«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ - ռուսական հարաբերությունները կոշտանում են. Աշոտ Ներսիսյան

20/09/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Ցավոք, գրեթե նույնությամբ տեղի է ունենում այն, ինչ կանխատեսել էինք սույն էջում սեպտեմբերի 5-ի մեր գրառման մեջ: Ահա այն:

Հայ - ռուսական հարաբերությունները կոշտանում են: Ռուսները կարծես պարզ հասկացնում են, որ իրենք մեր տարածաշրջանից գնացողը չեն: Առիթը Փաշինյանի վերջին հարցազրույցն էր, որտեղ նշեց, որ մեկ երկրի հետ անվտանգության երաշխիք կապելը ճիշտ չէ և կարող է մի օր արթնանաս և տեսնես, որ ռուսներն այստեղ չեն: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց արժե՞ արդյոք բարձրաձայնել մի բան, որը քեզ ոչինչ չի տալիս: Հակառուսները կարծես ուրախացել են: Բայց եթե այսպես գնա, գրեթե կկրկնվի 1920 թ.: Այսինքն, դեպքերը կզարգանան հետևյալ սցենարներով.

1. Հայաստանը կդիտարկվի Արևմուտքի դաշնակից, Արցախը լիովին կնվիրաբերվի Ադրբեջանին և վերջինս երբեք և ռուսական գաղտնի հովանավորությամբ դուրս չի գա մեր սուվերեն տարածքներից, թեպետ սա չի նշանակում, որ առանց դրա դուրս կգար:

2. Ինչպես անցյալ տարվա սեպտեմբերին, կդրդի Ադրբեջանին նոր էսկալացիայի, ընդ որում ավելի ուժեղ, որի դեպքում նորանոր կորստից հետո, Արևմուտքի չմիջամտելու պայմաններում, կգնանք նրա ոտքը:

3. Զախարովան և Պեսկովը արդեն բացահայտ սպառնալիքներ են տեղում, ճշտում են պահանջում Հռոմի ստատուտի Հայաստանի կողմից ընդունելու մանրամասների վերաբերյալ, ապա ակնարկում,թե Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում: Սա կարող է ամենավատթար հետևանքների բերել, թե ինչպիսի, կարելի է ենթադրել:

4. Ռուսներն առաջարկում են նորից ՀԱՊԿ ուժեր տեղաբաշխել հայ-ադրբեջանական սահմանին, որը թերևս կմերժվի: Այս դեպքում առավել ևս նրանք կհիմնավորեն այն տեսակետը, որ հայերը չեն ուզում այստեղ ռուսական ներկայություն, որը մեր ցանկությամբ չէ պայմանավորված: Ուկրաինայի, Վրաստանի ճակատագիրը մեզ համար պետք է բացառվի: Եթե մենք պատրաստ ենք անել այն, որը չկարողացան վրացիները կամ ուկրաինացիները, խնդրեմ անենք: Բայց քանի ուժի դեմ ենք կռվելու: Մենք ուզում ենք, որ ռուսները Ադրբեջանի դեմ մեր կողմը բռնե՞ն: Դա երբեք չի լինի: Նրանք չեն ուզենա որևէ մեկին թշնամացնել: Հիմա մենք ենք նրանց թշնամացնում:

Չմոռանանք, որ մեկ րոպեում կարող ենք հայտնվել խավարում և հումանիտար աղետի մեջ: Դժվար է հասկանալ, թե ինչի կամ ում վրա ենք հույսներս դրել: Եվ այս ամենի հետնախորքի վրա, ոնց որ թե հունանիտար օգնություն է առաքվել Ուկրաինա: