«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արարատ Միրզոյանի Թուրքիա այցելելու առիթով․ Աշոտ Ներսիսյան

15/02/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

ՀՀ Արտաքին գործոց նախարարը այսօր մեկնել է Թուրքիա։ Գիշերը այնտեղ է ուղարկվել նաև Հայաստանից Թուրքիա երկրորդ հումանիտար օգնությունը։ Այցն համարում են պատմական։ Ա․ Միրզոյանն իր հումանիտար աջակցությունը պետք է հայտնի Թուրքիային, ապա՝ այցելի հայ փրկարարներին։ Այս քայլով նա ցանկանում է Թուրքիային համերաշխության ժեստ անել։ Շատ լավ, թող հաշտվենք Թուրքիայի հետ։ Բայց Ա․ Միրզոյանը կարո"ղ է դրանով հետևյալ երաշխիքներին հասնել կամ դրանք ստանալու սկիզբը դնել․

1․ Ազդել Թուրքիայի վրա, որ Ադրբեջանին ստիպի անմիջապես բացել Լաչինի միջանցքը, քանի որ Արցախում նույնպես հումանիտար աղետ է։

2․ Հասնել նրան, որ Թուրքիան Ադրբեջանին, որի հետ օրեր առաջ Կարսում զորավարժություններ էր անում, հանուն հաշտության և խաղաղության համոզի հետ քաշվել մեր սուվերեն տարածքից, որից գրավել է 140 կմ։

3․Արագացնի Ադրբեջանի հետ մեր խաղաղության պայմանագիրը՝ զերծ պահելով նրան զանգեզուրյան միջանցք ստանալու փորձերից, որոնցում նրա կողքին է։

4․ Հայ- թուրքական հաշտությունը Թուրքիան չկապի Արցախի հարցի հետ, կամ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի։

Եթե այս հարցերում մի բանի կհասնի, բոլորս կողջունենք նրան։ Իսկ եթե երկրաշարժի հանգամանքն օգտագործելով ուզում է շահել Թուրքիայի բարյացակամությունը մեր հանդեպ, ապա ցավոք սխալվում է։ Երկրաշարժից հետո էլ Թուրքիան նույնն է մնալու, ինչպես դրանից առաջ էր, իսկ հայ - թուրքական բանակցությունները հանուն հաշտության կշարունակվեին նաև, եթե չլիներ ՀՀ հումանիտար օգնությունը։ «Օսմանցին սայլով նապաստակ կբռնի» ձևակերպումը դեռևս պահում է իր արդիականությունը։