«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փակուղի բոլորի համար. Արայիկ Մկրտումյան

28/11/2023

Վերջին ամիսների աշխարհաքաղաքական փոփոխությունները բավական լուրջ փակուղու առաջ են կագնեցրել մի շարք պետությունների, այդ թվում և Հայաստանին: Հատկապես Հայաստան-ԵՄ հարաբերությունների ակտիվացման, ռուսների դժգոհության ֆոնին առավել նկատելի են դարձել, որ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը բավական ծանր երկընտրանքների առաջ են հայտնվել: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ այս երեք պետությունները միաժամանակ և՛ ստիպված են ինչ որ բաներ անել, և՛ հնարավորություն չունեն մինչև վերջ դրա հետևից գնալու համար:

Հայաստանը հիմա  կոնկրետ կանգնած է ռուսական ազդեցությունից պաշտոնապես դուրս գալու հարցի առաջ: Վերջին մի քանի շաբաթներում Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերությունները ԵՄ և  ԵՄ անհատ պետությունների հետ հարուցել են ռուսների մեծ դժգոհությունը, մանավանդ, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների լավացմանը զուգահեռ ընթանում է Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների վատթարացումը: ՀՀ իշխանությունները չմասնակցեցին ՀԱՊԿ հանդիպման, հրաժարվեցին կանոնակարգով  հաստատվող օգնության փաթեթի սահմանումից(օգնություն, որ երբեք էլ տեղ չհասավ) և այլն: Հասկանալի է, որ ռուսները չեն կարող թույլ տալ, որ այսպես շարունակվի և հայտարարել են, որ Փաշինյանը կգա Սանկտ-Պետերբուրգ և կմասնակցի ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին, ընդ որում նշելով, որ Հայաստանը ստանձնելու է նախագահությունը:

Եվ այսպես հարց է առաջանում, թե արդյո՞ք Փաշինյանը կգնա ու կմասնակցի թե ոչ: Արդյո՞ք ՀՀ վարչապետը կարող է չգնալ, թե այդ հրավերը մերժելը լի է լինելու վատ հետևանքներով: Իսկ եթե գնա, ապա որքանո՞վ արդարացված կլինի ևս մեկ տարի ռուսական ուղեծրում պաշտոնապես մնալու և դեռ մի բան էլ նախագահություն ստանձնելու որոշումը:

Ռուսները արդեն իսկ տնտեսական որոշ ոչ պաշտոնական պատիժներ են սահմանել Հայաստանի համար: Լարսի ճանապարհն ինչպես միշտ աշխատում է խիստ աննպաստ, ռուս սահմանապահները հայկական բեռնատարներին անհարկի տուգանում են, թույլ չեն տալիս մտնել Ռուսաստան, բարդություններ են առաջանում ՀՀ բազմաթիվ տնտեսվարողների համար, որոնց զայրույթն ուղղվելու է դեպի ՀՀ իշխանությունները; Ռուսները կարծես ցանկանում են ասել, որ կամ Փաշինյանը կգա ու կենթարկվի, կամ տնտեսական ռումբերը կսկսեն գործել շատ ավելի ծանր ձևով՝ թողնելով նաև քաղաքական հետևանքներ: ՀՀ իշխանությունները մտածելու շատ բան ունեն: Մի կողմից ԵՄ-ն է, որը բացառիկ բարեհաճ վերաբերմունք է ցույց տալիս, ընդլայնում է ՀՀ հետ հարաբերությունները, մյուս կողմից ռուսները Հայաստանին սպառնում են թողնել ցամաք հացի հույսին: Ի՞նչ անել այս պարագայում: Գնալ ռուսների մոտ և փորձել մեղմե՞լ վիճակը: Իսկ եթե ԵՄ-ը կոշտ ընդունի ՀՀ նախագահությունը ռուսական ԵԱՏՄ-ում: Ի վերջո ԵՄ դիտորդների ջանքերով սահմանային վիճակը բավական մեղմացած է, նույնիսկ Ալիևը մի կողմ է դրել իր ավանդական հոխորտանքները, Ֆրանսիան զենք է վաճառում, մի խոսքով շատ բանի հույս կա, բայց մյուս կողմից էլ կա նաև ռուսական ռեալ «խոստումները», որ այս ամենը էժան չի նստի հայերի վրա:

Ռուսաստանը ևս այս հարցում սեփական փակուղու մեջ է: Մի կողմից նա չի կարող թույլ տալ, որ Հայաստանը գնա դեպի Ե, մյուս կողմից էլ միշտ վտանգ կա, որ պատժամիջոցները կարող են հակառակ ազդեցություն թողնել: Ռուսները ևս տեսնում են, որ հայերի մոտ հակառուսական մոտիվները այնքան էլ անհիմն չեն: Եթե մինչև 2020թ. հայերը պատրաստ էին ռուսական ցանկացած քայլ կուլ տալ, որովհետև կար հավատը առ այն, որ ստատուս-քվոն առնվազն չի փոխվի, ապա 2023-ի սեպտեմբերից հետո ռուսներից որևէ լավ բան սպասելը միամտություն է թվում: Մոսկվան մյուս կողմից կարող է զգուշանալ այն բանից, որ ԵՄ-ում կարող են շատ լավ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում և կրկնվի Մոլդովայի դեպքը և ԵՄ-ը հայերին աջակցի նաև տնտեսապես՝ այս պահին ապրանքաշրջանառության, մասնավորապես արտահանման տեսքով: Մոսկվան դա ևս թույլ տալ չի կարող, այնպես, որ ստիպված է որոշակիորեն հավասարակշռված քաղաքականություն վարել: Պատժել, բայց ոչ այնպես, որ դրա ցավով զբաղվի ԵՄ-ը: Այդ դեպքում Հայաստանը վերջնականապես կընթանա Արևմուտք, ինչը Ռուսաստանի համար անթույլատրելի ճոխություն կլինի, որովհետև, այս պահին Հայաստանն է, որ իր տարածաշրջանով ռուսների համար կենսական կարևոր տրանզիտ է ապահովում: Ադրբեջանը շատ ուրախ կլիներ, որ այդ հնարավորությունն իր ձեռքում հայտնվեր, որով նա ինքը ռուսների առաջ պայմաններ կդներ:

Թե՛ Մոսկվա, թե՛ Երևանը մտածելու շատ բան ունեն:

Զուգահեռաբար նաև փակուղում է հայտնվել Ադրբեջանը: Բաքուն սպառել է իր հակահայկական զինանոցը և խոշոր հաշվով այլևս ոչ մի հակասություն գտնել չի կարողանում: Ալիևը այլևս չի կարողանում հայերի հանդեպ նոր ագրեսիա ծավալել, որովհետև, եթե առաջ միակ վկաները ռուսներն ու թուրքերն էին, ապա հիմա ողջ ԵՄ-ն է դիտորդների միջոցով հետևում: Ընդ որում Ադրբեջանը արդեն հասցրել է լարվածություն մտնել Ադրբեջան-ԵՄ, Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում: Բաքուն հիմա չի կարող Մոսկվայի հրավերով ռազմական ճնշում գործադրել հայերի վրա, որովհետև Արևմուտքին պատասխանելու բան չունի, բայց միաժամանակ էլ հայերին հանգիստ թողնելուց հետո Ալիևը անելու բան չունի: Առանց հայկական թշնամանքի նա պետք չէ Մոսկվային, որովհետև մշտապես եղել է Երևանին ճնշելու կարևոր գործիք, մյուս կողմից էլ Ադրբեջանում բավական ծանր սոցիալ-տնտեսական ու դատաիրավական հարցեր կան, որոնք լուծում են պահանջում: Եթե առաջ այդ ամենը ծածկադմփոց էր արվում Արցախի հարցով, ապա հիմա այդ հարցը չկա և Ալիևը իր բաժին փակուղու մեջ է: Ի՞նչ անել հետո: Բացի այս ամենից, Ալիևը, ով հաջորդաբար համաձայնվեց, ապա և չմասնակցեց ամենաքիչը չորս հանդիպման, այլևս հետաձգելու տեղ և ժամանակ չունի: Ալիևը նաև շփոթված է այն բանից, որ իր մեծ եղբայր Էրդողանի հետ հայտնվել են հակառակ ճամբարներում: Ալիևը, ով շատ հարցերում է պարտական Իսրայելին, պաշտպանում է նրանց արաբա-իսրայելական պատերազմում, իսկ ահա Էրդողանը առաջ է քաշում պաղեստինցիների շահերը: Դեռ հարց է, թե Անկարան ինչ վերջնական որոշման է գալու: 

Երևանը, Մոսկվան ,Բաքուն այլևս ժամանակ ու տեղ չունեն հետաձգելու և խուսանավելու: Երեքն էլ արդեն կանգնած են կոնկրետ հարցերի առաջ և վաղ թե ուշ իրենց ընտրությունը պիտի անեն: Մնում է, որ Երևանի ընտրությունը համեմատաբար անցնցում լինի: Ստեղծված իրավիճակն այնպիսինն է, որ կարող է և՛ բավական լավ լինել, և՛ բավական վտանգավոր:

Բայց այս վիճակում զարմացնում է այն, որ Երևանում ներքաղաքական զարգացումները գրեթե դադարեցված են: Բացի ինչ որ մանր մունր վեճերից, որևէ լուրջ գործընթաց տեղի չի ունենում: Կարելի է կարծել, որ Հայաստանում մինչև վերջ չեն պատկերացնում դանդաղ գործող այս ռումբերի ամբողջական հետևանքը, որը կարող է սպասվածից շատ ավելի ծանր լինել:
 

Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող