«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վահան Քերոբյանը «Expo 2020 Dubai» ցուցահանդեսում մասնակցել է Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումներին

30/01/2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին մասնակցել է «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրվա պաշտոնական բացման արարողությանը։ Միջոցառումը մեկնարկել է ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում։

Ողջունելով հյուրերին՝ Դուբայում Expo 2020 ցուցահանդեսի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին շնորհակալություն է հայտնել Հայաստանին այս գլոբալ միջոցառմանը մասնակցության համար և ընդգծել, որ այն վկայում է երկու երկրների միջև ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունների մասին։ Նա վստահություն է հայտնել, որ ցուցահանդեսը նոր հաջողություններ և համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի մասնակից երկրների համար, քանի որ հատկապես հիմա այս խոշորագույն ցուցահանդեսը հիանալի հարթակ է միանալու ավելի կայուն ապագա կերտելու գլոբալ քննարկումներին։

Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի նորարարությունների, արհեստական բանականության և մի շարք այլ ոլորտներում՝ մատնանշելով այն մեծ ինտելեկտուալ ռեսուրսը, որ ունի Հայաստանը տեխնոլոգիաների ստեղծման ոլորտում։ Իր խոսքում նա գերազանց է գնահատել Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսում։

Նախարար Վահան Քերոբյանը Ազգային օրվա պաշտոնական բացման իր ելույթում կարևորել է աշխարհում գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների և նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։ Վահան Քերոբյանն ընդգծել է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի գրավչությունները, տնտեսական հետաքրքրությունները, առանձնացրել հատկապես տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են առավել գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար։

«Հայաստանի մասնակցությունը նման մեծամասշտաբ ցուցահանդեսներին կարևոր է երկրի ճանաչելիության բարձրացման, նոր համագործակցությունների հաստատման և դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից», – ընդգծել է նախարարը։

Պաշտոնական բացման արարողությունից հետո ողջ օրվա ընթացքում
կազմակերպվել են մի շարք մշակութային միջոցառումներ։ Մշակութային երեկոն
բացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը բազմաթիվ
հյուրերի և տարբեր երկրներից ժամանած ցուցահանդեսի այցելուների համար
փայլուն ներկայացրել է «Խաչատուրյան ջազ» համերգային ծրագիրը։

Հայկական երաժշտությունը մեծ ոգևորությամբ է ընդունվել բազմազգ հանդիսատեսի կողմից։

Արդեն շուրջ 4 ամիս է, ինչ «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները ամենօրյա ծավալուն աշխատանք են իրականացնում մեր երկրի գրավչությունները ցուցահանդեսի հազարավոր այցելուներին և ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու համար․ պետական կառույցների, մասնավոր ընկերությունների և ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, Հայաստանի կողմից պատվիրակված ներկայացուցիչները պարբերաբար հարցազրույցներ են տալիս տարբեր լրատվամիջոցների՝ ներկայացնելով մեր երկիրն ու այն ամենը, ինչ կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին ու բացել նոր համագործակցությունների դռներ:

(Նախարարի ամբողջական ելույթն ՝ այստեղ։