«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՊԿ –ԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ. ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

30/09/2020

Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմն ընթացքի մեջ է: Այդ պատերազմին առնչվող մեր երեք վերլուծականներում, որոնք առկա են մեր վերլուծական կենտրոնի պաշտոնական սույն կայքում (generalnews.am), մենք հիմնականում հետևյալ տեսակետներն ենք զարգացրել՝ ա. Ադրբեջանն այս պատերազմին գնացել է՝ փորձելով կայծակնային պլանով հենց առաջին օրը խորանալ Արցախի տարածքում՝ գրավելով այն, բ. Նրա պլանները ձախողվելու են և Ալիևը շուտով միջնորդներ է փնտրելու՝ զինադադարի համար, գ. Անհրաժեշտ է չբավարարվել հին սահմանագծի վերականգնամբ, այլ՝ անցնել առաջ, մինչև որ թշնամին սպիտակ դրոշ կպարզի, դ. Այս պայմաններում որևէ հշանակություն չունի, Հայաստանը կճանաչի ԱՀ անկախությւոնը, թե ոչ, որովհետև դիվանագիատական դաշտն այլևս չի գործում: Այն վերստին կաշխատի, երբ ավարտվի պատերազմը կամ մոտ լինի հաղթական ելքին:   Զերծ մնալով զգացմունքայնությունից և փորձելով դատել ստեղծված ռազմական և քաղաքական կացության սառը վերլուծության հիմամբ, մենք այն կարծիքն ենք հայտնել և շարունակում ենք նույնը պնդել, որ արդեն մենք սկսել ենք հակագրոհը արդեն երկու օր, և այսօր թշնամու շարքերում արդեն առկա է խուճապ: Թուրքական կործանիչների օգտագործումը հենց վկայում է նրանց խուճապի մատնված լինելու մասին: Թուրքերն ավելին անել չեն կարող, եթե չեն առաջնորդվում արկածախնդրական տրամաբանությամբ, այլ՝ այն դատողությամբ, թե ի°նչ վտանգներ կարող է հանգեցնել նրանց հարձակումը Հայաստանի վրա: Այս դեպքում գերտերությունների հայտարարությունը կդադարի ծիսական բնույթ կրելուց, որովհետև Կովկասը պակաս պայթունավտանգ չէ Մերձավոր և Միջին Արևելքից: Այստեղ նույնպես բախվում են նույն շահերը, այստեղով են անցնում տարանցիկ ճանպարհները՝ Արևմուտքն Արևելքի հետ կապող, որոնց վրա նստած են տեղի ժողովուրդները և որոնք քաղաքական շահերի բախման տեսանկյունից ունեն նախընտրելիության տարբերություններ մեծ խաղացողների համար: Այս ամենի հետնախորքի վրա այս օրերին շատերի հայացքն է ուղղվում դեպի Ռուսաստանը, մանավանդ հնչում է այն հարցադրումը, թե ինչու Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ երկիր չի միջամտում: Ընդհանրապես ջերմ են միշտ մեր զգացմումնքմներն այս տերության նկատմամբ, որը երբեք մեզ հետ անկեղծ չի եղել: Շատերն են նրան համարել զսպաշապիկ թուրքերի համար՝ Արաքսն անցնելու հարցի հետ կապված: Բայց Ռուսաստանը երբեք մեր հետ անկեղծ չի եղել և չի լինի: Նա մեզ թուրքերով վախեցնելով նպաստել է, որ իր փեշից պինդ բռնենք, այ դեպքում, երբ 100 տարի առաջ ահավոր ձևով վերջինիս հետ բաժանել է Հայաստանը: Այս ծավալուն պատերազմում Ռուսաստանն, ինչպես արդեն շեշտել ենք, գոնե որպես մեր դաշնակից, այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանին, այլ, ինչպես մյուս խաղացողները, բանակցությունների դաշտ վերադառնալու և կրակը դադարեցնելու կոչ արեց երկու կողմին էլ: Գոնե որպես ՀԱՊԿ երկիր, նա պարտավոր էր գեթ այս անել: Բայց չարեց: Այժմ արդեն քննության առարկա է դարձել այն հարցը, թե ինչու չի միջամտում պատերազմին: Պատասխանը հայտնի է՝ պետք է ՀՀ – ն դիմի: Բայց մեր վարչապետը հայտարարեց, որ չի դիմելու, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա, և մեր ուժերը բավարար են: Կարծում ենք, որ միանգամայնորեն ճիշտ  և հիմնավոր է վարչապետի  դիրքորոշումը: 102 – րդ բազայի ուժերին դիմելու կարիք ամենևին չկա, ավելին՝ նույնիսկ նպատակահարմար էլ չի: Այլ հարց է, որ Ռուսաստանի չեզոքությունը քննադատելով՝ կարող ենք ճշտել նրա երկդիմի վերաբերմունքը, որն  արդեն պարզ  արտաբերվում է նրա կողմից, այսինք՝ բարոյական առումով նրա ոչ ճիշտ պահվածքը, բայց քաղաքական առումով նա մեկ անգամ ևս ապացուցեց, որ իր շահերը, մանավանդ նավթային, կապված Ադրբեջանի հետ, այդ են թելադրում: Վերջապես սա պետք է մեզ արդեն բնական թվա և այլևս չզարմանանք ու չապավինենք նրան: Իսկ վարչապետի հայտարարության ճշտությունը հետևյալով է  հիմնավորվում.

  1. 102 –րդ բազայի զինուժին դիմելը մեր մեջ կարող է նորից խարխլել այն համոզմունքը, որ սեփական ուժերով էլ կարող ենք ծնկի բերել թշնամուն, ինչն արդեն գործնականում անում ենք:
  2. Եթե մեր դիմումի հիմամբ Ռուսատանը գնա դրան, ապա՝ հետագա իրադարձություններում կլինի թելադրողը և մենք կկրոցնենք հաղթանակի պտուղները կամ լիովին չենք ճաշակի դրանք, իսկ որպես թելադրող կողմ նա երբեք չի պահի մեր շահերը:
  3. Ռուսատանը, եթե միջամտի, ապա դա կանի միայն այն դեպքում, երբ զգա ռեալ վտանգը Թուրքիայից, որն այսօր  հայտարարելով որ Ադրբեջանի կողմն է և գործնականում  օգնելով նրան՝ դեռևս չի կպնում Ռուսատանի զգայուն կողմին, չի անցնում Արաքսը և չի անցնելու: Թե ինչու°, պատճառների մասին շատ ենք խոսել:
  4. Ռուսական զինուժի մասնակցությունն այսօր արդեն լրիվ ավելորդ է, մանավանդ, որ դատելով միայն պաշտոնական լրահոսից, մենք առաջ ենք գնում և ամենևին կարիքը չկա հաղթանակի բաժակն ըմպելուց քո կողքին ռուս զինվորի լինելու և նրա հետ կիսելու այն փառքը, որը կոչվում է հաղթանակի փառք և որը մի տեղ ունի իջնելու՝ մեր զորահրամանատարության և զինվորների  ուսերին:

Նախկինում, երբ երկու կողմերն անպտուղ բանակցությունների մեջ էին, որոնք միշտ զուգորդվում էին զինադադարի խախտումներով և անիմաստ զոհերով սահմանի վրա, մենք այն կարծիքն ենք երբեմն արտահայտել, որ եթե զենքով չենք ստիպում թշնամուն սպիտակ դրոշ պարզել, ապա խաղաղությունը կարող է հնարավոր լինել միայն  փոխզիջումներով: Այսօր առաջ ենք շարժվում և հաղթականորեն, ուրեմն՝ չստիպենք ռուսները բիծ բերեն մեր քաջերի արյամբ կերտվող հաղթանակի վրա և նրա հետ կիսենք դրա պտուղները: Ոչ մեկը չի կարող պնդել, որ նա կռվել է մեզ համար երբևէ: Այդ մենք ենք ենք նրա կողքին կռվել՝ շարունակաբար խաբվելով: Խնդրեմ, թող որևէ մեկը փորձի հիմնավոր ժխտել այս անողոք պատմական ճշմարտութունը: Ուրեմն եզրակացությունը մեկն է՝ ռուսներին դիմելը նպատակահարմար չի:

 

Աշոտ Ներսիսյան

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր