«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ. ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ ԶԱՐԳԱՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

20/09/2023

Ադրբեջանը կրկին սկսեց լայնածավալ էսկալացիա, որը պետք է պայմանավորել գլոբալ առումով իր համար նպաստավոր պայմաններով։ ՀՀ իշխանությունների ռուսների համար աննպաստ հայտարարություններից, և ակնհայտ արևմտամետությունից օգտվելով Ալիևը գնաց այդ քայլին՝ վստահ լինելով, որ Ռուսաստանը չի պաշտպանելու հայկական կողմին, քանի որ, նախ՝ խաղաղապահները նոյեմբերի 9 – ի համաձայնագրի դրույթների համաձայն՝ իրավունք չունեն իրականացնելու հարձակողական գործողություններ կողմերից մեկի վրա, այլ՝ միայն իրենց վրա հարձակում լինելու դեպքում կդիմեն զենքի և երկրորդ, ամեն կերպ խուսափելով երկրորդ ճակատի բացումից, ամբողջ մեղքը կգցեն (որն արդեն արել են) հայկական կողմի վրա, որը ճանաչել է, համենայն դեպս հայտարարությամբ, Արցախն Ադրբեջանի մաս։ Այլ հարց է, որ եթե ճանաչած չլիներ էլ, նա չէր խառնվելու կոնֆլիկտին հօգուտ հայոց, բայց դրանով նա գտավ իր արդարանալու հիմքը, մանավանդ մեր կողմի Արևմուտքի հանդեպ սիրախաղերի պայմաններում։ Ադրբեջանը մեր խորին համոզմամբ, մտածել է, որ Ռուսաստանը երբեք չի մտնի ռազմական գործողությունների մեջ իր հետ և չի դատապարտի այդ հարձակումը։ Սիոնիստները, սրանով նաև հերթական փորձն են անում Ռուսաստանին և Պարսկաստանին քաշելու նոր պատերազմի մեջ, որից բնականաբար զգուշանում է Ռուսաստանը։ Այս ամենը հարցի մի կողմն է, սակայն մեզ համար ավելի կարևոր է, թե ինչպիսի հնարավոր տարբերակներով կարող են ընթանալ իրադարձություններն այս օրերին, ինչպես կավարտվի պատերազմը, որովհետև այն ինչ ունի սկիզբ, ունի և ավարտ։

Տարբերակ 1․ Արևմուտքը, արդեն երեկվանից սկսել է կոչերը պատրազմի դադարեցման վերաբերյալ, որոնց  Ադրբեջանը բանի տեղ չի դնում, քանի որ ինչպես հրեաները Պաղեստինի պարագայում իրենց լայնամասշտաբ գործողությունը համարում են հակաահաբեկչական պայքար։ Սեպտեմբերի 21 – ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կընդունի հայտարարություն, կոչ կանի դադարեցնել պատերազմը, բայց դա չի կարող որևէ կոնկրետ արդյունք ունենալ, որովհետև նույն Արևմուտքը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Այսինքն, կոչ կլինի դադարեցնելու և բանակցելու, որին Ադրբեջանն հիմա առավել քան չի գնա։ Ստացվում է, որ Արևմուտքը չի կարող ավարտի բերել պատերազմը։

Տարբերակ 2․ Պարսկաստանը նույնպես որևէ հորդորով չի դիմի Ադրբեջանին՝ ավարտելու պատերազմը, որովհետև նա նույնպես Արցախը համարում է Ադրբեջանի տարածք։ Նա թերևս կարող է արտահայտվել կամ կտրուկ միջոցների դիմել Սյունիքի վրա հարձակվելու դեպքում, եթե նախորդ օրերին նոր, ավելի նպաստավոր, քան պատերազմը, պայմանավորվածությունների չի հասել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որովհետև մեր դիվանագիտությունը Արևմուտքի հետ համեմատության մեջ չափազանց ցածր է գնահատում մեզ համար Իրանական գործոնը։

Տարբերակ 3․ Երբ Արևմուտքի հանդեպ հույսը հատի, որը չգիտես ինչու այսքան իրադարձությւոններից հետո դեռևս վառ է, ՀՀ–ն կարող է դիմել ռուսական իշխանություններին, որոնք կպահանջեն կտրուկ հրաժարում ՆԱՏՕ-ից և Արևմուտքից, կկանգնեցնեն պատերազմը, բայց  Արցախը կրկին կհամարեն Ասդրբեջանի մաս, ինչպես որ անում են։ Կարծում ենք, որ այս պահին, մեր քաղաքական շահը պահանջում է՝  կտրուկ հայտարարություն արվի, որ Հայաստանը պատրաստ է իրականացնել նոյեմբերյան համաձայնագրի 9 –րդ կետը, որով <<անխոչընդոտ>> ճանապարհ է տալու Ադրբեջանին, որը վերահսկելու է ռուսական դաշանային ծառայությունը։ Սա առայժմ միակ հնարավորույթունն է՝ խուսափելու համար այդ միջանցքի համար ՀՀ դեմ նոր էսկալացիայից։ Բայց ռուսներն էլ արդեն հայերի  համար Արցախը կորած են համարում։

Տարբերակ 4․ Արցախահայությունն անկախ այս ամենից, կշարունակի  պայքարն իր հողում մնալու համար, որին արդեն կարծես թե ցանկանում են գնալ միավորվելու տեղիս կամավորները։ Այս դեպքում կռիվը կկրի տևական բնույթ, թերևս  Արցախից հայության հոսքի զուգորդությամբ։ Բայց, չենք կարծում, որ հնարավոր կլինի վերականգնել կորցրածը։

Իսկ ինչ վերաբերում է այն  խնդրին, թե ՀՀ պատերազմին խառնվելը ինչքանով կարող է արդյունավետ լինել, ապա, դա կարող են իմանալ միայն ռազմական ուժերի հրամանատարները և ՀՀ իշխանությունները։ Մենք այն կարծիքին ենք, որ այս պարագայում ճիշտը ճշգրիտ հաշվարկներով դիվանագիտական գործընթացն է։ Ինչքան էլ ցավալի է, Արցախը հնարավոր է, որ ապրում է իր վերջին օրերը։ Այս ամենի հետնախորքի վրա կարևոր է նաև այն հարցի պատասխանի որոնումը, թե ինչ կտա ՀՀ –ում իշխանափոխությունը։ Այդ հարցը ներկա պահին պետք է դրվի նրբորեն և ոչ Արցախի հարցի շահարկմամբ և պահն օգտագործելով։ Կարող է երկիրը քաշվել քաոսի և անիշխանության մեջ, որը դժվար թե լուրջ բանի հանգեցնի։ Կարծում ենք, որ հրապարակում իշխանափոխության հարց դժվար թե լուծվի։ Իշխանափոխության հարցն այդ ձևով կդիտվի սահմանադրության խախտում, որը կձախողվի։ Պահպանելով անաչառության սկզբունքը, կարծում ենք, որ այս պահին մեր ժողովրդի շահը պահանջում է համախմբվել արցախահայության պահպանման շուրջը, որն արդեն բարդ խնդիր է, ուժերը միավորել հանուն հաղթանակի, որովհետև մենք կարծես թե վերջին ժամանակներս շատ ծնկի եկանք մի անձի առաջ, որի նախնիները միշտ մեր առջևից փախել են հևասպառ, ապա՝ նոր դնել իշխանության խնդիր։ Ներքին ճակատ բացելը, անկախ իշխանությւոնների հանդեպ մեր վերաբերմունքից, կարող է լինել աղետաբեր։

Մնում է մեկ անգամ ևս ցավով ավելացնել, որ այսօր արդեն դառնորեն ճաշակում ենք այն դավադրության հետևանքների վերջին փշրանքը, որը եղավ ՀՀ առաջին նախագահի դատապարտելի գահընկեցությունից հետո։

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի  ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյան․