«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի հանցավոր լռությունը. Վահան Վարդանյան

25/09/2023

Արցախում տեղի ունեցած աղետը ծանր էր բոլորիս համար, բայց այն նաև Հայաստանի վարած անհեռատես քաղաքականության տրամաբանական հետևանքն էր։ Պետական պաշտոնյաների համար վաղուց պարզ էր, որ Արցախը փրկելու հնարավորություն չկա։ Իրավիճակից հասկացող ավելի հեռատես մարդիկ դեռ Քառասունչորս օրյա պատերազմից հետո էին ասում, որ Արցախը փրկելու հնարավորություն չկա և պետք է մտածել արցախահայերի փրկության ու ՀՀ պաշտպանությունը կազմակերպելու մասին։ Բայց ունենք այն ինչ ունենք, Հայաստանի քաղաքական դաշտը երբեք չի փայլել հեռատեսությամբ։

Փաստացի ի՞նչ տեղի ունեցավ։ Քառասունչորս օրյա պատերազմից հետո, թեև ժամանակը մեր դեմ էր աշխատում, բայց Հայաստանի համար իրավիճակը շտկելու պայմանական կարճ ժամանակ առաջացավ։ Դա բավարար էր Արցախի բնակչության անվտանգության խնդիրները լուծելու և երկրի ողջ ներուժը պաշտպանական նոր համակարգի կազմակերպմանն ուղղելու համար։ Բայց այս կարճ ժամանակահատվածը, որ ստեղծված իրավիճակում իսկական նվեր էր մեզ համար առավելապես ծախսվեց ներքաղաքական պայքարի և պրակտիկ գործողությունների իմիտացիայի վրա։

Փաստացի Արցախը իշխանության ու ընդդիմության համար վերածվեց հարմար գործիքի` սեփական օրակարգը առաջ տանելու և հակառակորդներին սևացնելու համար։ Մի կողմից արցախցիներին առաջարկվում էր անվտանգության երաշխիքներով խաղաղ կյանք` ձևականորեն Ադրբեջանի կազմում, մյուս կողմից Արցախի ազատագրում ու միացում Հայաստանին։ Այս միֆերով կերակրում էին ոչ միայն արցախահայերին այլև ՀՀ բնակչությանը։ Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան հաստատելու կոչերով ՀՀ իշխանությունները մի գուցե իսկապես հույս ունեին, որ տարածաշրջանային խաղացողների տնտեսական շահերը կզսպեն հետագա էսկալացիաները, բայց դա միամտության աստիճանի մտածողություն է։ Արցախահայերի տարհանումը բացառել հնարավոր էր միայն այն դեպքում, եթե Հայաստանը Քառասունչորս օրյա պատերազմից հետո հետևողականորեն պատրաստվեր հետագա էսկալացիաներին, ինչը տեղի չունեցավ։

Բոլոր դեպքերում մինչև վերջերս մենք հնարավորություն ունեինք և պետք է փորձեինք կազմակերպել արցախահայերի տեղափոխությունը Հայաստան։ Բնակչության շրջանում պետք էր անհրաժեշտ տեղեկատվական աշխատանք իրականացնել տարհանման անխուսափելիությունը բացատրելու և տարհանումը կազմակերպված իրականացնելու համար։ Դրա փոխարեն Հայաստանի քաղաքական ուժերը իրականությունից կտրված, թե՞ միտումնավոր զբաղված էին երկրում ներքաղաքական անկայունություն խթանելով։ Ադրբեջանը Հայաստանի այս անգործությունը օգտագործեց մաքսիմալ արդյունավետությամբ։ Իրավիճակը դանդաղորեն լարելուն զուգահեռ թուրքերը ակտիվորեն աշխատում էին դիվանագիտական ու տեղեկատվական դաշտերում` իրենց համար ցանկալի դիրքորոշումների ձեռքբերման ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ավելի լարելու համար։

Մինչև Ադրբեջանի հերթական ագրեսիան մենք ունեինք պատերազմից տուժած, բայց վրեժով լցված և ապրելու վճռականությամբ արցախահայեր։ Ագրեսիայից հետո մենք արդեն ունենք ցեղասպանված արցախահայեր։ Հիմա արցախահայերը արդեն հաստատ գիտեն, որ Հայաստանը թշնամու դեմ իրենց մենակ է թողնել։ Այս հասարակությունը Հայաստան տեղափոխվելու դեպքում այլևս չի ձգտելու ապրել ու գործունեություն ծավալել Հայաստանի հզորացուման համար, չի ձգտելու պաշտպանել Հայաստանը նոր հարձակումներից։ Առավել հիասթափվածները Հայաստանում ներքաղաքական ավելի մեծ լարվածության պոտենցիալ մասնակիցներ են դառնալու։

Սրանից բացի հսկայական քանակությամբ զինտեխնիկա, շարժական գույք, որ կարող էին մեծ օգուտ բերել Հայաստանին` փոշիացան։ Հարցի բարոյական կողմը չհաշված մենք կրեցինք մարդկային ու նյութական հսկայական ռեսուրսների կորուստ, միայն այն պատճառով, որ Հայաստանի ու Արցախի քաղաքական ուժերը պրակտիկ քաղաքականության ու սթափ քայլերի փոխարեն զբաղված էին սեփական նեղ շահերը առաջ տանելով։

Իհարկե գոյություն ունի տեսակետ, թե արցախցիներին ամեն դեպքում չէին թողնի Հայաստան տեղափոխվել, որովհետև դա պետք էր ռուսական կողմին իր ներկայությունը հիմնավորելու համար։ Նույնիսկ եթե այս տեղեկությունը ճիշտ է, դա վերաբերվում է միայն բնակչության փոքր մասին և Հայաստանի հետևողական քաղաքականության դեպքում հնարավոր կլիներ անգամ բոլորին փրկել։

Հիմա Հայաստանի դեմ պատրաստվում է հերթական ագրեսիան, օրակարգում «Զանգեզուրի միջանցքն» է։ Արցախը միայն իր գոյությամբ ապահովում էր ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը։ Բացի նրանից որ Արցախը մեր պատմական հողն էր, այն նաև բուֆերային գոտի էր` Թուրքիայի նվաճողական քաղաքականության զսպման հարցում։ Հիմա Հայաստանին մնում է միայն մի տարբերակ, պետական ամբողջ համակարգի, դիվանագիտական ճակատի, տնտեսության, մեդիա դաշտի մոբիլիզացիա, կյանքի բոլոր ոլորտների վերափոխում անվտանգության կարիքների բավարարման համար։

Ներկա պայմաններում սա իրավիճակի շտկման միակ տարբերակն է։ Բայց ինչպես բազմիցս առիթ է եղել ասելու, Հայաստանի քաղաքական ուժերից յուրաքանչյուրը նախընտրում է օտարի տիրապետության տակ գտնվող Հայաստանում առաջինը լինել, քան թե անկախ Հայաստանում երկրորդը։
Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող