Փսակի. ԱՄՆ-ն դիվանագիտության է ձգտում Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ ստեղծված իրավիճակի համատեքստում
ԱՄՆ իշխանությունները շարունակում են դիվանագիտական փոխգործակցության ձգտել Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ ստեղծված իրավիճակի համատեքստում։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կանոնավոր ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը նրան հարցրել է` արդյո՞ք արդարացի կլինի ասել, հաշվի առնելով ՌԴ-ԱՄՆ վերջին գագաթնաժողովի ենթատեքստը, որ այժմ գնդակը Մոսկվայի դաշտում է՝ իբր Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացած ռուսական զորքերի հետագա տեղաշարժի հետ կապված: «Մեր նպատակը շարունակում են մնալ դիվանագիտական քննարկումները։ <...> Դրանք կարող են ընթանալ տարբեր ձեւաչափերով: Տասնամյակների նախադեպեր կան, կան բազմաթիվ ձեւաչափեր, որոնցով դրանք կարող են շարունակվել։ <...> Սա իսկապես մեր նպատակն է»,- պատասխանել է Փսակին։
«Դրանք, իհարկե, ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունն են ներառում։ Այստեղ մեր ընդհանուր մոտեցումն այն է, որ մենք չենք պատրաստվում խոսել առանց առանցքային դերակատարների ներգրավվածության [տվյալ հարցում]: Լինի դա Ուկրաինայի մասին քննարկումներ` առանց Ուկրաինայի, թե խոսակցություն ՆԱՏՕ-ի մասին` առանց ՆԱՏՕ-ի: Սրանք են մեր սկզբունքները։
<...> Ակնհայտ է, որ այս բոլոր ջանքերը, դիվանագիտական ջանքերը` համակարգումը մեր եվրոպացի գործընկերների հետ, [ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի] եւ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի միջեւ շատ անմիջական զրույցը պետք է շատ հստակ ցույց տան, որ եթե դուք ընտրում եք ներխուժում, ապա դա լուրջ եւ էական տնտեսական հետեւանքներ կունենա։ Իհարկե, ոչ թե այլ երկրներ, այլ Ռուսաստանի նախագահն է վերահսկում Ռուսաստանի Զինված ուժերը, բայց, անկասկած, մեր ջանքերն ու նպատակն է անցկացնել այս դիվանագիտական քննարկումները եւ գնդակն առաջ տանել այս ալիքով»,- շարունակել է Փսակին։