օրս չի արձագանքել Փաշինյանի առաջարկին, որով Ռուսաստանն «առանձնացվում» է ՄԽ համանախագահներից։
Իրավիճակը կարող է փոխել միայն միակ լեգիտիմ քայլը՝ Արցախի ճանաչումը։
lragir.am