«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որ 2022 թվականը լինի վերելքի ու վերածննդի տարի. ՀՀ վարչապետ

30/12/2021

Կառավարության այս տարվա վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պետք է բոլոր ջանքերը ներդնեն, որ 2022 թվականը լինի վերելքի ու վերածննդի տարի:

«Սա է մեր այսօրվա հիմնական ուղերձը: Պարզ է, որ ետպատերազմյան օրակարգն ու հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու, ու մենք պետք է քայլ առ քայլ հետևողականորեն հաղթահարենք այդ վիճակը ու փորձենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են արտաքին օրակարգում, ընդ որում, իմ համոզմունքը հետևյալն է` մենք պետք է մեզնից կախված հնարավորը անենք լուծումների գնալու համար, պետք է ամենն անենք, որ հաջորդ սերունդներին ու հաջորդ կառավարություններին ոչ թե շարունակաբար բարդացող պրոբլեմներ ժառանգենք, այլ ժառանգենք կայուն իրավիճակ, ամրագրված իրավիճակ, ինչը առանցքային նախապայման է երկրի հետագա բնականոն զարգացումն ապահովելու համար», - ասաց նա:

Ըստ Փաշինյանի` սա հեշտ չէ. ինչքան էլ մեծ է իրենց պատրաստականությունը` վերցնելու պատասխանատվություն որոշումներ կայացնելու, պետք է արձանագրել, որ որոշումների կայացումը հաճախ կամ գրեթե միշտ միայն իրենցից չէ կախված:

«Մենք պետք է կարողանանք ֆիքսել իրավիճակն ու մեր հռչակած Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը, ի վերջո, կարողանանք հասցնել լրումին», - նշեց վարչապետը։