«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սա հեղաշրջման փորձ չէ, պատերազմ չկա, Արցախում կապիտուլյացիա է, իսկ պատերազմը Փաշինյանն ուզում է տեղափոխել ՀՀ՝ իր իշխանությունը պահելու համար. Արմեն Ռուստամյան

11/11/2020

Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ընդդիմության առաջարկած երկու կետերին, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և պետք է ստեղծվի հայրենիքի փրկության կոմիտե:

Հարցին՝ ովքեր են ստեղծելու այդ հայրենիքի փրկության կոմիտեն, Ռուստամյանն ասաց. «Հիմնականում 17 կուսակցությունները, նաև խորհրդարանական ուժեր, բայց դա բաց է: Կոմիտեն իր մեջ ներառում է բոլոր այն ուժերը, ովքեր համարում են, որ ստեղծված իրավիճակից որպես առաջին քայլ, ելքը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, և մնացած քայլերը, որ հետագայում կարողանանք լեգիտիմ քայլերով իրականացնել: Պետք է ձևավորվի նոր կառավարություն, ազգային փրկության կառավարություն, որը հրատապ գործողություններ պետք է կատարի այս իրավիճակում բեկում մտցնելու համար, որ այս ստորացուցիչ  պայմանագրի արդյունքները ցավալի չլինեն մեր ժողովրդի և պետության համար»:

Ռուստամյանը, անդրադառնալով մեղադրանքներին, թե նախկին իշխանություններն են մեղավոր, և որ նրանք բանակցել են նման փաստաթղթի շուրջ, ասաց, որ նախկին իշխանությունների ժամանակ հաղթանակ է կերտվել, այս իշխանության ժամանակ հաղթանակը մսխվել է: «Սա փաստ է, այս ժողովուրդը հաղթել է մինչև այս իշխանության գալը, հետ եկած մեծ ձեռքբերումը մենք այսօր զրոյացնել ենք, սրա մասին է խոսքը»,- նշեց նա:

Հարցին՝ սա հեղաշրջման փո՞րձ է, նա պատասխանեց, որ այստեղ հեղաշրջման փորձ չկա, հայրենիքի փրկության ընթացք է սա: Ճշտող հարցին էլ՝ պատերազմի ժամանակ նման պահանջները ճի՞շտ են, Ռուստամյանն արձագանքեց. «Պատերազմ չկա, սա կապիտուլյացիա է: Արցախում կապիտուլյացիա է, այստեղ պատերա՞զմ, նա ուզում է պատերազմը տեղափոխել Հայաստան՝ իր իշխանութունը պահելու համար, այստեղ ընտրությունը Նիկոլի ու Ղարաբաղի մեջ է, ուրիշ ընտրություն չկա»,- ասաց նա և հավելեց.

«Այսքան ասելուց հետո այս մարդը մնում է ի՞նչ անի, որ մի հատ էլ Հայաստանը հանձնե՞նք»: