«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ի՞նչ ճանապարհ է անցել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը Լատվիայի Սեյմում ընդունվելուց առաջ

28/02/2023

Գիտնական Դենիել Ֆիտանտեն, որը զբաղվում է սփյուռքի, միջազգային միգրացիայի, հետխորհրդային քաղաքական անցումային ժամանակաշրջանի, քաղաքային սոցիոլոգիայի ուսումնասիրություններով, լայնածավալ գիտական հոդված է հրապարակել միջազգային հարաբերություններին առնչվող առաջատար Chatham House-ի ամսագրում՝ վերլուծելով 2021 թ.-ին Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

«Կառուցողական հիշողության քաղաքականությունը. Հայոց ցեղասպանության ճանաչումը Լատվիայում» խորագրով հոդվածում հեղինակն անդրադառնում է այն գործընթացներին, որոնք, ի վերջո, հանգեցրել են Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Հեղինակը նշում է, որ 2018 թ.-ին Լատվիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Սեյմում հայտնվեցին ակտիվիստներ, գիտնականներ և լրագրողներ, որոնք մարդու իրավունքների կողմնորոշում ունեցող օրենսդրության կողմնակից էին: Հենց Լատվիայի 13-րդ գումարման խորհրդարանում ընդունվեց հայտարարություն, որով ճանաչվում էր Ղրիմի թաթարների ցեղասպանությունը (2019), բանաձև ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին (2021), օրինագիծ՝ Հոլոքոստի ճանաչման մասին (2022) և այլ օրինագծեր:

Հեղինակը, սակայն, նշում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևում հիմնական շարժիչ ուժը եղել է «դրսից»՝ ի դեմս Բալթյան երկրներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի:

«Չնայած Մկրտչյանը (խմբ.՝ ցեղասպանության ճանաչմանն ուղղված) ջանքեր էր գործադրում իր պաշտոնավարման հենց սկզբից՝ 2016 թ.-ից, սակայն այդ նկրտումները շատ ավելի իրագործելի դարձան 2018 թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո», - նշում է հեղինակը՝ հավելելով, որ դեսպան Մկրտչյանը տեսել է 13-րդ Սեյմի ներուժը և սկսել է աշխատանք տանել լիբերալ կուսակցությունների հետ:

Տիգրան Մկրտչյանի մասին հեղինակի հետ հարցազրույցում խոսել է լիբերալ պատգամավոր Ինես Վոյկան:

«Դա տեղի ունեցավ, որովհետև մենք ունեինք ակտիվ և բարեկիրթ դեսպան, որի համար սա առաջնահերթություն էր: Երբ մենք դարձանք նրա խմբի անդամներ, նա մեզ Facebook-ով հաղորդագրություններ էր ուղարկում գիշերվա ժամերին, նա մեզ «ռմբակոծում էր» սրանով… որովհետև իսկապես առաջ էր մղում դա», - հիշում է Վոյկան:

Հոդվածի հեղինակը շեշտում է, որ հենց Մկրտչյանի կենտրոնացված ջանքերի շնորհիվ Լատվիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավը սկսեց թափ հավաքել: Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի քաղաքացիական հասարակության անդամների և հասարակական կարծիքը ձևավորողների հետ, իրազեկել նրանց: Այս նախաձեռնության մեջ նաև մեծ դերակատարում է ունեցել լատվիահայ Ելենա Եսայանը ՝ AP! Կուսակցության գլխավոր քարտուղարը, որն անձնական հետաքրքրություն է ցուցաբերել այս գործում: Չնայած որոշակի դիմադրությանը՝ Եսայանն իր կուսակցությանը համոզել է աջակցել այս նախաձեռնությունը:

«Քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումը գործնական փոքր արժեք ուներ Լատվիայի համար և հնարավոր անվտանգության ռիսկեր էր պարունակում, Եսայանի միջամտությունը շատ կարևոր էր», - նշում է հոդվածի հեղինակը:

Նախաձեռնությանն են միացել նաև քաղաքական այլ ուժեր, իսկ Արտաքին հարցերով հանձնաժողովն ուսումնասիրություն է անցկացրել՝ համոզվելու, որ այդ առաջարկը վտանգ չի ներկայացնում Լատվիայի անվտանգության շահերի համար: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մեծ է եղել նաև պահպանողական պատգամավոր Յուրիս Յուրաշի դերակատարումը, որի համար այս գործի հաջողությունն առաջնահերթություն է դարձել:

Բազմաթիվ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկումը ներառվել է 2021 թ. մայիսի 6-ի նիստի օրակարգում և նույն օրն ընդունվել է 58 կողմ, 11 դեմ և 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: