Ուրբաթ, Սեպտեմբերի 24, 2021

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԱԽՈՂՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ․ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

15/09/2021

Սևրի պայմանագրի թեման միշտ մնում է հայ ժողովրդի համար արդիական։ Նրանով նախատեսած Հայասատանի սահմանների վերականգնման հնարավորության կամ անհնարինության հարցը կքննարկվի այնքան ժամանակ, քանի կա հայ ժողովուրդը։ Իսկ քանի որ , ինչպես ընդունված է ասել՝ հայ ժողուրդը միշտ գոյություն է ունենալու, ուրեմն այս թեման հավերժական է։ <<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական վերլուծական կենտրոնը, համաձայն իր որդեգրած ծրագրերի, մեր ընթերցողներին է մատուցում կեենտրոնի նախագահ, պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի Սևրի պայմանագրի ձախողման պատճառների մասին վերլուծականը։ Այն ընթերցողների դատին է հանձնվում մաս - մաս;

Մաս 1․ Իրադարձությունները Թուրքիայում Մուդրոսի զինադադարից  հետո.  Քեմալական շարժման սկզբնավորումը

Գերմանիայի գլխավորությամբ ստեղծված դաշինքում Առաջին Աշխարհամարտի մեջ մտած Օսմանյան Կայսրությունը պարտություն կրեց։
           1918 թ. Հոկտեմբերի 30-ին Մուդրոս նավահանգստում (Էգեյան ծով, Լեմնոս կղզի), անգլիական «Ագամեմնոն» հեծանավի վրա ստորագրվեց զինադադար, որի համաձայն սուլթանական կառավարությունը պարտավորվում էր հանձնել իր ռազմանավերը, ցրել բանակը, զորքերը դուրս բերել արաբական բոլոր տարածքներից, դաշնակիցների վերահսկողության տակ դնել երկաթուղիները, փոստը, հեռագրական կապը։ Անտանտի տերությունները՝ Դաշնակիցները գրավում էին նեղուցների ամրոցները, հայկական վիլայեթները՝ դրանցից մեկում անկարգություններ ծագելու դեպքում, նաև ցանկացած ռազմավարական կետ, եթե հանգամանքները սպառնալի դառնան Դաշնակիցների անվտանգության համար։
          Այսպիսով՝ Օսմանյան Կայսրությունը դե ֆակտո վերացավ պատմության թատերաբեմից։ Անգլիան զավթեց Մոսուլի եւ Իսկենդերունի շրջանները (հետագայում Իսկենդերունն ու Կիլիկիան գրավեց Ֆրանսիան), Ֆրանսիան՝ Սիրիայից հյուսիս ընկած լայն տարածքը, Իտալիան՝ հարավ-արեւմտյան Անատոլիան եւ հարեւան շրջանները՝ մինչեւ Կոնիա։ 1919 թ. մայիսի 15-ին հունական զորքերը գրավեցին Իզմիրը։
           1919 թ. սկզբին Թուրքիայում իշխանության գլուխ անցավ «Հյուրիյեթ վե իթիլյաֆ» («Ազատություն եւ համաձայնություն») կուսակցությունը, որն առաջնորդվում էր զուտ անգլիական ցուցումներով։ Խորհրդարանը արձակվեց մինչև հաշտության կնքումը։ Հաշտության հարցերը քննվեցին Փարիզի Հաշտության Խորհրդաժողովում, այնուհետ՝ Սան– Ռեմոյում։
Ինչպես հայտնի է, Հայոց Ազգային Պատվիրակությունը եւ Հ.Հ. Պատվիրակությունը 1919 թ. Փետրվարի 12֊-ին Փարիզի Խորհրդաժողովին ներկայացրին հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը, որով նախատեսվում էր հայկական անկախ պետության ստեղծում եւ ճանաչում՝ հայկական յոթ վիլայեթների վրա եւ Կիլիկիայում, որոնց պետք է միավորվեր Հայաստանի Հանրապետությունը։ Դաշնակից պետություններից մեկը պետք է 20 տարով ստանձներ Հայաստանի հոգատարությունը (մանդատը)։
           Այս հուշագիրը դրական արձագանք չգտավ։ Միայն 1920 թ. հունվարի 19-ին  Փարիզի Հաշտության խորհրդաժողովը  դէ ֆակտո ճանաչեց:
           Հայաստանի Հանրապետությունը Սան - Ռեմոյի Խորհրդաժողովում (1920 թ. ապրիլի 19-26) մշակվեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծ, որը հետագայում ընկավ Սևրի հաշտության պայմանագրի հիմքում։ Խորհրդաժողովը դիմեց ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնին՝ ընդունելու Հայաստանի հոգատարությունը և միջնորդ հանդիսանալու սահմանների հարցում։ Մի բան ակնհայտ է, որ այս երկու խորհրդաժողովների որոշումներն էլ չբավարարեցին հայոց պահանջները, և դա ուներ իր լուրջ պատճառները։
          Նախ եւ առաջ՝ չափազանց լայն էին հայոց պատվիրակությունների պահանջած սահմանները, երկրորդ՝ դաշնակիցների միջեւ առկա տարաձայնությունները նպաստում էին համատեղ ճնշման բացակայությանը, երրորդ՝ տակավին անորոշ էր Ռուսաստանի վերաբերմունքը, որը ներքաշված էր քաղաքացիական կռիվների մեջ,  չորրորդ՝ Թուրքիայում սկսվել էր ազգայնական շարժում՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, որը, ճիշտ ընկալելով մեծ տերությունների հակասությունը, նոր պետության ստեղծման ճանապարհին էր։
        Սկսենք այս վերջին պատճառից, քանզի քեմալական շարժման զարգացումը համընթաց էր հայոց ձգտումների անկմանը։       Եզրակացություններից առաջ դարձյալ դիմենք պատմական փաստերին։
       Դաշնակիցների կողմից Թուրքիայի մասնատման դեմ շարժումը, Մուստաֆա Քեմալ փաշայի գլխավորությամբ, սկսվեց 1919 թ. գարնանից։ 1919 թ. Մայիսի 19-ին ժամանելով Անատոլիա՝ նա ձեռնամուխ եղավ Թուրքիայի միավորման եւ ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարի ճնշմանը միտող գործունեությանը: 1919 թ. հունիսի 20-ին Ամասիայում նա գումարեց բանակային զորամիավորումների մի քանի հրամանատարների խորհրդակցությունը, որի ընդունած գաղտնի շրջաբերականն ուղղարկվեց զինվորական եւ քաղաքացիական իշխանությունների ներկայացուցիչներին։ Շրջաբերականը երկրի ամբողջականությունը վտանգի մեջ էր հայտարարում, Կ. Պոլսի կառավարության գործունեությունը համարվում էր թուրք ժողովրդի շահերին անհարիր, դրվում էր ազգային կառավարության ստեղծման անհրաժեշտության հարցը եւ այլն։
1919 թ. հունիսի 23-ից օգոստոսի 7-ը էրզրումում տեղի ունեցավ Արեւելյան Վիլայեթների Իրավունքների Պաշտպանության Ընկերության համագումարը, որի նախագահ ընտրվեց Մուստաֆա Քեմալ փաշան: Համագումարի ընդունած բանաձևում ասվում էր, որ թուրք ժողովուրդը թույլ չի տա Արևելյան Անատոլիայի մասնատումը։ Համագումարն ընտրեց կոմիտե, որը փաստորեն նշանակում էր Թուրքիայում նոր իշխանության սկզբնավորում։
           1919 թ. սեպտեմբերի 4-12-ը Սեբաստիայում (Սվաս) կայացավ Անատոլիայի (Փոքր Ասիայում) եւ Ռումելիայի (Եվրոպայի թուրքական տիրապետության տարածքներ) Իրավունքների Պաշտպանության Ընկերությունների համաթուրքական համագումարը, որին մասնակցում էր 33 պատգամավոր։ Համագումարը հաստատեց էրզրումի համագումարի որոշումները եւ տարածեց դրանք ամբողջ Թուրքիայի վրա։ Այն ընտրեց նոր ներկայացուցչական կոմիտե (16 հոգուց)՝ Մուստաֆա Քեմալ փաշայի գլխավորությամբ, որը, փաստորեն, բացի Կ. Պոլսից եւ դաշնակիցների կողմից գրավված տարածքներից, իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը երկրում։ Համագումարը փաստորեն մերժեց Մուդրոսի զինադադարով որոշված սահմանները եւ իր նպատակը համարեց՝ մինչև այդ զինադադարի ստորագրման պահը, գոյություն ունեցած սահմաններով Թուրքիայի անկախության պահպանումը։ Մասնավորապես Հայաստանի հետ կապված որոշվում էր «ոչ մի թիզ հող չզիջել նրան», այն համարվում էր Անտանտի դաշնակիցը և  նվաճողական ձգտումներ ունեցող։
Քեմալական շարժման ճնշման տակ, 1919 թ. հոկտեմբերի 2-ին, սուլթանը ստիպված եղավ Ֆերիդ փաշայի կառավարությունը արձակել եւ նշանակել նոր կառավարություն՝ Ալի Ռիզա փաշայի գլխավորությամբ, ինչպես նաև 1920 թ. հունվարի 12-ին բացեց օսմանյան խորհրդարանը Կ Պոլսում, որը հունվարի 28-ին ընդունեց «Ազգային Ուխտը», որը հռչակեց Թուրքիայի անկախությունը մինչև Մուդրոսը գոյություն ունեցող սահմաններում։ Այս գործողությունից անհանգստացած, 1920 թ. մարտի 16-ին անգլիական զորքերը ափ դուրս եկան Կ. Պոլսում եւ քաղաքը հայտարարվեց գրավված (օկուպացված)։ Կ. Պոլսում Դաշնակիցները մտցրին ռազմական դրություն, ցրեցին խորհրդարանը, շատերին ձերբակալեցին եւ աքսորեցին ու նորից կառավարության ղեկավար նշանակեցին Դամադ Ֆերիդ փաշային։ Քեմալը հեռակա կարգով դատպարտվեց մահվան։
           Այս շրջանում արդեն քեմալական շարժման կենտրոնը Անկարան էր։ Ներկայացուցչական Կոմիտեն 1920 թ. մարտին որոշում ընդունեց նոր Մեջլիս (խորհրդարան) հրավիրելու մասին, որը ստացավ Թուրքիայի Ազգային Մեծ ժողով (Թ.Ա.Մ.Ժ.) անունը։ 1920 թ. ապրիլի 23-ին Անկարայում գումարվեց Մեջլիսը։ Առաջին Գումարման Մեջլիսում (1920 թ. ապրիլ 23 - 1923 թ. ապրիլ 23) ընտրվում են 233 պատգամավորներ, որոնցից 105 պատգամավորներ՝  Կ. Պոլսից։ Ազգային Մեծ ժողովը իրեն հռչակեց միակ օրինավոր իշխանությունը Թուրքիայում։ Սուլթանի և նրա կուսակցության բոլոր հրամանները, Կ. Պոլսի գրավումից հետո (1920 թ. մարտի 16), հայտարարվեցին չեղյալ։ 1920 թ. մայիսի 3-ին Թ.Ա.Մ.Ժ.ը, Քեմալ փաշայի գլխավորությամբ, ընտրեց 11 հոգուց բաղկացած կառավարություն, որն սկսեց իրականացնել գործադիր իշխանությունը։
            Հետաքրքիրն այստեղ այն է, որ փաստորեն այն նույն օրերին, երբ Սան-Ռեմոյի համագումարում մշակվում էր Թուրքիայի հետ հաշտության նախագիծ, որը նախատեսում էր նրա բաժանումը, Անկարայում ստեղծվեց կառավարություն, որն իբրև նպատակ հետապնդեց նրա բոլոր տարածքների միավորումը և պայքարը դաշնակիցների դեմ։
           Ականատե՞ս էին, արդյոք, դաշնակիցներն այս բոլորին։ Անշուշտ, այո՜, բայց շարժումն արմատախիլ անելու առումով նրանք անմիասնական էին, որն արդեն նշանակում էր, որ Սևրի պայմանագիրն ունենալու էր ծիսական բնույթ։
Անկարայի կառավարության դեմ պայքարի դուրս եկավ միայն Հունաստանը, որի բանակը 1920 թ. հունիսին, դուրս գալով Իզմիրից՝ արդեն հուլիսին գրավեց Բալըքեսիրը, Բուրսան, եւ ապա՝ մտավ Արեւելյան Թրակիա ու գրավեց էդիրնեն։
          Ահա այս պայմաններում կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը (1920 թ. օգոստոսի 10-ին) 1914-18 թթ. պատերազմում հաղթանակած տերությունների և այն կառավարության (սուլթանական) միջև, որը չնայած հունական զորքերի վերոհիշյալ հաղթանակներին, տվյալ իրավիճակում գրեթե Թուրքիայի տերը չէր։
         Դա հասկանում էին Դաշնակիցները, բայց նրանց արդեն տանջում էր մեկ այլ մտահոգություն՝ բոլշևիկ-քեմալական փոխօգնության փաստը, որը գալիս էր խախտելու նրանց ծրագրերը եւ ցաքուցրիվ անելու հայոց և հունաց ազգային բաղձանքները։ Այդ փոխօգնության (հետագայում՝ դաշինքի) առկայության պայմաններում Դաշնակիցներին արդեն ավելի շատ հետաքրքրում էր Թուրքիայում իրենց սեփական շահերի ամրապնդումը եւ հատկապես նեղուցներին խնդրում Ռուսաստանի ծրագրերի ձախողումը, ինչը չէր բացառելու նրանց՝ Քեմալի հետ մերձեցման հնարավորությունը ի վնաս Ռուսաստանի։ Քեմալական շարժման հաղթանակի հիմքն էր դառնում Ռուսաստանի եւ Արևմուտքի շահերի ճիշտ ընկալումն ու նրանց միջև եղած հակասությունների օգտագործումը։ Այս պայմաններում խաբված էին մնալու փոքր ժողովուրդները։
         Ընդհանրացնելով՝ նշենք, որ այսպիսով՝ Թուրքիայի պարտությունից հետո, Դաշնակիցների կողմից նրա բաժանման և ճնշված ժողովուրդների նոր պետությունների սահմանների ճշգրտման գործընթացին զուգահեռ՝ Թուրքիայում ընթանում էր մի շարժում, որն իր նպատակն էր համարում բաժանված տարածքների միավորումը եւ Թուրքիայի ամրապնդումը։ Անտարակույս, այս շարժումը կտապալվեր, եթե չձևավորվեր բոլշևիկ-քեմալական դաշինքը։
        Որո՞նք էին այդ դաշինքի հիմքերը։ Մինչեւ Սևրի պայմանագրի քննարկումը, շատ կարևոր է դրանց ճշգրտումը։