ՆԱՏՕ-ի դաշնակիցները հոգնել են թուրքական ագրեսիայից
VOA-ի լրագրողն իր հոդվածում անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններին: Ըստ հեղինակի՝ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի երկրներին դրդում է աշխատել Թուրքիայի հետ` հուսով, որ կվերանան այն տարաձայնությունները, որոնք Անկարային ավելի են մոտեցնում Ռուսաստանին: Սակայն դաշնակիցներից մեկը՝ Հունաստանը, պատրաստվում է ավելի մեծ ցնցումների:
Աթենքը ներգրավվել է Անկարայի հետ վեճի մեջ. Միջերկրական ծովի արևելքում պաշտպանելով իր իրավունքներն ու ռեսուրսները՝ վերջին շաբաթներին էլ բազմիցս պատրաստության վիճակի է բերել իր ռազմածովային ուժերը: Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը մտահոգված է, որ երկու երկրների միջև լարվածությունն ավելի ծավալուն պրոցեսի մի մասն է, որի ավարտը չի երևում:
«Թուրքիան ավելի ինքնավստահ է դառնում… զուգորդելով ագրեսիվ հռետորաբանության աճող տարրերը առճակատման վերաբերմունքով և ռևիզիոնիստական քաղաքական դիրքորոշմամբ»,- ասել է հույն պաշտոնյան:
«Եթե ոչինչ չարվի, Թուրքիան իրավունք ունի հավատալու, որ կարող է անխոչընդոտ շարունակել՝ ցուցադրելով թշնամական և առճակատման այնպիսի պահվածք, որը սպառնում է կայունությանն ամբողջ տարածաշրջանում:
Պանագիոտոպուլոսը և մյուսները նկատել են, որ նոր ձեռք բերված ագրեսիվությունը Թուրքիայի նախագահ Էրդողանը ցուցադրեց չորեքշաբթի, երբ իր քաղաքական կուսակցության անդամների առջև ելույթի ժամանակ քննադատեց Արևմուտքին և Ֆրանսիային:
Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ավելի կոշտ դիրք ընդունել Անկարայի հետ` զգուշացնելով, որ պատժամիջոցների սպառնալիքը շատ իրական է: Պատամիջոցները պատրաստ են: