«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

4 մարզում պարեկային ծառայություն կստեղծվի․ 3,1 մլրդ դրամի պայմանագիր կկնքի «Տոյոտա Երևան»-ի հետ

21/07/2022

Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում կստեղծվեն ոստիկանության պարեկային ծառայություններ՝ Երևանի, Լոռու ու Շիրակի մարզերի օրինակով։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 21-ի նիստի օրակարգում։
Չորս մարզերում պարեկային ծառայություն հիմնելու համար ոստիկանությունը նախատեսում է ձեռք բերել 175 ավտոմեքենա, ոստիկանությունը որոշել է, որ պետք է ձեռք բերի Toyota Fortuner մակնիշի մեքենաներ՝ ընդհանուր առմամբ 3,1 միլիարդ դրամ արժեքով։ Ավտոմեքենաները ձեռք են բերվելու «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից, որի սեփականատերերն են Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը և գործարար Սամվել Մայրապետյանը։

Ըստ որոշման հիմնավորման՝ դեռ մայիսին հայտարարված ավտոմեքենաների գնման մրցույթը չէր կայացել, քանի որ մասնակիցներ չէին եղել, որից հետո ոստիկանությունը դիմել է հանրահայտ ավտոապրանքանիշերի հայաստանյան 5 պաշտոնական ներկայացուցիչների և միայն «Տոյոտա Երևան»-ն է, որ պատրաստ է եղել նշված բնութագրով ու նշված ժամկետներում մեքենաներ մատակարարել։Նախատեսվում է, որ դրանք պիտի մատակարարվեն մինչև նոյեմբերի 15-ը։

«Բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել Toyota Fortuner մակնիշի 45 միավոր մեխանիկական և 130 միավոր ավտոմատ տուփով ավտոտրանսպորտային միջոց, համապատասխանաբար, ըստ տեսակների 15,9 միլիոն և 18,4 միլիոն դրամ գնման գներով»,- նշված է որոշման նախագծում։

Անցյալ տարի պարեկային ծառայություն հիմնվեց Երևանում, այս տարի՝ Գյումրիում, Վանաձորում։ Երևանում պարեկայինների համար ձեռք բերված մեքենաները «Շկոդա» մակնիշի էին, իսկ Շիրակում և Լոռիում «Տոյոտա»։ Տարվա սկզբին «Տոյոտա Երևան»-ի հետ կնքվել էր ավելի քան 1,7 միլիարդի պայմանագիր՝ Շիրակի և Լոռու պարեկայինների մեքենաների մատակարարման համար։