«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս-ուկրաինական պատերազմը ի՞նչ ազդեցություն կունենա ՌԴ տնտեսության և Հայաստանի վրա․ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնի աշխատակից Թերեզա Շահրիմանյան

18/03/2022

Generalnews.am-ի հյուրն է ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնի աշխատակից Թերեզա Շահրիմանյանը։

- Խոսելով ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ ազդեցություն կունենա այն ՌԴ տնտեսության վրա։

- Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Նախ նշեմ, որ Ռուսաստանը կարծես այժմ գտնվում է փոթորկի էպիկենտրոնում: Գրեթե ամեն րոպե արևմտյան բիզնեսի ներկայացուցիչները հայտարարում են ռուսական շուկան լքելու մասին։  Ժամանակակից աշխարհը կառուցված է հաղորդակցությունների վրա, որը հետինդուստրիալ դարաշրջանի առանձնահատկությունն է: Հետևաբար, տնտեսական և սոցիալական կապերի ցանկացած էական խզում ռիսկ և հարված է բոլորին՝ առանց բացառության, որը կենսամակարդակի առումով երկիրը հետ է մղում մինչև 20-րդ դարի սկիզբ։  Հետևաբար Եվրամիության և որոշ եվրոպական երկրների կողմից կիրառվող բոլոր պատժամիջոցները կվնասեն ոչ միայն Ռուսաստանի, ապա նաև ՀՀ տնտեսությանը, այլև պատժամիջոցների նախաձեռնողներին։

- Ի՞նչ իրավիճակ է Ռուսաստանում այժմ: Արևմտյան բիզնեսի ներկայացուցիչների՝ ռուսական շուկան լքելու պարագայում ո՞րը կլինի  ամենաբարդ հետևանքը:

- Այս իրավիճակում առավել բարդը գործազրկության խնդիրն է: Ապրանքների տեսակետից խնդիրն այդքան էլ բարդ չէ, քանի որ կան այլընտրանքներ, կարելի է ընդամենը փոխել գործընկերոջը, իսկ ինչ վերաբերում է զբաղվածության խնդրին, ապա այստեղ խնդրի բարդությունը այլ է: Այժմ Ռուսաստանի կառավարությունը ակտիվ միջոցներ է ձեռնարկում զբաղվածությանն աջակցելու համար՝ կապված ռուսական շուկայից արտասահմանյան ընկերությունների դուրսբերման հետ։ Անհրաժեշտ է հոգ տանել սեփական անձնակազմի մասին, առաջին հերթին ֆինանսական և հոգեբանական կերպով, կիրառել պետական ​​աջակցության ցանկացած միջոց: Այս առումով հրատապ է օտարերկրյա գործընկերների հետ հարաբերությունները զարգացնելու տարբերակների մշակումը: Օրինակ, կան օտարերկրյա գործընկերներ, որոնք այս հարցին բավարար պատասխանատու են մոտենում՝ չառաջացնելով համատարած գործազրկություն։ Օրինակ, շվեդական IKEA կոնցեռնը Ռուսաստանում դադարեցրել է աշխատանքը մարտի 4-ից։ Միաժամանակ ընկերությունը երաշխավորում է, որ աշխատակիցները (իսկ նրանց թիվը 15000-ն է) մոտ ապագայում կպահպանեն «և եկամուտը, և զբաղվածությունը»։ IKEA-ն նաև կտրամադրի «նրանց և նրանց ընտանիքներին հնարավոր բոլոր աջակցությունը»։ Նման օրինակների կողքին, սակայն, կան տարբերակներ, որոնք ընդհանրապես սոցիալական պատասխանատվություն չեն կրել՝ մեկ օրվա մեջ դարձնելով գործազուրկ բազմահազարանոց աշխատակազմը:

- Արդյո՞ք ստեղծված իրավիճակում օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությունը հնարավոր է շարունակել և եթե այո, ապա՝ ինչպե՞ս:

Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությունը հնարավոր է շարունակել հետևալ տարբերակներից մեկով՝

  1. Օտարերկրյա ընկերությունը շարունակի իր լիարժեք աշխատանքը Ռուսաստանում՝ ստանալով հումք և բաղադրամասեր ամբողջությամբ և բնականոն կատարելով իր պարտավորությունները աշխատակիցների նկատմամբ։
  2. Օտարերկրյա բաժնետերերն իրենց բաժնեմասը փոխանցում են ռուս գործընկերների հսկողության ներքո և հետագայում կարող են վերադառնալ շուկա:
  3. Օտարերկրյա ընկերությունը ընդմիշտ դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում, փակում է արտադրությունը և աշխատանքից ազատում աշխատակիցներին։ Այս դեպքում նրա նկատմամբ կկիրառվի սնանկության արագացված ընթացակարգ։ Նման գործողությունները կնպաստեն քաղաքացիների զբաղվածությանն ու սոցիալական բարեկեցությանը, որպեսզի բարեխիղճ ձեռներեցները կարողանան ապահովել բիզնեսի արդյունավետ գործունեությունը։

- Արևմտյան երկրների կողմից ՌԴ նկատմամբ  կիրառվող սահմանափակումները ո՞ր ոլորտներին են առնչվում:

- Սահմանափակումները, կարելի է ասել, առնչվում են բոլոր ոլորտներին: Այս պահի դրությամբ շուրջ 400 ապրանքանիշ դադարեցրել է գործունեությունը, առաքումները, ներդրումները, շատերը անժամկետ կամ վերջնականապես:

- Ինչպի՞սի ազդեցություն կունենա պատերազմը Հայաստանի վրա:

- Վերջին օրերին դժվար է չնկատել մարդաշատ փողոցներում ռուսների տեսակարար կշռի աճը, որի հիմքում ռուս-ուկրաինական հակամարտություններն են: Վերջին իրադարձությունները, սակայն, միայն ռուսների՝ Հայաստան հոսքով չսահմանափակվեց, երկրում փոխվեց սպառողական տրամադրվածությունը և վարքագիծը: Սպառողական վարքագծի փոփոխության ամենաակնառու օրինակը պարենային խանութների դատարկ դարակաշարերն են: Սպառողները, վախենալով պարենային դիֆիցիտից, գնում էին մեծ քանակությամբ ձեթ, ալյուր շաքարավազ և այլն: Այս ամենի տրամաբանական շարունակությունը դարձավ նաև արհեստածին գնաճը: Ներկա իրավիճակի հրամայականն է կենտրոնանալ ներքին սպառողի վրա, քանի որ որքան էլ մեր երկրում ռուսների հայտնվելը արդեն իսկ կարճաժամկետ իր դրական տնտեսական արդյունքն է տվել, բայց և այնպես, անհիմն գնաճը իր բացասական արդյունքներով սպասել չի տա: Գների աճ կա նաև անշարժ գույքի շուկայում՝ պայմանավորված ռուսների ներհոսքով։

- Հայաստանի դիրքորոշումը ինչպիսի՞ն պետք է լինի այս պարագայում:

- Տիրող իրավիճակում հնարավոր է միայն կարճաժամկետ պլանավորումներ իրականացնել, որոնք կբխեն իրավիճակից և կլինեն ի նպաստ բոլոր կողմերի: Այս պահին, կարծում եմ, Հայաստանը պետք է փորձի ռուսական շուկայի առջև կանգնած մարտահրավերը օգտագործել, որպես արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություն:

- Ռուսական շուկան լքած հատկապես ո՞ր ապրանքների մասով ՀՀ-ն կարող է ընդլայնել արտահանման ծավալները:

- Այժմ Հայաստանը ռուսական շուկան լքած ապրանքանիշների ապրանքների մասով  առաջացած բացի հաշվին ունի հնարավորություն և ներուժ ընդլայնել արտահանման ծավալները հետևյալ ապրանքների մասով՝ գարեջուր, օղի, հրուշակեղեն, հանքային ջուր, բնական հյութ, ժամացույց, ծխախոտ, կոսմետիկա և հագուստ: Վերը թվարկված որոշ ապրանքների մասով արտադրության և արտահանման ծավալների ընդլայնման համար առկա է նաև բավարար արտադրական հզորությունների ներուժ, ինչի մասին փաստում են նախկինում արտադրված և արտահանված ծավալները, որոնք վերջին տարիներին որոշ չափով անկում են ապրել: Այս պարագայում առաջնային քայլերից է ուժերի ներածին չափով օգտագործել առկա արտադրական հզորությունները, ավելի շատ արտադրել և արտահանել: Այս կերպ նախ հնարավոր կլինի աջակցել մեր կարևոր գործընկեր երկրին՝ լրացնելու շուկայի առկա բացը, մեր երկրին բերել ավելի շատ եկամուտ և այս ձևով ռուսական  շուկայում դիրքավորվել՝ ավելի լայն և ամուր արմատներ գցելով ապագայի համար: Նույնիսկ հետագայում, եթե ապրանքանիշների մասով սահմանափակումները վերացվեն կամ վերանայվեն, արդեն մեր կողմից շուկայի առավել լայն ընտելացումը կտա իր արդյունքները նաև երկարաժամկետ կտրվածքով:

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am