«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այգեւանի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվել է պատերազմում զոհված Վահան Աղախանյանի անունով

04/02/2022

Արմավիրի մարզի Այգեւան գյուղի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվել է 44-օրյա պատերազմում հայրենիքի համար իր կյանքը զոհաբերած Վահան Աղախանյանի անունով։

NEWS.am-ի հետ զրույցում Վահանի քույրը՝ Էլյան պատմեց, որ դասասենյակի անվանակոչության արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 4-ին։ Ներկա են եղել Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, դպրոցի ուսուցչական անձնակազմը, Վահանի ընտանիքի անդամներն ու նրա ընկերները։

Վահանը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հունվարի 13-ին։

«Ծառայության ավարտին 4 ամսից էլ քիչ էր մնացել, բայց սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Մարտակերտում էր եղբայրս ծառայում, կռվի ժամանակ էլ էր էդտեղ։ Հաճախ էինք խոսում հետը ու տպավորություն էր, որ պատերազմ չկա, մենք էստեղ դրա մասին լուրեր ենք կարդում, բայց էնտեղ կռիվ չկա։ Ասում էր` էստեղ կռիվ չկա, շատ զուսպ ու ոգեւորված էր, շատ հանգիստ էր խոսում, մորս վստահեցնում էր, որ կռիվ չկա, սովորական առօրյայից էր պատմում։ Վերջին անգամ զրուցել ենք դեպքից առաջ՝ հոկտեմբերի 12-ի երեկոյան, էլի շատ բարձր տրամադրություն ուներ, հորս ասել էր, որ պառկած է, հանգստանում է»,- պատմեց Էլյան եւ հավելեց, որ եղբայրը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։

Վահանը տան չորրորդ զավակն էր, ավագ քույրերի՝ հերոս եղբայրը։

Նա դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարան, հետո զորակոչվել բանակ։ «Շատ ոգեւորված էր ծառայությամբ, իրենից հետո բանակ զորակոչվող ընկերներին համոզում էր, որ բանակում շատ լավ է, պետք է անպայման ծառայել»,- պատմեց Էլյան։

Ավելի վաղ էլ Այգեւան գյուղի 3-րդ փողոցը եւ դպրոցի հարեւանությամբ պուրակն էր անվանակոչվել Վահան Աղախանյանի անունով։ Արցախի նախագահի հրամանագրով, Վահանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։