«Մենք լիովին անպաշտպան ենք մնացել կատաղած Ռուսաստանի առջև». Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկիրը Ռուսաստանի առջև մնացել է առանց ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցության:
Նրա կարծիքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունը Վրաստանին վտանգավոր դրության մեջ է դրել։
«Մենք լիովին անպաշտպան ենք մնացել կատաղած Ռուսաստանի առջև՝ առանց Ամերիկայի և Եվրոպայի աջակցության»,- սոցցանցում գրել է անազատության մեջ գտնվող Սաակաշվիլին։
Նա մեկնաբանել է Վրաստանի արտգործնախարարի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավում չի ակնկալվում, քանի որ Վաշինգտոնը պահանջներ է ներկայացնում, որոնք դուրս են երկրի հնարավորությունների սահմաններից։
Ըստ Սաակաշվիլու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Վրաստանի իշխանություններից պահանջում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, վերականգնել բնականոն ժողովրդավարական գործընթացը, սահմանափակել Իրանի հետ առևտուրը և չօգնել Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։
Սաակաշվիլին նաև ուշադրություն է հրավիրել Վրաստանի փոխարտգործնախարար Զուրաբ Աբաշիձեի հայտարարության վրա, որը հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների ձախողման մասին։