«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի նախկին ռազմաքաղաքական իշխանություններից Բաքվի բանտում հարցազրույցներ վերցնելու փաստը մարդու իրավունքների միջազգային նորմերի կոպտագույն խախտում է․ իրավապաշտպաններ

11/03/2024

Արցախի նախկին ռազմաքաղաքական իշխանություններից Բաքվի բանտում հարցազրույցներ վերցնելու փաստը մարդու իրավունքների միջազգային նորմերի կոպտագույն խախտում է։ Նման կարծիք InfoPort.am-ի հետ զրույցում հնչեցրեցին միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը և Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Ըստ Արա Ղազարյանի հենց այն փաստը, որ Արցախի նախկին ղեկավարներին հանրայինորեն ցուցադրում են, ըստ էության նվաստացուցիչ պայմաններում, անազատության մեջ, որոշակի էմոցիոնալ վիճակում, արդեն իսկ մարդու իրավունքների միջազգային նորմերի խախտում է։

Նա նաև նշեց, որ պատանդի կարգավիճակում պահվող Արցախի ռազմաքաղաքական իշխանության ներկայացուցիչների ցանկացած հայտարարության պետք է վերապահումով մոտենալ, քանզի հասկանալի է ինչ իրավիճակում և ինչ ճնշումների ներքո են դրանք արվում։ «Այդ հարցազրույցները ավելի շատ ադրբեջանական և հայաստանյան լսարանների համար են նախատեսված որոշակի հուզական ֆոն ստեղծելու համար։ Ես չեմ կարծում, որ դրանք կարող են հետագայում որևէ միջազգային ատյանում որևէ գործընթացի համար լուրջ հիմք հանդիսանալ, քանզի բոլորն էլ հասկանում են այդ հայտարարությունները ինչպիսի պայմաններում և ինչի հետևանքով են արվել»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Իր հերթին Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը ևս նշեց, որ Արցախի նախկին ղեկավարներին անազատության մեջ և իրենց կամքին հակառակ ցուցադրելը մարդու իրավունքի կոպտագույն խախտում է։ «Նույնը վերաբերվում է այդ հարցազրույցներին, որոնք ակնհայտորեն պարտադրվել են արցախյան գործիչներին, հաշվի առնելով Բաքվի բանտում նրանց կյանքին սպառնացող անմիջական վտանգը և այդ համատեքստում նրանց կողմից իրենց կամքի ազատ արտահայտման անհնարինությունը։ Այս առումով խախտվում են մարդու իրավունքներին առնչվող բազում միջազգային նորմեր, այդ թվում խոսքի ազատության նորմը, մարդու արժանապատվության նորմը, անձնական կյանքի անձեռնմխելիության նորմը»,- պարզաբանեց իրավապաշտպանը։

Նա նաև ընդգծեց, որ ադ պարտադրված հարցազրույցներում հնչեցված մտքերը չեն կարող հիմք հանդիսանալ միջազգային քաղաքական կան իրավական գործընթացների համար, որովհետև միջազգային պրակտիկայում ճնշման և կյանքի անմիջական սպառնալիքի ներքո արտահայտված մտքերը չեն դիտարկվում որպես ապացույց կամ հիմնավորում։ «Նման նախադեպերը շատ են»,- եզրափակեց իրավապաշտպանը։      

Նշենք, որ երեկ ադրբեջանական AZTV հեռուստաալիքը Բաքվի բանտում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հետ հարցազրույցների անոնսների շարք հրապարակեց։

Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանին լրագրողը մասնավորապես հարցրել է՝ արդյոք նա կպատկերացնե՞ր, որ «հատուկ օպերացիան» ընդամենը մեկ օր կտևեր։

Ըստ InfoPort.am-ի տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանին մասնավորապես հարցեր են ուղղել 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի գործողությունների մասին (պատերազմի ժամանակ Հարությունյանը հանրայնորեն դրա պատասխանատվությունը վերցրել էր իր վրա), ինչպես նաև խաղաղության պայմանագրի մասին։