«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիևի վարչակարգը աղբանոց է նետում միջազգային դատարանների բոլոր որոշումները. Գարիկ Քեռյան

17/04/2024

Այն ժամանակն ու ռեսուրսները որը այժմ և նախորդ երկու երեք տարիների ընթացքում ծախսվել են միջազգային դատարաններում ընդդեմ Ադրբեջանի, զրո արդյունք են ունեցել և կունենան նաև մոտակա ժամանակներում: Ալիևի վարչակարգը, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները պարզապես անտեսում և աղբանոց է նետում միջազգային դատարանների բոլոր որոշումները: Դեռ ավելին, այժմ, երբ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները և դրանց շուրջ բանակցությունները ըստ էության մտել են փակուղի և կոնֆլիկտայնությունը հասել է նախապատերազմական իրավիճակի, միջազգային դատարաններում թղթե սուսերով մենամարտերը նպաստում են հարաբերությունների սրմանը և լարվածության աճին: Իմ տպավորությունն այն է, որ ադրբեջանական կողմին երբեմն էլ հաջողվում է գործընթացն ուղղել Հայաստանի դեմ: Միջազգային դատարաններում գնալ գալը, մասնագետներ և կողմնակիցներ հավաքագրելը, լոբինգը և այլն, թանկ հաճույք են: Եթե որևիցե անգամ միջազգային արդարադատության կամ քրեական դատարանների հայ ադրբեջանական հակամարտության վերաբերյալ թեկուզ մի որոշում կատարվել է, ես անմիջապես կհրաժարվեմ իմ կարծիքից: Արժե արդյոք մեր հրատապ լուծումներ պահանջող խնդիրները թողած, շրջագայել այնտեղ, որտեղ վաղուց արդեն ոչ մի հարց էլ չի լուծվում, ընդհակառակը, ավելի է բարդացնում իրավիճակը: Միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ցանկացած միջին մակարդակի մասնագետ կասի, որ միջազգային իրավունք երևի, թե մի երեսուն տարի է, որ գոյություն չունի: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի այդ մասին իր դառը փորձից: Հիմա դիտում եմ Արդարադատության միջազգային դատարանի նիստը, ելույթները, պաթոսը, դատավորների լուրջ և մտահոգ դեմքերը, Եղիշե Կիրակոսյանի և մեր կողմից հանդես եկող մյուս իրավաբանների փայլուն և ջախջախիչ ելույթները և մտորում եմ, վերջն ինչ է լինելու:
Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, ք․ գ․ դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան