Լավրովը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է Արցախի վերաբերյալ հայտարարության իրագործումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր Ֆրանսիացի գործընկեր Ժան Իվ Լե Դրիանի հետ, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակն ու ընդգծել են եռակողմ հայտարարության դրույթների իրագործման կարևորությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը:
«Արտգործնախարարները քննարկել են Ռուսաստանի միջնորդային ջանքերի միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում ստեղծված իրավիճակը: Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ապահովման կարևորությունը ... Նախարարները համաձայնել են, որ ներկայումս հիմնական գերակայությունները տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական օգնության տրամադրման և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման հարցերն են»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: