«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվայի 1921 թ․ պայմանագրի օրինականության հարցի շուրջ

11/03/2022

Հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանման տեսանկյունից կարևոր է ներկայացնել Մոսկվայի կոնֆերանսն ու դրա արդյունքում կնքված պամանագիրը: Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրն իր նշանակությամբ և խաղացած դերով համարվում է գլխավորը: 1921 թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը Մոսկվայում տեղի ունեցավ ռուս-թուրքական խորհրդաժողով: Քանի որ այնտեղ քննարկվելու էին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարածքային-սահմանային հարցեր, Մոսկվա էր մեկնել նաև Հայաստանի պատվիրակությունը՝ արտգործժողկոմ Ալ. Բեկզադյանի գլխավորությամբ:

Մոսկվայի խորհրդաժողովում Հայաստանի պահանջները ներկայացնելու համար հայկական պատվիրակությունը պատրաստել էր մի զեկույց, որում հիմնավորվում էր Հայաստանի Առաջին հանրապետության տարածքը Խորհրդային Հայաստանին միավորելու պատմաաշխարհագրական, էթնիկական, տնտեսական և քաղաքական անհրաժեշտությունը: Այդ զեկույցին կից կար նաև քարտեզ, որում բերվում էին հայ-թուրքական սահմանի չորս հնարավոր տարբերակներ՝ սկսած առավելագույնը Հայաստանի մեջ ներառելով Սուրմալուն և Կարսի մարզի հիմնական մասը (I տարբերակ) և նվազագույնը՝ մինչև Ալեքսանդրապոլի պայմանագրով նախատեսված սահմանները (IV տարբերակ), այն է՝ Արաքս և Արփաչայ գետերի գծով մինչև Մեծ Աղբաբա ու Ղզըլդաշ լեռները, Մեծ Ղըմլի և Տիխնիս գյուղերը: Սակայն, թուրքերի պնդմամբ, հայկական պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցելու խորհրդաժողովին։ Մնում էր, որ Հայաստանի շահերի պաշտպանությունը իր վրա վերցներ ռուսական պատվիրակությունը: Սա, ինքնին, Հայաստանի ինքնիշխան իրավունքի ոտնահարման բացահայտ խախտում էր: Հայկական պատվիրակության ներկայացրած սահմանային տարբերակները անտեսվեցին և քննության չառնվեցին: Ռուսական պատվիրակությունն ի սկզբանե, իբրև սկզբունք, պաշտոնապես ճանաչեց թուրքական Ազգային ուխտը, և 1920 թ. օգոստոսի 24-ի խորհրդա-թուրքական նախաստորագրված պայմանագրի նախագիծը դրվեց բանակցությունների հիմքում: Ռուս-թուրքական բանակցությունների արդյունքով մարտի 16-ին ստորագրվեց տարածքային-սահմանային տեսակետից հակահայկական մի պայմանագիր:

Եթե խնդիրը դիտարկում ենք միջազգային իրավունքի տեսանկյունից, ապա ակնհայտ է դառնում, որ Մոսկվայի պայամանագիրը կնքվել է միջազգային իրավունքի ու նորմերի կոպիտ խախտումներով: Բանն այն, որ 1920 թ. դեկտեմբերի 2-ի Երևանի՝ Դրո-Լեգրան համաձայնագրով խաղաղ ճանապարհով խորհրդայնացած Հայաստանը դիտվում էր որպես անկախ պետություն, մանավանդ որ հանդիսանում էր միջազգայնորեն (դե ֆակտո և դե յուրե) ճանաչված ՀՀ իրավահաջորդը: Հավելենք նաև, որ 1921 թ. գարնանը Խորհրդային Ռուսաստանը տակավին ռազմաքաղաքական դաշինք (պայմանագիր) չէր կնքել Հայաստանի հետ, թեև նման պայմանագրերում ամրագրվում էր, որ ճանաչվում էին պայմանավորվող կողմերի ինքնիշխանությունը և անկախությունը: Ի դեպ, 1920 թ. սեպտեմեբրի 30-ին ռազմաքաղաքական նման պայմանագիր կնքվել էին ՌԽՖՍՀ-ի և Ադրբեջանի, իսկ 1921 թ. մայիսին՝ Վրաստանի, բայց դեռ ոչ՝ ՌԽՖՍՀ-ի և Հայաստանի միջև: Իրողությունը մնում է այն, որ Խորհրդային Հայաստանի՝ որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտի պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել բանակցություններին: Մյուս կողմից, Հայաստանը չէր լիազորել Ռուսաստանին, որ նա խորհրդա-թուրքական բանակցությունների ժամանակ հանդես գար նաև Հայաստանի (հայ ժողովրդի) անունից և կնքեր նրա կենսական շահերին անմիջապես առնչվող պայմանագիր:

Միջազգային դիվանագիտության պատմության մեջ եզակի են այն դեպքերը, երբ բանակցող երկու պետություններ քննարկում և համատեղ վճիռներ են կայացնում մեկ այլ անկախ՝ երրորդ պետության տարածքային-սահմանային խնդիրների վերաբերյալ՝ առանց վերջինիս գիտության ու մասնակցության: Ընդ որում, միջազգային այդ պայմանագրի որոշումները երրորդ կողմին՝ տվյալ դեպքում Հայաստանին, պարտադրվեցին մեկ այլ՝ Կարսի պայմանագրով, անվերապահ ճանաչելու և կատարելու հրամայականով։

Այս ամենից, նախ, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի (էլ չենք ասում՝ Թուրքիայի) համար քաղաքական արժեք չի ունեցել Հայաստանի՝ որպես պետական սուբյեկտի գործոնը: Հերթական անգամ ապացուցվեց, որ բոլշևիկների հռչակած ազգերի ազատ ինքնորոշման պահանջը ընդամենը խաբկանք էր։ Ստացվեց այնպես, որ Մոսկվայի պայմանագրով բոլոր հարևան երկրները շահեցին. Թուրքիան ստացավ Կարսը, Արդահանը, Արդվինը և Սուրմալուն, Ադրբեջանը` Նախիջևանի մարզը, Վրաստանը` Բաթումը, իսկ Հայաստանը միայն տարածքներ կորցրեց:

Այսպիսով, միջազգային իրավական տեսակետից Մոսկվայի պայմանագիրը Հայաստանին վերաբերող մասով հակասում է միջազգային պայմանագրային իրավունքի ընդունված հիմնական նորմերին, այն է. անտեսված են Հայաստանի՝ որպես պետականության սուբյեկտի բանակցություններին մասնակցելու, նրա կամքը ազատ արտահայտելու կամ գոնե նրա կարծիքը հարցնելու պայմանները, որովհետև սա մի խորհրդաժողով էր, որտեղ անմիջականորեն շոշափվում էին Հայաստանի կենսական շահերը՝ տարածքային-սահմանային խնդիրը:

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյան       

Generalnews.am