«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Նոր» Յալթայի աշխարհաքաղաքական պատրանքները և «Հին» Յալթան. Աշոտ Ներսիսյան

21/11/2026

Շենժենում օրերս տեղի ունեցած գագաթնաժողովից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո շատ խոսվեց և դեռ կխոսվի այսպես կոչված նոր կամ երկրորդ Յալթայի մասին։ Իմ կարծիքով՝ նման գնահատականները նախևառաջ իրականության փոխարեն ցանկալին ներկայացնելու, ապա նաև «հին» Յալթայի խորքային քաղաքական իմաստը չհասկանալու հետևանք են։ Նախ անհրաժեշտ է ըմբռնել ռազմաքաղաքական իրավիճակների սկզբունքային տարբերությունները, ապա միայն եզրակացություններ անել։
Հաղթողի բոլոր խաղաքարտերն իր ձեռքում կենտրոնացրած՝ Յալթան կազմակերպած Ստալինին նույնացնել պարտված, քաղաքականապես խոցելի և ակնհայտորեն անհանգիստ Պուտինի հետ, որին, ինչպես հատկապես տեսանելի էր գագաթնաժողովի ընթացքում, Ցզինպինը կարծես դիտավորյալ երկրորդական դեր էր հատկացնում, արդեն իսկ ցուցիչ է այն բանի, որ վերջինիս քաղաքական գնացքը չի գտնում անհրաժեշտ կանգառը։ Ռուսաստանի՝ որպես համաշխարհային գերտերության կարգավիճակն ավելի ու ավելի է վերածվում պատրանքի։ Այն այդպիսին է մնում թերևս միայն միջուկային տերություն լինելու հանգամանքով։ Սակայն այս մասին՝ քիչ անց։
Առայժմ անդրադառնանք 1945 թ. փետրվարի 4-11-ը Յալթայում կայացած համաժողովին։
Այդ ժամանակ ուժերի հարաբերակցությունն ակնհայտորեն հօգուտ Ստալինի էր։ Խորհրդային զորքերը շարժվում էին դեպի Բեռլին, և դժվար է պնդել, թե ազդեցության ոլորտների հարցն այդ պահին արդեն ամբողջությամբ լուծված էր։ Ավելին՝ այդ հարցում դեռևս անորոշություններ կային, հատկապես Ռուզվելտի և Չերչիլի տեսանկյունից։ Խորհրդային սահմանների և ազդեցության գոտիների վերջնական ուրվագծումը տեղի ունեցավ Յալթայից հետո, երբ արդեն չկար Ռուզվելտը, իսկ Չերչիլը պարտվել էր Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում։
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ բուն Յալթայում։
Չլուծվեց նույնիսկ Գերմանիայի ազդեցության գոտիների՝ երեք տերությունների միջև բաժանման հարցը։ Արևելյան Եվրոպայի հետպատերազմյան կարգավիճակի և հատկապես Լեհաստանի հարցում, որտեղ, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, պետք է անցկացվեին ժողովրդավարական ընտրություններ, ամերիկյան և բրիտանական կողմերի պնդումները գործնականում արդյունք չտվեցին։ Ստալինը պարզապես անտեսեց լեհական վտարանդի կառավարության դիրքորոշումը և իր կամքը պարտադրեց՝ հենվելով խորհրդային ռազմական ներկայության վրա։ Հարավարևելյան Եվրոպան էլ աստիճանաբար վերածվեց ԽՍՀՄ-ի և Արևմուտքի միջև բուֆերային գոտու։
Ռուզվելտը, ըստ էության, աչք փակեց Ստալինի այդ նկրտումների վրա՝ նրա աջակցությամբ հասնելով երկու կարևոր նպատակի՝ ՄԱԿ-ի ստեղծման և Ճապոնիայի դեմ պատերազմի մեջ ԽՍՀՄ-ի ներգրավման պայմանավորվածության։ Վերջինս հատկապես կարևոր էր ԱՄՆ-ի համար, որը Խաղաղօվկիանոսյան պատերազմում արդեն հսկայական մարդկային կորուստներ էր կրել և ակնկալում էր, որ խորհրդային մասնակցությունը կարագացնի Ճապոնիայի պարտությունը։
Սակայն հետագայում Ստալինը Ճապոնիայի հարցը լուծեց նաև սեփական շահերից ելնելով՝ ոչ ամբողջությամբ հաշվի առնելով Ռուզվելտի պատկերացումները։ Խորհրդային Միությունը տիրացավ Հարավային Սախալինին և Կուրիլյան կղզիներին, իսկ Պորտ Արթուրում հաստատեց իր ռազմավարական ներկայությունը։
Այս պայմաններում ի՞նչ ազդեցության ոլորտների մասին կարող ենք խոսել՝ որպես Յալթայում վերջնականապես համաձայնեցված և երաշխավորված իրողության։
Չերչիլն էլ չհասավ իր հիմնական նպատակներից մեկին։ Լեհական հարցում Ստալինին զիջումներ անելով՝ նա ակնկալում էր դրա դիմաց ամրապնդել բրիտանական դիրքերը Հունաստանում։ Սակայն Հարավարևելյան Եվրոպայի ամբողջ քաղաքական պատկերը չզարգացավ այնպես, ինչպես պատկերացնում էր բրիտանական վարչապետը։
Արդյունքում՝ Յալթայում ծրագրվածը գրեթե ամբողջությամբ չիրականացավ այն տեսքով, որով այն պատկերացնում էին արևմտյան առաջնորդները։ Դրանից հետո Ստալինն արդեն ինքնուրույն գծեց ԽՍՀՄ-ի և նրա ազդեցության ոլորտների սահմանները՝ հենվելով ոչ թե դիվանագիտական պայմանավորվածությունների, այլ առաջին հերթին ռազմական ուժի և ստեղծված ռազմաքաղաքական իրողությունների վրա։
Հիմա՝ ի՞նչ նոր Յալթայի մասին է խոսքը։ Ի՞նչ ազդեցության ոլորտների վերաբաժանման։
Չինաստանին, ըստ էության, անհրաժեշտ էր լուծել մեկ կարևոր խնդիր՝ թույլ չտալ միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայում և Իրանում։ Եվ այդ հարցում, առնվազն այս պահին, նրան հաջողվեց հասնել իր նպատակին։ Մնացածը, կարծում ենք, ավելի շատ քաղաքական պատրանքների ժանրից է։
Մինչ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրենց ռեսուրսներն ու քաղաքական ուշադրությունը կենտրոնացրել են Ուկրաինայի և Իրանի շուրջ զարգացումների վրա, Չինաստանը լուռ, հետևողական և բավական նրբանկատորեն ընդլայնում է իր ազդեցությունը՝ առաջին հերթին տնտեսական ուղղություններով։ Ռուսաստանը, ընդհակառակը, կորցրել և շարունակում է կորցնել իր ազդեցության գոտիները։

Բացի այդ, աշխարհաքաղաքական ուժերի դասավորությունը միայն ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան եռանկյունով սահմանափակելը նույնպես սխալ է։ Եվրամիությունը շարունակում է մնալ կարևոր խաղացող, իսկ Մեծ Բրիտանիան, չնայած ԵՄ-ից դուրս լինելուն, պահպանում է իր ինքնուրույն քաղաքական և ռազմավարական դերակատարությունը։ Պետք չէ անտեսել նաև Իսրայելի, Հնդկաստանի և Թուրքիայի գործոնը։
Աշխարհն այլևս երկբևեռ չէ, իսկ ձևավորվող բազմաբևեռ համակարգում ազդեցության ոլորտները չեն կարող վերաբաժանվել երեք կամ նույնիսկ երկու պետությունների միջև կնքված մեկ պայմանավորվածությամբ։ Ժամանակակից աշխարհաքաղաքականությունն անհամեմատ ավելի բարդ է։
Եվ վերջում՝ Հայաստանի մասին։
Երբ աշխարհը փոխվում է, երբ ուժերի հարաբերակցությունը վերաձևավորվում է, երբ նույնիսկ նախկին գերտերությունների ազդեցության հնարավորություններն են սահմանափակվում, Հայաստանում ոմանք դեռ ցանկանում են ձեռք մեկնել արդեն իսկ հեռացողին, որպեսզի նրա հետ միասին գերեզման գնա՞ն։
Մի՞թե սա է մեր արտաքին քաղաքական մտածողությունը։
Պրոֆեսոր Ա. Ներսիսյան