«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արտահերթ ընտրությունների շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն. վարչապետ

16/12/2020

Հարցն այն չէ՝ վարչապետը հեռանա թե չհեռանա, հարցն այն է, թե ով է որոշում, թե ով է Հայաստանի Հանրապետությունում վարչապետը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ այս իրավիճակում արդյոք տրամաբանական չէ՞ վարչապետի փոփոխությունը: 

«Ժողովուրդը պետք է իր ընտրությամբ որոշի, արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն»,- ընդգծել է Փաշինյանը:

«Ազատություն» - Դուք բոլորին մեղավոր եք համարում՝ բացի Ձեզնից, ի վերջո, Դուք եք այս իրավիճակում երկրի ղեկավարը և պատասխանատվություն, ասում եք, ստանձնում եք, բայց մեղադրանքներն ուղղում եք այլ ուղղություններով: Ո՞րն է Ձեր մեղքը, պարոն վարչապետ:

Նիկոլ Փաշինյան - Շատ լավ, ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը:

«Ազատություն» - Ինչո՞ւ Դուք հուլիսին Տավուշում գնացիք իրավիճակի սրման ճանապարհով, ինչո՞ւ այդ փոքր հաջողությունը Սարդարապատում ներկայացրիք որպես նշանակալի ձեռքբերում, ինչո՞ւ էր Ձեր պաշտպանության նախարարը խոսում «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևով, ինչո՞ւ գնալ այս քայլերին, երբ Ձեզ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասում է՝ մենք պատերազմին պատրաստ չենք:

Նիկոլ Փաշինյան - Պատերազմից խուսափելու տարբերակն, ըստ էության, Ղարաբաղի կարգավիճակից հետագա հրաժարվելն էր: Իրավիճակը հասել էր մի կետի, երբ որ պատերազմն անխուսափելի էր: Մենք էլ ենք վերլուծել, որ հնարավոր է չպարտվել, և եթե հնարավոր է չպարտվել, ուրեմն պետք չէ հանձնվել: