«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«ԼՂ շուրջ պայմանավորվածություններն աղետ են դարձել Փաշինյանի համար, որին կարող են պարզապես «գահընկեց» անել». The Spectator

16/11/2020

Արևմուտքը լքել է Հայաստանին՝ քրիստոնեական ժողովրդավար երկրին, որը հայտնվել է մի տարածաշրջանում, որտեղ գերակայում են իսլամիստներն ու բռնապետները, և այժմ նա ստիպված է ինքնուրույն հոգ տանել իր մասին, գրում է բրիտանական The Spectator պարբերականի հոդվածագիր Քոլին Ֆրիմանը։

Հոդվածագիրը նկատում է, որ Հայաստանն ի վերջո չկարողացավ ինքնուրույն պաշտպանել Լեռնային Ղարաբաղը, մինչդեռ Ադրբեջանի խաղաղասիրական խոստումներին պետք չէ վստահել։

Հեղինակի խոսքով՝ 1994 թվականից այս տարածաշրջանում գործում է հրադադարի ռեժիմ, սակայն վերջին երեք տասնամյակն ավելի շատ երեսնամյա պատերազմ են հիշեցրել։ Այդ ընթացքում այստեղ հազարավոր մարդիկ են զոհվել և պարբերաբար բախումներ են տեղի ունեցել, սակայն սեպտեմբերի վերջ սկսվել է լայնամասշտաբ պատերազմ, որի հետևանքով զոհերի թիվը հայկական կողմից արդեն գերազանցում է 1200-ը։

Նոյեմբերի 9-ի երեկոյան ադրբեջանական զորքերին հաջողվեց գրավել ռազմավարական նշանակության Շուշի քաղաքը, որից հետո կողմերը կրակի դադարեցման շուրջ համաձայնության եկան, սակայն հայերի ճնշող մեծամասնությանը նման պայմանավորվածությունը դուր չեկավ, ինչին հաջորդեցին բողոքի ակցիաները։ Ավելին՝ հայերն այս պահին էլ չեն թուլացնում զգոնությունը և միշտ պատրաստ են շարունակել պատերազմը։

Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար պատերազմին մշտապես պատրաստ լինելը բնական երևույթ է, գրում է Ֆրիմանը։ Այստեղ բոլորն առաջնագծում գտնվող հարազատներ ունեն, իսկ շատերն էլ պատրաստ են իրենք կամավորագրվել։

«Անգամ Դավիթը՝ ալեհեր ծերունին, որը մեր վարորդն էր, որոշ օրերին զինվորական համազգեստով էր», - նշում է հեղինակը՝ ընդգծելով, որ հայերի համար Լեռնային Ղարաբաղը սրբություն է։

Երբ սեպտեմբերին կրկին սկսվեցին լայնամաշտաբ ռազմական գործողությունները, առաջին իսկ օրերին մոտ 10 հայ ինքնակամ զենք վերցրեց ձեռքը, իսկ հայկական սփյուռքը, որը շուրջ 11 միլիոն հայ է ներառում, սկսեց դրամական ու մարդասիրական օգնություն ուղարկել հայրենիք։ Անգամ հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը հանդես եկավ Լեռնային Ղարաբաղին աջակցելու կոչով՝ ցույց տալով իր դիրքորոշումը միլիոնավոր հետևորդներին։

Հայերը վստահ են, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն միշտ իրենցն է եղել և Ադրբեջանի կազմում է հայտնվել միայն Ստալինի խարդախությունների հետևանքով։ 90-ականներին Լեռնային Ղարաբաղի համար կենաց ու մահու կռիվ տված հայերը պնդում են, որ իրենք ավելի շատ են պատրաստ կռվին, քան ադրբեջանցիները։ Նրանք հաճախ են շեշտում, որ «Ադրբեջանը կռվում է միայն տարածքների համար, իսկ հայերը՝ իրենց հայրենիքի»։

Այնուամենայնիվ, վերջին վեց շաբաթվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ միայն համարձակությամբ հնարավոր չէ շատ բանի հասնել, քանի որ այսօր նավթով հարուստ Ադրբեջանն ավելի ժամանակակից զինտեխնիկա ունի, ինչպես նաև ստանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը, որն էլ Ադրբեջանը թյուրքական մեծ կայսրության կազմում է տեսնում։

Էրդողանին մեղադրում են Ալիևին ռազմական օգնություն ցուցաբերելու և հակամարտությանը սիրիական վարձկաններին ներգրավելու համար, ուստի զարմանալի չէ, որ Հայաստանում համարում են, որ Արևմուտքից բավարար աջակցություն չեն ստացել։  Հայաստանի ավանդական դաշնակից Ռուսաստանն այս հակամարտության ընթացքում օգնել է երկու անգամ հրադադար կնքել, որոնք էլ կողմերը կարճ ժամանակ անց խախտել են, գրում է Ֆրիմանը:

Նրա խոսքով՝ կնքված համաձայնությունն այժմ կարող է աղետալի լինել երկու տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության արդյունքում Հայաստանում վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանի համար։ Ինչպես գրում է հեղինակը, «գունավոր հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Փաշինյանի կառավարությունն անմիջապես սկսեց ուշացած ժողովրդավարական բարեփոխումներ անել, ինչի հետևանքով հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ վերադարձան հայրենիք՝ վստահ լինելով, որ այս երկիրը վերջապես լավ ապագա կունենա։ Այժմ այդ ամենը վտանգված է, իսկ ԼՂ շուրջ պայմանավորվածություններն աղետ են դարձել Փաշինյանի համար, որին կարող են պարզապես «գահընկեց» անել, նշում է հոդվածագիրը։