«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների բնակիչներին տրամադրված վարկերի ծավալները գնահատելու համար վերլուծություններ են արվում, քննարկվում են վարկերի մարման եղանակները. ԿԲ

01/12/2020

Արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչներին տրամադրված վարկերի ստույգ ծավալները գնահատելու համար վերլուծություններ են իրականացվում, որոնք դեռևս ամփոփված չեն: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: «Նշված վարկերի մարման եղանակների հետ կապված արդյունավետ և փոխշահավետ լուծումներ գտնելու ուղղությամբ ներկայում ընթանում են քննարկումներ»,- ասվում է հարցման պատասխանում:

ԿԲ-ի տեղեկացմամբ՝ ՀՀ տարածքում գործող թվով 17 բանկերից 7-ն ունեն մասնաճյուղեր Արցախում: Այժմ Կենտրոնական բանկի և բանկերի կողմից իրականացվում են համատեղ քայլեր՝ Արցախում բանկային ծառայությունների հասանելիությունը շարունակելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 7 շրջանները, Շուշին, Հադրութ քաղաքը և շրջանը, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի շրջաններից մի շարք համայնքներ:

Ստորև հարցուպատասխանի ձևով ներկայացվում է ԿԲ-ի մեկնաբանությունները հայրենազրկված քաղաքացիների վարկային պարտավորությունների վերաբերյալ.

– Նշված տարածքների բնակիչները որքա՞ն (դրամային արտահայտությամբ) վարկային պարտավորություններ ունեն: Քանի՞ բնակչի մասին է խոսքը:

- Ներկայումս բանկերի կողմից իրականացվում են վերլուծություններ նշված տարածքներում վարկ ունեցող բնակչության և վերջիններիս տրամադրված վարկերի ստույգ ծավալները գնահատելու համար: Նշվածը պահանջում է որոշակի գործողությունների իրականացում (կապ վարկառուների հետ, վարկերի և գրավների գույքագրում և այլն): Համապատասխանաբար այս մասով վերլուծությունները դեռևս ամփոփված չեն:

– Փաստացի, փախստականի կարգավիճակում հայտնված վերը նշված բնակիչներն ինչպե՞ս պետք է մարեն իրենց վարկերը: Ի՞նչ որոշում է կայացվելու:

- Նշված վարկերի մարման եղանակների հետ կապված արդյունավետ և փոխշահավետ լուծումներ գտնելու ուղղությամբ ներկայում ընթանում են քննարկումներ ՀՀ Կառավարության, ԱՀ Կառավարության, Կենտրոնական բանկի, համապատասխան առևտրային բանկերի և այլ շահագրգիռ անձանց միջև:

– Վերը նշված վարկերը չմարելու պարագայում ի՞նչ վիճակում կհայտնվեն, ի՞նչ խնդիրների առաջ կկանգնեն բանկերը:

- Հայաստանի առևտրային բանկերն ունեն կապիտալիզացիայի և իրացվելիության բավարար մակարդակ, և տարբեր վերլուծությունների և գնահատականների արդյունքում ի վիճակի են կլանելու նախորդ կետում նշված հավանական լուծումներից բխող հնարավոր ռիսկերը

– ՀՀ-ում գործող 17 բանկերից քանի՞սը նաև Արցախում մասնաճյուղեր ունեն: Շարունակելո՞ւ են այդ բանկերը գործունեություն ծավալել Արցախում:  

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող թվով 17 բանկերից 7-ն ունեն մասնաճյուղեր Արցախում: Ներկայում Կենտրոնական բանկի և բանկերի կողմից իրականացվում են համատեղ քայլեր՝ Արցախում բանկային ծառայությունների հասանելիությունը բնականոն եղանակով շարունակելու համար:
 

tert.am