«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փաշինյանն ընդդեմ Փաշինյանի. Մի քայլ առաջ, երեք քայլ՝ հետ․ Արայիկ Մկրտումյան

26/09/2023

Կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով դիմեց հանրությանը: Այս ելույթն իր նշանակությամբ կարելի է բաժանել երեք հատվածի՝

ՀՀ-ը այլևս չի կարող հուսալ, որ ՌԴ-ը կպաշտպանի ՀՀ անվտանգությունը, ՌԴ-ը տապապել է նաև խաղաղապահ առաքելությունը, այնպես որ Հայաստանը ստիպված է մի կողմ դնել ՌԴ կամ ՀԱՊԿ կողմից սպասվելիք ցանկացած օգնություն և օգնության խնդրանքով դիմել արևմուտք:

Ռուսաստանը ոչ միայն չի պաշտպանում ՀՀ անվտանգությունը, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ պատրաստվում է մասնատել ՀՀ-ը, մասնավորապես Զանգեզուրի միջանցքը խլելու առումով և Հայաստանն այլ ելք չունի, քան ուրիշ պաշտպանական բլոկներից օգնություն խնդրել, այսինքն արտաքին քաղաքականության կուրսի կտրուկ փոփոխություն:

Այս ամենի և հատկապես Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի վրա հարձակվելու և նոր ցեղասպանություն հրահրելու ֆոնին Երևանում ակտիվացած ընդդիմությունը իշխանափոխությանը միտված ցույցեր է անցկացնում և դրանք քողարկում Արցախը փրկելու, Հայաստանը պաշտպանելու քողի տակ: Հիմա Հայաստանը շատ ծանր դրության մեջ է և բնակչության թիվ մեկ խնդիրը պիտի լինի սատար կանգնել ՀՀ անկախության համար պայքարող իշխանությանը և թույլ չտալ, որ այլ ուժերի կողմից ղեկավարվող ընդդիմությունն այստեղ պղտոր ջրում ձուկ որսա:

Մոտավորապես այս էր նշանակում Փաշինյանի կիրակնօրյա ուղերձը: Սա կարելի էր հասկանալ, եթե Փաշինյանը ինքն իրեն բազմաթիվ անգամներ հակասած չլիներ: Նույն Փաշինյանը ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից առաջ հայտարարեց, որ Արցախի բնակիչներին այդ պահին որևէ վտանգ չի սպառնում և ռուսական խաղաղապահները կարողանում են իրականացնել նրանց պաշտպանությունը: Դրանից հետո ՀՀ արտգործնախարար Միրզոյանը ՄԱԿ-ում խոսեց այն մասին, որ Ադրբեջանի հարձակումը էթնիկ զտման վտանգ է առաջացնում, ինչին Ադրբեջանի ներկայացուցիչը հերքեց հենց Փաշինյանի բառերով: Դրանից հետո Փաշինյանը կիրակի օրը լրիվ ուրիշ տեքստով խոսեց՝ իր խոսքում նշելով նաև այն, որ ռուսները տապալել են նաև իրենց խաղաղապահ առաքելությունն Արցախում:

Այս դիվանագիտական խառնաշփոթը, որ կա գործադիրում, բավական խնդրահարույց է: Այն տպավորությունն է, որ ՀՀ կառավարությունում պաշտոնյաներն իրարից տեղյակ չեն, նրանց գործողությունները փոխհամաձայնեցված չեն: Հասարակ քաղաքացիներից շատերը պարզապես չեն կարողանում հասկանալ, թե ինչ է ուզում ասած լինել կառավարության ղեկավարը, ինչու է նա նույն բանի մասին մի քանի օրվա մեջ երկու տարբեր կարծիք հայտնում և ինչու է նույն թեմայի մասին Փաշինյանը մի բան ասում, Միրզոյանը՝ մեկ այլ բան:

Եվ երբ Փաշինյանն իր կիրակնօրյա տեսաուղերձում հասարակության լայն աջակցությունն է ակնկալում, արդյո՞ք հասկանում է, որ հասարակությունն իրեն չի հասկանում: Հասարակությունը չի կարողանում մեկ միասնական կարծիք գտնել կառավարության պահվածքում:

Փաշինյանի կիրակնօրյա ելույթից հետո, երկուշաբթի օրը Հայաստան է ժամանեց ՌԴ ՆԳ Նախարար, ոստիկանության գեներալ Վ. Կոլոկոլցևը՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստին:Մինևույն ժամանակ Հայաստան են գալիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Սա էլ ավելի մեծ հարցեր առաջացնող մի երևույթ է: Տպավորություն, որ Հայաստանը խճճվել է դիվանագիտական կծիկում և այլևս չի կարողանում վերահսկել իր հանդեպ ու իրեն ուղղված քայլերը և իներցիոն շարժումներով փորձում է գծի մեջ մնալ: Կարելի է կարծել, որ ՀՀ ղեկավարությունն այլևս ոչինչ չի վերահսկում և միակ գործառույթն այն է, որ միջնորդ է ԱՄՆ և ՌԴ միջև և հայ հանրությանը պարզապես տեղյակ է պահում, թե ով եկավ և ով գնաց:

Բնական է, որ հայաստանյան հասարակությունն ավելի է շփոթվում և չի հասկանում, թե նչ է կատարվում: Մի կողմից իշխանությունն է, որն ակնհայտորեն տապալում է իր վրա դրված գործառույթները, մյուս կողմից ընդդիմությունն է, որը չի կարողանում լայն հասարակական վստահություն վայելել: Բացի դրանից Հայաստանում արդեն ամեն օր սպասում են ադրբեջանական մեծածավալ հարձակմանը և հույս չունեն ո՛չ իշխանության և ոչ էլ ընդդիմության վրա: Հույս չունեն նաև Ռուսաստանի ու Արևմուտքի վրա: Հասարակությունն այլևս ոչնչի չի հավատում:

Հասարակական այս նիհիլզմը թույլ չի տալիս միավորվելու և ինքնակազմակերպվելու: Թույլ չի տալիս ինքն իր միջից ղեկավար ընտրելու և կազմակերպված դիմադրություն սկսելու: Իշխանությունների անկամ պահվածքը և ընդդիմության ակնհայտ ռուսամետությունը հասարակական կյանքը դեգրադացրել են այնքան, որ Հայաստանում այլևս չկա թեկուզ մեկ քաղաքական ուժ, որը կկարողանա իրական դիմադրություն կամակերպել և համախմբել հանրությանն իր շուրջը: Իսկ դա Հայաստանը ջարդում է ներսից: Եվ եթե այս խառնակ օրերին, հանկարծ Փաշինյանը ուրիշ տեքստով խոսի ինչ որ բան մասին, կամ ՌԴ-ին անողոք քննադատելուց հետո գնա Մոսկվա ու ինչ որ հարցեր քննարկի, արդյո՞ք արդար չի վարվի հասարակությունը, եթե համարի որ իր ղեկավարը անադեկվատ է և հրաժարվի նրանից:

Այս դեպքում ինչպե՞ս վարվել: Ամեն ինչ մի կողմ դնելով գնալ գոյամարտի՝ հուսալով, որ ի վերջո խոշոր խաղացողները այնպիսի հայտարարի կգան, որ մեզ էլ ձեռք տա, թե շարունակաբար զիջել ու մի օր էլ արթնանալ ուրիշ դրոշի ներքո:

Հայաստանյան իշխանությունների ու ընդդիմության այս անդամալույծ վիճակում, հատկապես, որ հասարակությունը կարծես գերհոգնած է անընդմեջ քաոսից, գուցե անիրական չթվա այն տեսակետը, որ դեռևս  90-ականներին հայտնել էր քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը, ով ասում էր, որ «Հայկական պետության լիակատար կործանումը թույլ չտալու համար Հայաստան կժամանեն լավագույն դեպքում տարբեր երկրների հատուկ ծառայությունները, վատագույն դեպքում որևէ միջազգային զինված կազմակերպության բանակներ»՝ Հայաստանը ապառազմականացված տարածք հայտարարելու միտումով:

Մենք կարող ենք  էլ ավելի վատ սցենարներ էլ պատկերացնել, բայց հաստատ է մի բան՝ հասարակությանն անհրաժեշտ է միախմբվել, մեկ գերնպատակ հասկանալը և դա պաշտպանելը: Միայն թե հարց է, արդյո՞ք կհասցնենք, թե ոչ, քանի որ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակմանը սպասվածից էլ ավելի քիչ է մնացել:
Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող