«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԸ. ՊԱՏՄԱԲԱՆ

07/12/2020

ՀՀ ցանկացած տհաճ իրավիճակում գտնվելու պարագայում էլ մենք միշտ փորձում ենք պահել լավատեսությունը և մեզ հույս ներշնչել, որ հայ քաղաքական միտքը դրանցից անհրաժեշտ եզրակացություններ կանի, լուրջ հաշվեկշռի կենթարկի տեղի ունեցածը և կգործի խոհեմ, զուսպ ու հավասարակշռված: Բայց, ահա, ափ ի բերան զարմանքով լսեցինք Ս. Լավրովի հետ հանդիպման ժամանակ մեր նորաթուխ արտաքին գործերի նախարարի մասնավորապես հետևյալ խոսքերը.« Թուրքիան պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց եւ Հարավային Կովկասից դուրս բերի իր զինված անձնակազմը եւ դրա հետ կապված ահաբեկչական խմբավորումները: Դեռեւս հստակ ազդանշաններ չկան արտասահմանցի գրոհայինների, ահաբեկիչների դուրսբերման մասին: Կա հավաստի տեղեկություն գրոհայինների, ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունն ընդլայնելու Ադրբեջանի ծրագրերի մասին»: Ուրեմն, ի°նչ է ստացվում՝ ՀՀ թիվ մեկ դիվանագետը դարձյալ չի ազատվում մեր կաղ դիվանագիտության կաղապարներից և գերտերության արտաքին գործոց նախարարի մոտ արծարծում է մի խնդիր, որն առնվազն կարող է քմծիծաղ հարուցել միայն: Հարգելի պարոն նախարար, Դու°ք պետք է Լավրովին տեղյակ պահեք ԼՂ հակամարտության գոտի Թուքրիայի կողմից ահաբեկիչներ բերելու վերաբերյալ, Դու°ք պետք է նրան մատնացույց անեք, թե որոնք են իրենց անելիքները Հարավային Կովկասում և, վերջապես, Դու°ք եք նրան հայտնում, իբր տարածաշրջանում Ադրբեջանի կողմից ահաբեկիչների տարածման աշխարահագրության ընդլայնման մասին: Երեկ, մյուս օրն էր, որ ռուս-թուրք-ադրբեջանական փոխադարձ համաձայնության արդյունքում մեր համար ցավալի ավարտ ունեցավ պատերազմը: Հիմա Դուք ռուս – թուրքական արդի մերձեցման փուլում այդ ի°նչ հարցեր եք արծարծում, մանավանդ, որ փաստորեն ավարտվել է հայ – ադրբեջանական հակամարտությունը և այլևս ավելորդ է խոսել հակամարտության գոտուց, որը լիովին ռուսական ազդեցության դաշտում է: Ցավոք, ավելի է խորանում մեր մտահոգությունն այն առումով, որ մեր դիվանագիտությունը դարձյալ շարունակելու է ընթանալ այն ուղով, որը նախատեսում է հզորներին թելադրել, թե որոնք են իրենց քաղաքական շահերը: Փոխանակ ստեղծված իրավիճակում քննարկելու խնդիրներ, որոնք առնչվում են սահմանագծին, օգտագործելու Լավրովի հնարավորությունները գոնե սահմանզատումը որոշ կետերում, թեկուզ փոքրիկ, մեր համար շատ ցավոտ չկատարելու տեսանկյունից, այն մարդուն ինչե°ր եք ասում: Բավական չէ՝ 20 տարուց ավելի մաքսիմալիզմով տարվելով խնդիրն հասցրեցինք ցավալի լուծման, հիմա էլ դարձյալ կարծես նորից բացատրում եք աշխարհին, թե թուրքերն ինչ են անում:Հավատացնում եմ Ձեզ՝ դա դիվանագիտություն չէ: Ավելի լավ է զբաղվեք միայն մարդասիրական հարցերով կամ այդ մարդուն խնդրեք, որ Ձեզ մեր շահերի ճիշտ ընկալմամբ դիվանագիտություն սովորեցնի: Ռուսն ու թուրքը մերձեցել են և գիտեն ինչ են անում, ինչպես 1920թ. այս օրերին,հիմա Դուք նրանց ի°նչ եք բացատրում: Միգուցե ասեիք, որ Արևմտյան Հայաստանն էլ քրդերով է բնակեցված, պետք է նրանց հանել, որ հայերը գնան այնտեղ ապրեն: Այս դեպքում հաստատ Դուք Լավրովին անչափ դուր կգայիք: Մնում է ափսոսալ միայն, որ աշխարհն այդպես էլ մեզանից դիվանագիտություն չսովորեց: Բայց դե, ոչինչ, մի օր կսովորի, թեկուզ և այդ ժամանակ մենք չլինենք:

«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի ֆեյսբուքյան էջ