«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԻՐԿԸ․ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

08/04/2022

Պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ 
Մեր բազմաթիվ վերլուծություններում արցախյան երկրորդ պատերազմից հետո այն տեսակետն ենք մշտապես հայտնել, որ Ռուսաստանին այլևս ամենևին ձեռնտու չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորոդությամբ բանակցությունների շարունակությունը, քանի որ նոյեմբերյան համաձայնագրով փաստորեն ինքն էր այս տարածաշրջանում հանդիսանում գլխավոր թելադրողը, այս առումով որոշ դերակատարություն վերապահելով նաև Թուրքիային: Այս մոտեցումը բնականաբար ավելի խորացավ, երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, որի հետնախորքի վրա այն եզրակացությունը փաստորեն մատուցեցինք, որ արդեն ամենևին հիմնազուրկ են բոլոր դիմումնագրերը ՄԱԿ –ին կամ միջազգային հանրությանը, որոնցում բողոքում էինք Փառուխում Ադրբեջանի առաջխաղացաման կամ Քարագլխում դիրքավորման փորձերի մասին: Ավելին, դա կարող էր ավելի բորբոքել Ռուսաստանին, որն Արևմուտքի հետ նոր կարմիր գծեր է քաշում և որն այս տարածաշրջանն համարում է իր ազդեցության ոլորտ: Ինչպե՞ս էր հնարավոր հարցի վերադարձը Մինսկի խումբ, որի երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ –ն և Ֆրանսիան փաստորեն Ռուսաստանին հայտարարել են տնտեսական պատերազմ, ամեն օր նոր պատժամիջոցներ են սահմանում նրա նկատմամբ, որից ոչին չի շահում հենց ուկրաինական ժողովուրդը: Այսօր արդեն, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո, Լավրովը փաստորեն արտահայտվեց այս պարզ ճշմարտության մասին, որ ԱՄՆ – ի և Ֆրանսիայի ռուսաֆոբ դիրքրոշումներն այլևս անհնար են դարձնում արցախյան խնդրով Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները, այսինքն՝ վերջ արցախյան խնդրով ԵԱՀԿ գլխավոր դերկատարությանը, որից, ըստ նրա, չեն շահում հայերը: Այսպիսով, խնդրի լուծումը լիովին և վերջնականապես անցնում է Ռուսաստանի տիրույթ և այս առումով վերջ ծիսական մոտեցումներին: Սրա մասին էր վկայում նաև Փառուխի դեպքերին նրա անդրադարձը: Այստեղ տարօրինակ ոչինչ չկա: Մինսկի խումբն արդեն վաղուց մեռած է արցախյան խնդրի լուծման տեսանկյունից: Ռուսաստանը գործելու է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք գրավոր ընդունվել են եռակողմ հանդիպումների ընթացքում: Հարկավ բրյուսելյան հանդիպումը ողջունելի էր, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծումն ու սահմանզատումը կատարող հանձնաժողովի ստեղծման որոշումը՝ դրվատելի քայլ: Բայց այդ ամենում ջութակի առաջին լարը մնում է Ռուսաստանի ձեռքում և, չնայած հավակնոտ հայտարարություններին ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը և հակառակը դեռևս անորոշ են թողնում Արցախի քաղաքական ապագան: Վստահորեն կարելի է պնդել, որ այս առումով բավարարված չի մնալու Ադրբեջանը և սահմանaզատումն ու սահմանագծումը եթե իրականանան, ապա՝ Արցախի խնդիրը կանջատվի դրանից և դեռևս տևական ժամանակ անորոշ կարգավիճակով կմնա ռուսական հսկողության ներքո: Մանավանդ այժմ Ռուսաստանին ամենևին ձեռնտու չէ Արցախն Ադրբեջանին թողնելը, ինչպես նաև ՀՀ-ն այդ խնդրից լրիվ ձերբազատումը: Մարգարեանալու ցանկությամբ ամենևին հակված չլինելով, շեշտենք միայն, որ «մահակի և բլիթի քաղաքականության» ավարտը Ռուսաստանի կողմից մոտիկ ապագայում տեսանելի չէ: Արցախի՝ Ադրբեջանին մաս կազմելն այս պահին ֆանտազիայի ժանրից է, կարգավիճակի ճշգրտումը նույնպես: Ադրբեջանի վերջերս ներկայացրած հինգ պահանջների մեջ, որոնցից առաջինը տարածքային ամբողջականության ճանաչումն է ՀՀ կողմից ոմանց համոզմունքով՝ ներառյալ Արցախը, Ադրբեջանը չի որոշում: Ասվածի հետնախորքի վրա էլ անհնար է պատկերացնել նաև Հայաստանում իշխանափոխություն, դրան ձգտողները մազաչափ անգամ անկարող են ազդել այն պրոցեսների վրա, որոնք ծրագրել է Ռուսաստանը և որի թելն է նաև անուղղակիորեն թելում Եվրոխորհուրդը, որը թերևս շատ լավ է հասկանում, որ առանց Ռուսաստանի համաձայնության ամլության է դատապարտված իր ցանկացած ձգտում կամ միջնորդություն:, բայց ստեղծում է հարց լուծող լինելու մասին պատրանք, որը ցրեց Լավրովը: Մեզ մնում է հասնել ամենադժվարին՝ ներքին կայունության և բանակի վերազինման: Այժմ Արևմոտքին դիմելը, պահանջատիրական ցանկությունները քայլեր կլինեն բարակ սառույցի վրայով: