«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թրաֆիքինգի մասին Պետդեպի զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքերը

09/07/2021

Մարդկանց թրաֆիքինգի մասին օրերս հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի Հայաստանին վերաբերող գլուխն արդեն հասանելի է հայերեն թարգմանությամբ։ 2021թ․ զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքերը։ Զեկույցն արձանագրում է, որ նախորդ տարվա համեմատ թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ջանքերն ավելացել են, և մատնանշում է հետագա բարելավման ուղղությունները։
Դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքը բարելավվել է, և երկիրը տեղ է գտել 2-րդ խմբում։ Հիշյալ ջանքերը ներառում են․ քննություններ ավելի շատ կասկածյալների նկատմամբ, սեռական թրաֆիքինգ իրականացնողի դատապարտում և ավելի շատ զոհերի նույնացում։ Կառավարությունը մշակել է ուղեցույց ոստիկանության տեղական բաժանմունքների համար՝ մշտադիտարկելու թրաֆիքինգի առումով ռիսկային համարվող օբյեկտներն ու խոցելի համայնքերի իրավիճակը և ընդունել է օրենք, որով անչափահասի հարցաքննությունը պետք է լինի հոգեբանի ներկայությամբ և չգերազանցի 90 րոպեն։ Գլխավոր դատախազությունը ձևավորել է աշխատանքային խումբ՝ իրավական կամ ընթացակարգային տեսանկյունից դիտարկելու թրաֆիքինգի 2018-2019թթ․ բոլոր գործերը, իսկ ոստիկանությունը թրաֆիքինգի մասին առարկայական ծրագիրը ներառել է նոր պարեկային ոստիկանության վերապատրաստման ծրագրում։ Կառավարությունը զգալիորեն ավելի շատ ռեսուրսներ է ուղղել ՀԿ-ի կողմից գործարկվող կացարանին, մշակել է դիտազննման ցուցիչներ սոցիալական աշխատողների համար և կատարելագործել է անչափահաս զոհերի նույնացման գործընթացը։
Կառավարությունն առաջին անգամ միջոցներ է հատկացրել զոհերի հայրենադարձման համար, ընդունել է 2020-22թթ․ գործողությունների ազգային ծրագիրն ու միջոցներ է հատկացրել դրա իրականացման նպատակով։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) 2015թ․ ի վեր առաջին անգամ իրականացրել է տեսչական ստուգումներ աշխատանքի մասով։ Այնուհանդերձ, Կառավարությունն ամբողջությամբ չի բավարարել թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշները մի շարք առանցքային ուղղություններում։
2014թ․-ից հետո չի եղել աշխատանքային թրաֆիքինգ իրականացրած որևէ անձի դատապարտում։ Գլխավոր դատախազությունը շարունակել է կարճել կամ վերաորակավորել ոստիկանության տեղական բաժանմունքների կողմից հարուցված թրաֆիքինգի գործերը՝ ապացույցների բացակայության պատճառով։ Արձագանքման առաջին օղակում գտնվողները չունեին խոցելի խմբերի դիտազննման/սքրինինգի ստանդարտ ցուցիչներ և շարունակում էին ապավինել զոհերի ինքնանույնացմանը։ Մի շարք հեռավոր բնակավայրերում իրավապահները չունեին տեղեկատվություն ու համապատասխան պատրաստվածություն զոհերին իրենց իրավունքների մասին
իրազեկելու համար և արդարադատության հասանելիությունը զոհերի համար մնում էր ցածր, մասնավորապես՝ բացակայում էին զոհակենտրոն ընթացակարգերը և վկա հանդիսացող զոհերի պաշտոնական պաշտպանության միջոցները: ԱԱՏՄ-ը չուներ
«ոչ-իրավաբանական անձ» գործատուների մոտ, օրինակ՝ փոքր ֆերմերային տնտեսություններում կամ ոչ-օրինականորեն գործող բիզնեսներում տեսչականստուգում անցկացնելու իրավասություն։
Նշենք, որ զեկույցում պարունակվում են նաև անելիքների վերաբերյալ առաջարկներ։