February 17, 2019

Թուրքիայում հիմնադրվել է Դերսիմի ու Դերսիմի հայերի մասին ուսումնասիրություններ հրատարակող հայկական հրատարակչատուն

Թուրքիայում հիմնադրվել է Դերսիմի ու Դերսիմի հայերի մասին ուսումնասիրություններ ու գրքերի թարգմանություններ հրատարակող «Փրկիչ» հայկական հրատարակչությունը։ Այն հիմնադրվել է Դերսիմի հայերի միության հիմնադիր ու նախկին նախագահ Միրան Գյուլթեկինի կողմից, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը։

Հայտնի է, որ հրատարակչությունն արդեն հասցրել է լույս ընծայել իր առաջին գիրքը՝ Վարդգես Անդրեասյանի Դերսիմի մասին հուշերը, որոնց բնօրինակը հայերեն է։ «Դերսիմի ողբը-1915» գրքի թուրքերեն թարգմանությամբ զբաղվել է Տիրան Լոքմագյոզյանը։

«Մահմեդականացված հայերի մասին պատմությունները վերջին տարիներին ջրի երես դուրս եկան։ Խոսելու, պատմելու ու գրելու ընթացքում տեսնում ենք, որ շատ-շատ պատմություններ կան։ Երբ մարդիկ սկսում են պատմել, թեկուզ մի քիչ, վերքը լավանում է։ Պատմելն ու իրար հասկանալը հրատարակված ամեն պատմության հետ պետք է ավելի հեշտանա», – ասել է Գյուլթեկինն «Ակօս»-ի հետ զրույցում։

Հրատարակչությունը նպատակ ունի լույս ընծայել Դերսիմի պատմության ու դերսիմահայության մասին թե՛ Թուրքիայում արված հետազոտություններ, թե՛ Հայաստանում ու Սփյուռքում հրատարակված, բայց դեռևս թուրքերեն թարգմանություն չունեցող գրքեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *