«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության պատվիրակությանը

27/08/2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և իր կողմից պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրների միջև համագործակցության խորացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն խոսել է հայ-ռուսական համագործակցության հաջողված ծրագրերի մասին և ընդգծել, որ ռուսական ընկերությունները հետաքրքված են դրանց ակտիվացմամբ և Հայաստանում նոր ներդրումներով։ Նա հույս է հայտնել, որ այս հանդիպումը ևս լավ խթան կհանդիսանա համագործակցության նոր ոլորտներ նախանշելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների, թափոնների կառավարման և վերամշակման, միջմարզային համագործակցության, զբոսաշրջության ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր։ Նախարարը ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերը և հյուրերի հետ քննարկել համագործակցության հնարավորությունները։

Այս համատեքստում դիտարկվել է Տրանշ 4 Սիսիան - Քաջարան նոր հատվածի կառուցման ծրագրում ռուսական ընկերությունների հետաքրքրվածության և մասնակցության հարցը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ և ՌԴ վարչատարածքային միավորների միջև համագործակցության ընդլայնմանը՝ երկուստեք նշելով, որ այստեղ զարգացման ռեալ ներուժ կա։ Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը համագործակցության զարգացման և ընդլայնման ուղղությամբ։