«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այն գետերը, որոնք գտնվում են Ադրբեջանի տարածքում և հոսում են Արցախ և Հայաստան, պետք է վերահսկողության տակ լինեն և կատարվեն ամենօրյա հետազոտություններ. Սիլվա Ադամյան

24/11/2020

Չեմ ուզում ոչ մեկին վախեցնել, բայց այն գետերը, որոնք այժմ գտնվում են թշնամու տարածքում, կարող են կիրառվել որպես կենսաբանական զենք, և ջրային ռեսուրսների միջոցով վարակիչ հիվանդություններ և թունավորումներ լինեն: Պետք է այդ գետերը շատ լուրջ վերահսկողության տակ լինեն, և կատարվի ամենօրյա հետազոտություններ. Tert.am-ի հետ զրույցում նշեց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով Քարվաճառում գտնվող այն ջրային պաշարներին, որտեղից սկիզբ առնող գետերը նաև սնում են Սևանի ավազանը և Ադրբեջանին հանձնելուց հետո հնարավոր խնդիրներին:

«Պետք է լինեն շրջիկ լաբորատորիաներ, որոնք կիրականացնեն ամենօրյա հետազոտություններ, որքան տեղյակ եմ, մեկ այդպիսի նվեր ստացել ենք Ռուսաստանի Դաշնությունից, Ռուսաստանը լավ հասկանում է, որ այն երկիրը, որը կիրառել է ֆոսֆորային զենք, կարող է այլ միջոցներ ևս  կիրառել: Ռուսաստանում լավ գիտեն, թե ջրային ռեսուրսների թունավորումը ոնց է կատարվում և ի՞նչ է դրա համար պետք: Լավ է, որ Ռուսաստանը այդ տարածքում ներկայություն ունի, և ռուս բժիշկները հետազոտություն կանեն: Վտանգն այնքանով է մեծ, որ հնարավոր է մասսայական թունավորումներ ու վարակներ սկսվեն, որը պետք է կանխել: Իսկ շրջիկ լաբորատորիաներ Կառավարությունը  կօգտագործի, թե ոչ, դա մեծ հարց է: Պետք է ահազանգել ու ստիպել Առողջապահության նախարարությանը, որ Արցախի Առողջապահական մարմինների հետ միասին ջրային ռեսուրսների մշտադիտարկում կատարեն»,- ընդգծեց բնապահպանը:

Նրա խոսքով՝ բոլոր զարգացած երկրներում ջրային պաշարները հետազոտության են ենթարկվում, իսկ խորհրդային տարիներին ջրի հետազոտություն էր իրականացվում օրը երեք անգամ՝ Գետառ, Հրազդան և այլ գետերից, այդ թվում՝ նաև սահմանամերձ տարածքներում:

Մասնագետի համոզմամբ՝ Հայաստանում կան հրաշալի մասնագետներ, որոնց փորձը պետության կողմից չի օգտագործվում, իսկ խնդիր հայտնաբերելու դեպքում տարբեր միջոցներ կան այն վերացնելու համար:

Սիլվա Ադամյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից  ֆոսֆորային զենքի օգտագործմանը, նշեց, որ դիմել են 50-ից ավել կազմակերպությունների, որոնք խնդրին անդրադարձել են թեթև և այս առումով պետք է հույսը դնել միայն մեր վրա:

«Բացի Ֆրանսիայից, եվրոպական երկրները, ԱՄՆ-ն  քաղաքական պասիվությունը դրսևորեցին, իսկ միջազգային բնապահպանական կազմակերպությունները խիստ կախվածություն ունեն այդ երկրներից, իսկ լռությունը և թեթև անդրադարձը խոսում է հենց  այդ մասին: Ավելի շատ հարցին անդրադարձել են մարդու իրավունքների հետ կապված կազմակերպությունները»,- նկատեց Սիլվա Ադամյանը:
 

tert.am